Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած ու գերի ընկած զինծառայողների ծնողները համոզված են՝ երկրում տեղի ունեցող անկայուն իրավիճակը խոչընդոտում է իրենց երեխաների վերադարձին

Մարտ 02,2021 17:38

«Եթե այս երկրում ցույցեր չանեն եւ ողջ ուժերը կենտրոնացնեն մեր երեխաներին գտնելու ուղղությամբ, որոնողական աշխատանքներն արդյունք կտան: Թող գտնեն մեր երեխաներին, հետո ինչ ուզում են՝ անեն, ուտեն իրար: Թողե՛ք մեր երեխեքին գտնենք պարոնայք աթոռակռիվ անողներ»,-այսօր կառավարության շենքի առաջ ասում էին անհայտ կորած եւ գերի ընկած զինծառայողների ծնողները:

Նրանք կրկին բողոքի ցույց էին անում՝ պահանջելով առաջնահերթ համարել գերիների եւ անհետ կորած զինծառայողների խնդիրները:
Նրանց խոսքով, երկրում տեղի ունեցող ցույցերն ու անկայուն իրավիճակը խոչընդոտում են որոնողական գործընթացին: Ծնողների խոսքով, մինչ այժմ միայն խոստումներ են լսում, գործնական քայլեր չեն տեսնում:

Անհետ կորած զինծառայողի ծնող Արսեն Ղուկասյանն ասաց, որ այսօրվանից վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ըստ նրա, դադարեցման պատճառը, ոչ թե եղանակային վատ պայմաններն են եղել, ինչպես հայտարարել է արտգործնախարարությունն, այլ՝ գործընթացը կասեցվել է ներքաղաքական իրավիճակով պայմանավորված: Ծնողն ասաց, որ այդ տեղեկությունն իրեն նեղ շրջանակներից են ասել:

Ըստ Արսեն Ղուկասյանի, երբ ընդդիմությունը տեւական ժամանակ ցույց չէր անում՝ այդ ընթացքում 59 գերի է բերվել, 160-ից ավելի էլ մարմին է հայտնաբերվել. «Այդ ամենը կատարվել է ոչ ցույցեր եղած ժամանակ, այսինքն՝ աշխատանք կատարվել է, արդյունքն էլ կա: Քիչ է, շատ է՝ կա: Բայց բոլոր պրոցեսները կանգնեցին այս ամեն ինչի երեսից»:

Ծնողները հիշեցրին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հավաստիացումները, թե լիազորություններ ունենալու պարագայում երեք օրում կլուծի գերիների հարցը. «Սա այն խնդիրն է, որ կառավարությունն ընդդիմության հետ, ով ունի նման հնարավորություն, կամ գուցե ձեւացնում են, որ ունեն, ես չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ այդ մարդու հնարավորությունները, պետք է ձեռք-ձեռքի բռնեն եւ այդ հարցը լուծեն, այլ ոչ թե պետք է քեն քշեն մեկը մյուսի նկատմամբ: Բոլորին խնդրել ենք՝ կլինի ընդդիմություն, գողական, բիզնեսմեն, բոլորին, ով ինչ հնարավորություն ունի՝ պիտի ներդնի»:

Մեկ այլ ծնող էլ ասաց. «Վանեցյան Արթուրն ասաց՝ երեք օրում ես գերիներին կբերեմ: Դու բեր, մենք էլ կասենք՝ դու էս երկրին օգտակար մարդ ես, բայց քանի չի բերել, թող ստից չխոսի ու իշխանության համար մեր վերքի հետ չխաղա: Թող ասի՝ այսքան գերի եմ բերել, այսքան ձայն եմ ուզում, մենք էլ կտանք»:

Կառավարությունից ծնողների բողոքի ցույցին արձագանքեցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընդունել: 20 հոգուց բաղկացած ծնողների խումբը ցուցակագրվեց՝ կառավարություն մտնելու: Ծնողներն իրենց հետ բերել էին իրենց որդիների լուսանկարները, որպեսզի որոնողական աշխատանքներին օժանդակեն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031