Լրահոս
Օրվա լրահոսը

Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենը ցեղասպանություն բառը կօգտագործի. Էդմոն Մարուքյան

Ապրիլ 24,2021 11:44

«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենը ցեղասպանություն բառը կօգտագործի։ Ավելի շատ բարոյական մակարդակում է Միացյալ Նահանգների նախագահն այդ քայլն անելու»,-այսօր «Ծիծեռնակաբերդի» բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանություն բառի գործածման դեպքում կարելի է համարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջությամբ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

«Մեկ տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ճանաչեցին ու դատապարտեցին ցեղասպանությունը։ Մեր դեսպանատներն, ինչպես աշխատել են, այնպես էլ աշխատում էին ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ պրոցեսը երբեւէ չի դադարել, բայց դա միայն Հայաստանի կառավարության պայքարը չէ, այլ նաեւ սփյուռքի կազմակերպությունները մեծ դերակատարություն ունեն այստեղ։ Սա համազգային խնդիր է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա համոզմամբ, պետք է հզոր պետություն կառուցենք, ինչն այս տարիների ընթացքում չենք արել. «Եթե նախկինում տեղի ունեցածի համար պատասխանատուները պատժվեն, մեր իրավունքները վերականգնվեն, մենք կկարողանանք կանխել ապագայում մեր նկատմամբ կազմակերպված ցանկացած ոճրագործություն։ Նախորդ տարվա պատերազմն ինձ համար ցեղասպանության շարունակությունն էր, որովհետև նույն խաղացողների կողմից կազմակերպված բան էր, ինչ 106 տարի առաջ։ Այն ժամանակ չենք ունեցել պետականություն, հիմա ունենք, եթե ընդհանրապես չունենայինք միգուցե այլ արհավիրք ունենայինք, բայց արդյունավետ պետություն էլ չունեինք, որ հաղթեինք։ Պետք է կառուցել հզոր եւ արդյունավետ պետություն, որտեղ ամեն ինչ արվում է հանուն մարդու, եւ որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930