Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քաղցր բառը՝ իշխանություն

Մարտ 14,2021 22:45

Համաշխարհային ողջ պատմության ընթացքում՝ սկսած նախնադարյան կարգերից, վերջացրած ժամանակակից հանրապետական կառավարման համակարգից, բոլոր իշխանության հասած գործիչները սևեռվել են իրենց իշխանությունը հնարավորինս երկարացնելու մոլուցքով։

Այո, պատմությանը հայտնի են առանձին դեպքեր, երբ որևէ գործիչ ոչ միայն չի ցանկացել շարունակել մնալ իշխանության, այլև ի սկզբանե  հրաժարվել է դրանից։ Սակայն սրանք բացառություններ են ընդհանուր օրինաչափության մեջ։ Ուղղակի ժամանակակից, քաղաքակիրթ երկրներում օրենքներով և ավանդույթով, իշխանության եկած անձը թեկուզ դժկամությամբ, ստիպված  լքում է պաշտոնը։ Այժմ չեմ ցանկանում անդրադառնալ նույն համաշխարհային պատմության առանձին դեպքերին, այլ ներկայացնել նորանկախ  Հայաստանի  30-ամյան պատմությունը։ Ցավոք, Հայաստանում չստեղծվեց վերը նշված պետական մտածողության ավանդույթ։

1991 թ․ ընտրվելով Հայաստանի նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես չէր պատրաստվում հեռանալ իշխանությունից։ Նրա ղեկավարությամբ կեղծվեցին 1995 թ․ խորհրդարանական և  1996 թ․ նախագահական ընտրությունները։ Չնայած ըստ ՀՀ Սահմանադրության նույն անձը չէր կարող երկու անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի թեկնածու, 1997 թ․ ասուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Եթե ժողովուրդը խնդրի, ապա 2001թ․ ընտրություններին կմասնակցեմ»։

Պարզ է, նա կդիմեր Սահմանադրական Դատարան (ՍԴ) և ՍԴ-ն որոշում կկայացներ, որ քանի որ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ․, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական առաջին ժամկետը չի հաշվվում։

Սակայն, 1998 թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական տվեց։ Կարո՞ղ էր Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարել և չհանձնել իշխանությունը։ Կարծում եմ՝ կարող էր, բայց ամեն դեպքում նա նախընտրեց հեռանալ, բայց չկործանել պետությունը։

Հայաստանի հաջորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես դարձավ նախագահ երկու անգամ նախագահական ընտրություններ կեղծելով։ Ցանկանո՞ւմ էր նա նույնպես մնալ իշխանության։ Համոզված եմ՝ այո։ Նա նույնպես կարող էր դիմել ՍԴ, վկայակոչելով 2005թ․ սահմանադրական փոփոխությունները։ Սակայն կարծում եմ նա գնաց այլ ճանապարհով, հուսալով շարունակել իր իշխանությունն արդեն վարչապետի պաշտոնում։ Այդ նպատակով ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանը»։ Ինչևէ, նա նույնպես հեռացավ իշխանությունից, վտանգի տակ չդնելով պետությունը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես նախագահական երկու կեղծված  ընտրությունների արդյունքում տասը տարի իշխանության ղեկին էր։ Իշխանությունը հավերժացնելու համար նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ և արդեն այսպես կոչված խորհրդարանական համակարգում դարձավ վարչապետ։ Սակայն 2018թ․ նա հրաժարական տվեց,և ինչպես իր նախորդները պետականությունը նախընտրեց իր իշխանությունից։

Եվ վերջապես, 2018 թ․ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Նրա շուրջ երեք տարվա իշխանության տարիներին Հայաստանը բոլոր առումներով ձախողվեց, իսկ արցախյան պատերազմի պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի կորուստը, բերել են Հայաստանի լինել-չլինելու հարցին։

Եթե սրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի նախորդ երեք ղեկավարները, մեկն ավելի շատ, մյուսն ավելի քիչ, հարգանք էին վայելում միջազգային ասպարեզում, իսկ այժմյան վարչապետն արհամարհված  է բոլորի կողմից, ապա պատկերն առավել ամբողջական կլինի։

Եվ այս պայմաններում, ի տարբերություն Հայաստանի երեք նախորդ ղեկավարների, այսօր ունենք մի անձնավորություն, ում համար սեփական իշխանությունը վեր է Հայոց պետականությունից։ Նա պատրաստ է  հայրենակիցների արյուն թափել, կործանել պետությունը, դառնալ օտարների խամաճիկ, բայց չհեռանալ իշխանությունից։

Եվ նորից, ներեցեք, համաշխարհային պատմությունից․ չի եղել, այո՝ չի եղել  դեպք, երբ պատերազմը տանուլ տված, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնած որևէ երկրի ղեկավար շարունակի մնալ իշխանության։ Եվ սա դեռ քիչ է, դեռ նա ունենա աջակիցներ և պաշտպաններ։ Իսկ ամենասարսափելին անտարբերներն են։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ․Գ․ Ընթերցողներին հիշեցնեմ, որ ինքս անխնա քննադատել եմ Հայաստանի բոլոր երեք նախագահներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031