Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այսօր իրանահայ կինոգործիչ Արմանի ծննդյան 100-ամյակն է

Փետրվար 22,2021 23:59

Այսօր՝ 22 փետրվարին, Իրանի կինոյի և իրանահայ թատրոնի նշանավոր գործիչ Արամայիս-Արման Հովսեփյանի ծննդյան 100-ամյակն է։ Կինոյի և թատրոնի անվանի դերասան, հետագայում  նաև կինոռոժիսոր Արմանը դերեր է մարմնավորել ավելի քան 54 կինոյում։ Արմանն իր դերասանական աշխատանքն սկսել է իր ծննդավայր Թավրիզի պատանեկան՝  ապա նաև Թեհրանի երիտասարդական թատերական խմբերում․ նա մասնակցել  է «Նամուս», «Գիքորը» և «Եվգինե» երկրների բեմադրության։ Արմանը Իրանի կինոասպարեզ է մտել հռչակավոր կինոռեժիսոր Սամվել Խաչիկյանի «Դարձ» ֆիլմով (1950 թ․), որն իր համար մեծ հռչակ է բերել։ Հետագայում դերեր է խաղացել նույն ռեժիսորի ոճրային ժանրի ֆիլմերում՝ «Սարսափը», «Հարված», «Մեկ քայլ մինչև մահ» և այլն։ Հայ կինոաստղը 1955 թվականին «Փորձանքների քառուղի» ֆիլմի իր դերակատարման համար արժանացել է Իրանի տարվա լավագույն տղամարդ դերասանի մրցանակին։ 1965 թվականին արտադրել է իր հեղինակած ֆիլմը՝ «Ծովահարս», իսկ 1972 թվականին մարմնավորել է Արբի Հովհաննիսյանի ստեղծած «Աղբյուր» (Հեղնար Աղբյուր) ֆիլմի գլխավոր դերակատարի դերը։

Արվեստագետ Անահիտ Չթչյանն անվանի դերասանի մասին գրում է ․

«Արմանի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերի քանակը նույնպես նրա պրոֆեսիոնալիզմի հաստատումն է։ Իր համեմատաբար կարճ կյանքի ընթացքում արսիստը նկարահանվեց հիսունչորս ֆիլմում՝ քսանվեց տարի շարունակ։ Հազվագյուտ ցուցանիշ ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի դերասանի համար։ Այսպիսով, կինոարվեստի աշխարհում Արմանը հասավ մի բարձրունքի, որը, նրա անսովոր ունակություններից բացի, պայմանավորվեց մի շարք այլ հանգամանքներով ևս։ Հայերը կանգնած լինելով իրանյան կինեմատոգրաֆիայի ակունքներում, տարիների ընթացքում գրավեցին ազդեցիկ դիրքեր կինոյի բոլոր ասպարեզներում»։

Թատրոնից կինոյի ասպարեզ անցած մեծ դերասանը 1980-ական թվականներին ճակատագրի բերումով դարձյալ վերադարձավ թատրոնի ասպարեզ։ Իրանի իսլամական հեղափոխության պատճառով երկրի կինոստուդիաները երկար ժամանակ փակ մնացին և Արմանը այդ ընթացքում իր հայ անվանի դերասան, ռեժիսոր ու թատերական գործիչ ընկերների հետ հայ մշակութային միություններ վերադարձավ։ Այս առթիվ իրանահայ համայնքի պատմության գիտակ Գասպար Ամիրխանյանը գրում է․ «Արմանի կենսագրության կարևոր բաժինը, կապված է իրանահայ թատրոնում նրա ունեցած դերակատարությանը, մասնավորաբար իր կյանքի մայրամուտին։ Իրանում ծայր առած հեղափոխության հաղթանակով, դադարեցվեց կինոյի մեծ թվով դերասանների գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Արմանը, Սամվել Խաչիկյանը, Հովյանը, Հայրիկ Մինասյանը և մի շարք այլ թատերական գործիչներ, ժամանակի ազգային-հասարակական գործիչ՝ Հրայր Խալաթեանի անմիջական մասնակցութեամբ, հիմնադրեցին «Հայ Ժողովրդական Թատրոն» ընկերությունը, որը նպատակ ուներ ինքնուրույն աշխատանքով զարգացնել հայ թատրոնը։

Այդ նպատակով նրանք իրենց հնարավորություններով, կահավորեցին Թեհրանի հայոց «Նայիրի» դահլիճը և սկսեցին բեմադրությունների շարան։ «Գիքորը», վերջին բեմադրությունն էր, որտեղ, իր ինքնատիպ խաղարկությամբ ներկայացավ Արմանը և հակառակ իր առողջական խնդիրներին, տասնյակ գիշերներ, որոշ դեպքերում անգամ սրսկումների օգնությամբ՝ բեմ բարձրացավ և տասնյակ գիշերներ, լեփ֊լեցուն դահլիճում, իր գերազանց խաղարկությամբ, գերեց հանդիսատեսին։ Ավաղ այդ ներկայացումը նրա կյանքում եղաւ վերջինը»։

Հարգանք նրա անմոռաց հիշատակին։

Տիգրան Դավուդյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728