Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի դեմ գործերով վարչապետն էլ ներգրավվում է որպես երրորդ անձ

Ապրիլ 07,2021 13:00

Ի՞նչ հայցեր կան ՀՀ նախագահի դեմ

ՀՀ նախագահի դեմ վարչական դատարանում առկա գործերով դատարանը հարկ է համարում պարբերաբար հիշեցնել. «Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար»։

Նշեմ, որ աճել է վարչական դատարանում ընդդեմ ՀՀ նախագահի հայցապահանջների թիվը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին քաղաքացին դիմել էր դատարան՝ ՀՀ նախագահի դեմ: Պահանջը մեկն էր՝ Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու եւ հայցվորի քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին հրամանագիր կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Դատարանը մի անգամ վերադարձրել էր հայցադիմումը ժամկետների խախտման հիմքով:

Հայցվորի ներկայացուցիչը դիմել էր վերաքննիչ բողոքով դատարան, որը բավարարվել էր: Դատարանը որոշել էր՝ վերացնել վարչական դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը եւ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը եւ ընդունել էր վարույթ:

Այս գործով դատարանը գտել էր, որ քննությանը պետք է մասնակից դարձնել նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով կարող են շոշափվել վերջինիս իրավունքները եւ պարտականությունները:

Դատարանն անհրաժեշտ էր համարել Հայաստանի նախագահի աշխատակազմից պահանջել դատարանին ներկայացնելու ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ քաղաքացու դիմումը մերժելու մասին հրամանագիրը եւ այն արձակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:

Այս գործի առանձնահատկությունն այն է, որ հայցվորը միջնորդել է նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց եւ արգելել պետական համապատասխան մարմնին` հայցվորին ժամկետային զինծառայության նպատակով զորակոչել մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Դատարանում առկա են ՀՀ նախագահի դեմ տասնյակ դիմումներ քաղաքացիությունը դադարեցնելու պահանջով: Այս տարվա փետրվարի 23-ին մեկ այլ քաղաքացու փաստաբան-ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ՀՀ նախագահի դեմ` ՀՀ նախագահին՝ իր վստահորդի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր ընդունել պարտավորեցնելու, մասնակիորեն՝ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջներով:

Ըստ դատարանի, այս գործում առկա նախագահի հրամանագրի քաղվածքի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ քաղաքացու դիմումը մերժվել է անցյալ տարվա հուլիս ամսին, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացվել այս տարվա փետրվարի 23-ին, այսինքն, հայցվոր կողմը բաց է թողել վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը, իսկ հայցադիմումին կից չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Մի հետաքրքիր «բացահայտում» էլ արել էր հայցվորի օրինական ներկայացուցիչը, հայտարարելով, որ անցյալ տարվա հուլիսի դատական ակտը իրենք ստացել են այս տարվա փետրվարի հինգին:

Դատարանը կողմին «հուշել» էր, որ հայցադիմումը կրկին ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը կդարձնի քննարկման առարկա:

Այս կարգի գործերը գերանձնական տվյալներ են պարունակում, սակայն հենց նման գործերով են արտառոց իրավախախտումներ տեղի ունենում:

Չնշելով հայցվորի անուն-ազգանունը, նշեմ, որ առկա է բողոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում վարչական ակտ չընդունելու հետեւանքով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան հրամանագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Այս տարվա մարտի տասին վարչական դատարանը վարույթ ընդունելու որոշում կայացրեց Տիրան Խաչատրյանի գործով: Վերջինս հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետեւաբար, այն պետք է ընդունել վարույթ:

Դատարանը հղում էր կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-ին մասին, համաձայն որի՝ «եթե դատական ակտը անխուսափելիորեն եւ ուղղակիորեն տարածվելու է նաեւ որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ»:

Հաշվի առնելով, որ այս գործով վիճարկվում է ՀՀ նախագահի 24.02.2021 թվականի թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը, որով Տիրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբին սույն գործով դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավելու հիմքերը: Ապրիլի 29-ին նախնական դատական նիստն է նշանակվել:

Զինված ուժերից մեկ այլ նոր հայց էլ կա. մարտի 24-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Կարեն Առտամյանը՝ իրեն 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի ՆՀ-288-Ա հրամանագիրը վերջինիս տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: ՀՀ նախագահից բացի, այս գործով վարչապետն էլ ներգրավված է որպես երրորդ անձ:

Գործը Արծրուն Միրզոյանի մոտ է: Դատական նիստը դեռ չի նշանակվել:

ՀՀ նախագահի եւ վարչապետի դեմ դատական հայցեր կան նաեւ օտարերկրացիներից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ նրանց դիմումները մերժվել են եւ պահանջը մեկն է. բավարարելու մասին վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին։

Նորմալ վերլուծաբանների աչքից չի վրիպի, թե հատկապես որ երկրներից եկած եւ քաղաքացիություն պահանջող անձանց թիվն է կտրուկ աճել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930