Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իր տեղը լինեի՝ հետ կվերցնեի հայցադիմումը, հո դատի տալով չի». Մարուքյանը իրեն դատի տված Փաշինյանին

Նոյեմբեր 23,2026 17:54 Share
Աջակցեք aravot.am-ին

«Չէինք սպասում, որ դատարանը կբավարարի, բայց ամեն դեպքում միջնորդությունը շատ հիմնավոր է գոնե վիրավորանքի մասով, ոչ թե զրպարտության։ Վիրավորանքը անձնական երեւույթ է, մարդու ընկալումների հետ կապված։ Գտնում ենք՝ եթե մեկը մեկին դատի է տալիս, ասում է՝ դու ինձ վիրավորել ես, պետք է գնա դատարան, հիմնավորի, ասի՝ ինչից է վիրավորվել։

Օրենսդիրն ի՞նչ է նախատեսել․ վիրավորանքը պետք է հասցված լինի դիտավորությամբ։ Այսինքն՝ այն, ինչ եղել է եթերում, պետք է արված լինի անձին վարկաբեկելու դիտավորությամբ։ Բնականաբար, նման դիտավորություն չի եղել, եղել է քաղաքական խոսք՝ հիմնված փաստերի վրա»,- այսօր Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա շեշտեց, որ ընտրություններից հետո եթերում հայտնել էր՝ տեղամասային հանձնաժողովից իրենց օգտին քվեարկած ձայների քանակի վերաբերյալ տեղեկանք ունենալու մասին, մինչդեռ ԿԸՀ-ում 0 ձայն էր մուտքագրվել։

«Եթե ես սխալ եմ, իմ ուղիղ եթերից հետո ԿԸՀ-ն չպետք է վերականգներ, բայց եթե ես ճիշտ եմ, ԿԸՀ-ն պետք է վերականգներ։ Հիմա ԿԸՀ-ն իմ ուղիղ եթերից հետո 207 ձայն է վերականգնել։ Հետեւաբար, ես ճիշտ էի ասում։ Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վիրավորվել Նիկոլ Փաշինյանը, եւ ո՞րն է զրպարտությունը»,- ասաց Մարուքյանը։

Նա համոզված է, որ իր դեմ ներկայացված հայցը հետապնդում է ազատ խոսքը լռեցնելու նպատակ։

«6 միլիոն դրամ են ուզում, ներողություն են ուզում, չգիտեմ՝ էլ ինչի համար, դա դեռ կտեսնենք։ Ես հուսով եմ, որ դատարանի այսօրվա որոշումը կյանքի կկոչվի, ու Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, կգա դատարան, եւ կհասկանանք՝ ինչու է դիմել դատարան։ Ես իր տեղը լինեի՝ հետ կվերցնեի հայցադիմումը։ Ես կարծում եմ, որ այդ հայցադիմումը պատշաճ հիմնավորված չէ։ Հո դատի տալով չի՞»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել