Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է․ Իրաքում ՀՀ դեսպան

Ապրիլ 24,2021 23:42

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հարցազրույցը Քուրդիստանի Հայրենասիրական միություն կուսակցության PUK media լրատվական գործակալությանը

Հարց 1. Ինչպիսի՞ն են հայ և քուրդ ժողովուրդների ներկա հարաբերությունները։

Հարևան ժողովուրդները դարերի ընթացքում ապրում են միևնույն տարածաշրջանում կամ միևնույն պետությունում կամ տարբեր անկախ պետություններում, և այլն՝ կերտելով իրենց համակեցության պատմությունը, որտեղ կարող է լինել տարբեր իրադարձությունների նկարագրություն։ Կարող եմ միայն հաստատապես ասել, որ թշնամի ժողովուրդներ չեն լինում, առնվազն այն պատճառով, որ որևէ ժողովուրդ պատերազմ չի ցանկանում։ Հայ և քուրդ ժողովուրդները դարերով հանդիսացել են սկզբում որպես դրացիներ, իսկ հետագայում՝ որպես նույն կայսրության քաղաքացիներ: Ի

նչ վերաբերվում է Հայաստանում և ներկայիս Իրաքյան Քուրդիստանում ապրող ժողովուրդներին, ապա կարծում եմ կարելի է նրանց հարաբերությունները գնահատել բարեկամական։ Մեր երկրի վերաբերմունքը Իրաքյան Քուրդիստանին առանձնահատուկ է, և դրա վառ ապացույցն է նաև վերջերս Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության և Հայկական մշակույթի կենտրոնի բացումը Էրբիլում, ինչպես նաև՝ առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք ներկայումս առկա են և զարգանում են։ Հայաստանում ապրում է նաև քրդական համայնք, ինչպես և Իրաքյան Քուրդիստանում առկա է հայ համայնքը, որոնց միջև երբևէ խնդիրներ չեն ծագել, ավելին՝ նրանք ունեն ջերմ և բարեկամական հարաբերություններ։ Կցանկանայի նշել, որ պատմության մեջ երկրորդ քրդալեզու թերթը ՙՙՌյա Թազան՚՚ հրատարակվել է Հայաստանում 1930թ սկսած, իսկ հայկական «Երևան» ռադիոյում առկա է քրդական հաղորդման ժամ, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել Մուստաֆա Բարզանին:

Հարց 2. Ո՞րն է Հայոց ցեղասպանության և քուրդ ժողովրդի նկատմամբ իրականացրած Անֆալի գործողությունների նմանությունը։

Հարցը հետաքրքիր է և պատասխանն էլ շատ պարզ։ Նմանությունները կարելի է գտնել կարծում եմ միջազգային իրավական հարթությունում։

Ինչպես հայտնի է, Ցեղասպանություն տերմինը 1944թ-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Հարկ է նաև նշել, որ երբ Լեմկինին հարցրեցին, թե ըստ նրա ինչ է ցեղասպանությունը, նա պատասխանեց, որ «դա այն է, ինչ պատահեց հայերի հետ»: «Ցեղասպանություն»` «գենոցիդ» տերմինը գոյացել է հունարեն γένος-ռասսա կամ ցեղախումբ և լատիներեն caedo-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ՝ իրավական եզրույթ:

1948թ.-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով։

Կարծում եմ նմանությունը Հայոց ցեղասպանության և Անֆալի գործողությունների միջև առկա են միջազգային իրավական ձևակերպումներում։

Ատելության, ծայրահեղականության, ռասիզմի, այլատյացության և խտրականության դրսևորումները 20-րդ դարի ընթացքում են ցնցել աշխարհը՝ առաջին հերթին թիրախավորելով ազգային փոքրամասնությունները: Ժխտումը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Մերժված արդարադատությունը շարունակում է հետապնդել ցեղասպանությունը վերապրած սերունդներին և խոչընդոտում իրական հաշտեցմանը: Հայերը դա գիտեն իրենց սեփական փորձից: Սա է, որ ընդհանրացնում է բոլոր ցեղասպանական գործողությունները:

Հարց 3. Արդյո՞ք միջազգային հանրությունը հայերի նկատմամբ արդար է, և որոնք են նրա կողմից վերջին գործողությունները ձեր ժողովրդի ցեղասպանության նկատմամբ։

Արդարությունը և դրա ընկալումը, ցավոք սրտի, շատ հաճախ նույնպես քաղաքական ենթատեքստ ունի և տարատեսակ շահեր է հետապնդում։ Շատ երկրներ Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկում են ոչ թե համամարդկային արժեքների անշահախնդիր առաջնահերթություն, այլև՝ որպես խաղաքարտ՝ երրորդ երկրի հետ հարաբերություններ կառուցելու և զարգացնելու ընթացքում։

Միջազգային հանրության սուբյեկտ հանդիսացող տասնյակ երկրներ այսօր պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ հիմնականում պառլամենտական հայտարարություններով։ Այն ճանաչվել է նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը երկար է։ Նշված ճանաչման ձևաչափը իրավական գործառույթներ չի ենթադրում։ Սակայն կան նաև երկրներ, որոնք ճանաչմանը զուգընթաց ընդունել են նաև ժխտողականության վերաբերյալ դատաիրավական կարգավորումներ, որոնց նպատակը ապագայում այլ ցեղասպանությունների կանխարգելումն է։ Ցեղասպանությունը ընդունելով՝ այդ երկրները ոչ են ասում նոր ցեղասպանություններին, որոնք, ցավոք, դեռևս շարունակվում են տեղի ունենալ աշխարհում, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Իրաքի եզդիների հետ՝ 2014թ.-ին՝ Սինջարում։ Ի դեպ, 20-րդ դարասկզբին ցեղասպանության են ենթարկվել նաև Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ նույնպես. հույները, ասորիները, եզդիները, մոլոկան-ռուսները հարյուր հազարներով են սպանվել և տեղահան արվել։

Բոլոր դեպքերում պետք է գիտակցել, որ նույնիսկ Թուրքիայից բացի աշխարհի բոլոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ իրավական հետևանք ունենալ չի կարող: Նման ճանաչումների հետևանքը կլինի բացառապես քաղաքական: Դրանք պարզապես կարող են նպաստել Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունմանը:

Հարց 4. Ի՞նչ հոգեբանական ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա այս հանցագործությունը հարյուր և ավելի տարիներ հետո։ Ինչպե՞ս են ապաքինվել այդ հոգեբանական վնասվածքներից ձեր նախորդ սերունդները։

Բավական ծանր հարց եք տալիս։ Հոգեբանական ազդեցությունը ահռելի է։ Հայրենազրկությունը, տասնամյակներով այն փաստի գիտակցումը, որ մի ամբողջ ժողովուրդ կտրվել է իր արմատներից՝ անմարդկային հանցագործությունների միջոցով, ծանր բեռ է հայի համար։ Արմատներից կտրվելը դա նաև մշակութային ցեղասպանության մասին է խոսքը։ Հայերի ցեղասպանությունը այլ ցեղասպանությունների հետ համեմատած գուցե այն է, որ մենք կրել են ոչ միայն մարդկային և նյութական վնասներ, այլ նաև՝ հայրենիքի մեծ մասն ենք կորցրել, որտեղ ապրել ենք հազարավոր տարիներ։

Եվ այդ ամենի դիմաց չենք ունեցել անգամ բարոյական փոխհատուցում՝ ներողամտության հայցում։ Յուրաքանչյուր հայ այսօր աշխարհում հիշում է իր նախնիների հետ կատարվածը և սերնդեսերունդ վերապրում է այդ ողբերգությունը։ Հայերի արդեն չորրորդ սերունդը սփռված է աշխարհի 100-ից ավելի երկրներում և ամեն տարի ոգեկոչում է իր սրբադասված զոհերի հիշատակը։ Մեր նախորդ սերունդների համար գուցե գոյատևելու և հայ մնալու խնդիրներն ավելի բարդ ու դժվար հաղթահարելի են եղել, քան ներկա սերնդի համար, սակայն ցեղասպանության պատճառած կորուստների ցավը և ողբերգությունը վերհիշելու և վերապրելու տեսակետից, կարծեմ ոչինչ չի փոխվել։ Թուրքիայի իշխանություններն այսօր էլ փորձում են կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը և պահանջում են ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը կպարզի իսկությունը։

Անձամբ ինձ համար պարզելու և հստակեցնելու ոչինչ չկա, թե ինչպես իմ պապիկները և տատիկները, որպես Սասունից, Վանից և Ուրֆայից փրկված որբեր, հայտնվել են Սիրիայի անապատներում կամ Իրաքի անգլիական որբանոցում, որոնք իրենց մեծ ծնողների անուններն անգամ չէին հիշում։
Հարկ է նաև նշել, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև ունի անվտանգության ենթատեքստ: Ճանաչումը և դատապարտումը կարող են լինել դրա չկրկնվելու երաշխիք:

Հարց 5 Ինչու՞ է ներկայիս Թուրքիան ժխտում օսմանցիների ձեռքով կատարված հայկական ջարդերը։

Նշեմ, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ամբողջովին համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» Կոնվենցիայում նկարագրված հանցագործությանը և պարունակում է հանցակազմի բոլոր տարրերը: Գոյություն ունեն Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորող հազարավոր փաստաթղթեր, ականատեսների վկայություններ և բազմաթիվ այլ ապացույցներ:

Հասկանալով պատմական հակափաստարկների սնանկությունը` ցեղասպանության կազմակերպիչներին մերօրյա արդարացնողներից և պաշտպաններից ոմանք իրենց դիրքորոշումը պատմական հարթությունից փորձում են տեղափոխել իրավական հարթություն` բերելով ցեղասպանության գնահատականի դեմ իրավական բնույթի ձևական փաստարկներ: Վերջիններս պնդում են, թե հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, քանի որ դրա իրագործման ժամանակ գոյություն չուներ ցեղասպանություն հասկացությունը, և դրա պատժելիությունը ձևավորվեց միայն Ցեղասպանության մասին կոնվենցիայով: Նրանք հիմնավորում են իրենց տեսակետը այն հանրահայտ իրավաբանական սկզբունքով, որ «օրենքը հետադարձ ուժ չունի»` նշելով, որ Կոնվենցիան չի կարող տարածվել դրանից վաղ կատարված իրադարձությունների վրա: Հետևաբար` «Nullum crimen sine lege» (չկա օրենք, չկա հանցագործություն):

Կասկածի տակ չդնելով «չկա օրենք, չկա հանցագործություն» սկզբունքը` անհրաժեշտ է նշել, որ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներից է միջազգային սովորույթը, որը իրավունքի նորմերի ոչ գրավոր գոյության ձև է: Վերը նշված մոտեցման հեղինակները մոռանում են, որ եթե ներպետական իրավունքում հանցագործության առկայության համար պարտադիր է հանցակազմի` գրավոր ակտով (օրենքով) սահմանված լինելը, ապա միջազգային իրավունքում հանցագործության որակման և դրա համար պատասխանատվության համար իրավական հիմք է ոչ միայն գրավոր ակտը, այլև սովորույթը: Միջազգային սովորույթի առկայության համար պարտադիր է, որ սովորույթը ճանաչված լինի որպես իրավաբանական նորմ («Opinio juris»):

Այս առումով «Opinio juris»-ի առկայության հստակ վկայություն է հանդիսանում և որպես միջազգային հանցագործություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի 1915թ. մայիսի 24-ին Անտանտի պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ պաշտոնական հռչակագիրը, որով նրանք (պատմության մեջ առաջին անգամ, որպես տերմին) Հայոց ցեղասպանությունը որակում էին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և հայտարարում, որ թուրքական կառավարությունը պատասխանատու է իրականացված հանցագործության համար:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգընթաց Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելուն ու այդ գործընթացը կասեցնելուն ուղղված աշխատանքները, որոնք իրականացվում են նոր, ժամանակակից մեթոդներով ու ամենատարբեր ուղղություններով` քարոզչական, դիվանագիտական, քաղաքական, գիտական և հասարակական: Հարկ է նշել, որ հայերի նկատմամբ 1915-23 թթ. իրականացված Ցեղասպանության ժխտումը թուրքական իշխանությունների կողմից սկսվել է բուն հանցագործության ընթացքում, և չնայած Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ բազմաթիվ փաստերի առկայությանը` թուրքական իշխանությունների ժխտողականությունը շարունակվում է մինչև օրս: Թուրքական իշխանություններն իրենց առջև հստակ նպատակ են դրել վերափոխել պատմությունը և վերահսկել Թուրքիայի ապագան, իսկ ակադեմիական շրջանակները քաղաքագետների համար Հայոց ցեղասպանության մերժման վերաբերյալ պնդումներն առաջ մղելու գիտական հարթակ են նախապատրաստում:

Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության գործուն բաղկացուցիչներից է սփյուռքահայ համայնքներում տարվող աշխատանքը, ընդ որում՝ Թուրքիայից տեղափոխված հայերի ակտիվ ներգրավմամբ, ինչը նպատակ է հետապնդում որոշակի հակասություններ առաջացնել ինչպես հայ համայնքների ներսում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը։

Պետք է նաև նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում ունի նաև բարոյական և հոգևոր արգելանքներ, քանզի դրանով կփլուզվի հարյուրամյա կեղծիքի վրա հիմնված ժամանակակից Թուրքիայի պատմությունը:

Ահա թե ինչու է ներկայիս Թուրքիան ժխտում օսմանցիների ձեռքով կատարված Հայոց ցեղասպանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930