Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծովահենը». կինոպատկերներով եւ հեգնանքով հագեցած վիպակը

Ապրիլ 24,2021 13:00

«Ծովահենը» ստեղծվեց անձրեւոտ ու մռայլ ապրիլյան շրջանում, 2019 թվականին։ Ստեղծվեց ակնթարթային, հանկարծակի։ «Հիշում եմ՝ հերոսների հոգեբանական նկարագիրը զարգացրեցի մետրոյում, ժետոն գնելիս, իսկ տեսարանները` տուն գնալու ճանապարհին։ Այդ օրը շատ լարված էի, տխուր, օրերը միապաղաղ էին, տրամադրությունս` մռայլ։ Մի կողմից քննական շրջանները, մյուսից` դիպլոմային աշխատանքի հանձնումը»,-ասում է գրքի հեղինակ Հասմիկ Կարապետյանը։

«Ծովահենը» վերնագրով եւ կառուցվածքով այլ էր, հետո միայն Հասմիկը փոփոխեց ամեն ինչ` հաշվի առնելով դիպլոմային աշխատանքի հանձնման հարիր պահանջները։ Երբ ձեւավորում էր գրքի հերոսներին, մտածում էր, որ նրանց երբեք չեն ընդունի, չեն սիրի այնպես, ինչպես ինքն էր սիրում այդ ժամանակ, չեն ների նրանց մեղքերը եւ չեն թույլատրի թափանցել իրենց ներաշխարհ։ Միայն հետո, երբ ապրիլի 1-ին տեղի ունեցավ «Ծովահեն»-ի շնորհանդեսը եւ մի քանի օր հետո ստացավ բազմաթիվ նամակներ ընթերցողների կողմից, որտեղ արտահայտում էին իրենց դրական վերաբերմունքը, սերը` հերոսների եւ ժանրի հանդեպ (ժանրով թրիլեր է), հեղինակը հասկացավ, որ այնուամենայնիվ սխալվում էր։

«Վիպակը ժանրով թրիլեր է, որը չի զիջում հասարակ սարսափին։ Գլխավոր հերոսուհին Էնջլ մականվամբ «ծովահենն» է, որը բաց ծով դուրս գալով` պայքարում է դավաճանության, ցավի դեմ։ Երբեմն նաեւ ինքն իր հետ։ Կորստի գաղափարը, որը թրիլերի հիմնակմախքն է, մշտապես նրա կողքին է, ինչպես ծովահենի ուսին նստած թութակը։ Սկզբում Էնջլը կորցնում է ընտանիքի սերը, հետո` սիրած տղային` Ոսկի Տղային (վիպակում հերոսները մականուններով են ներկայացված։ Ավարտելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի սցենարադրամատուրգիական բաժինը եւ ուսումնասիրելով հերոսների ստեղծման կերպարային կառուցվածքը` գիտեի, որ հիշվող կերպարներ ստեղծելու համար հարկավոր է որեւէ հետաքրքիր եւ գրավվող բան ու… վստահ էի, որ նրանց է՛լ ավելի շատ կսիրեն ու կհիշեն, եթե նրանց մականուններ տամ, որը կբնութագրեր նրանց հոգեմտածողությունը), հետո մոտ ընկերոջը՝ Սկորսեզեին, որը վիպակի երկրորդական հերոսներից է (ի դեպ, որոշ ընթերցողների մոտ տպավորվել էր հե՛նց Սկորսեզեի անմիջական, ցինիկ կերպարը)»,-մանրամասնում է զրուցակիցս։

Վիպակը հագեցած է հեգնանքով, կինոպատկերներով։ «Չեմ թաքցնի, տեսարանները ստեղծելուց առաջ հենց կինոպատկերային տարբերակով եմ ստեղծել»,-ասում է Հասմիկը։

Անդրադառնալով վերնագրին՝ հեղինակը նշեց, որ ծովահենը այլաբանական բնույթ ունի, այն նկարագրում է գլխավոր հերոսուհու հոգեկան կարդիոգրաման՝ խաղաղ նավավարից` կողոպտող ծովահենի ադապտացիան։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930