Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեզ պետք է ԱԹՍ, դրա համար կգրվեն նոր ծրագրեր»․ ԼՀԿ-ն առաջարկում է հիմնել գիտական կենտրոն

Ապրիլ 29,2021 12:39

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՀՀ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Ըստ օրինագծի՝ առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերական համալիրին կից գիտական կենտրոն, որի աշխատանքը կբխի պետության ու բանակի կարիքներից։ «Նրանք, ովքեր բակալավր ընդունվելիս կկնքեն պայմանագիր եւ կհամաձայնեն, որ հետագա ողջ ներուժը ծառայեցնելու են բանակին, կստանան տարկետում, իսկ մագիստրատուրան եւ ասպիրանտուրան կանցնեն ռազմարդյունաբերական համալիրին կից կենտրոնում։ Օրինակ, եթե մեզ պետք է ԱԹՍ, դրա համար կգրվեն նոր ծրագրեր, կիրականացվի մոդիֆիկացիա։ Այսինքն, առաջարկում ենք ստեղծել հարթակ, որում ողջ գիտական ներուժը կծառայի բանակին եւ պետության շահերին»,-ներկայացնելով օրինագիծը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ուսումնառության ընթացքում նախատեսվում են նաեւ զինվորական պատրաստության հատուկ դասընթացներ, իսկ ուսանողները կստանան կրտսեր սպայական կոչումներ, որպեսզի գիտական ներդրումը կարողանան մարտի դաշտում օգտագործել։ «Այսպես գիտությունը կապվում է ռազմարդյունաբերությունը։ Հատկապես պատերազմից հետո հասկանալի էր, թե որքան կարեւոր է սա։ Օր առաջ այս նախաձեռնությունն ընդունելը բխում է ՀՀ անվտանգության շահերից»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Գորգիսյանը։

«Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց․ «Իմ փորձը ցույց է տվել, որ ԱԹՍ-ների հետ կապված բաներն ուրիշ պետություններից ենք վերցնում։ Եթե ասում եք, որ բուհերում նման բան ունենանք, ավելի ճիշտ չի լինի՞ ռազմական ուսումնարաններում նման ֆակուլտետ բացենք։ Օրինակ` Վազգեն Սարգսյանի անվան ուսումնարանում։ Այդպես արդյունավետ կլինի։ Եկեք ռազմական ուսումնարանները խթանենք, առանց այդ էլ դիմողները քիչ են»։

Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց, որ օրինագծի նպատակն է ստեղծել առանձին գիտահետազոտական կենտրոն, որպեսզի բոլոր բուհերից նրանք, ովքեր պետք են պետությանը, դիմեն․ «Սա չի կարող լինել ռազմական համալսարաններում, որտեղ սպաներ են պատրաստվում։ Խոսքը գիտնականների մասին է, որոնք, օրինակ, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ պետք է առաջարկեն։ Խնդիրները տարբեր են, եւ պետք չի երկուսն իրար հետ խառնել»։

Սասուն Միքայելյանը փոքր-ինչ չհամաձայնեց՝ պնդելով, որ ԼՀԿ-ի առաջարկը հետագայի լուծում է, իսկ այսօր պատերազմը չի ավարտվել, շտապ լուծումներ են պետք։

«Այո, պատերազմը չի ավարտվել, բայց եթե մեր այս առաջարկն անեին 90-ականներին, այսօր պատերազմի ելքը գուցե այլ կլիներ»,-իր հերթին ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ներկայացնելով կառավարության բացասական դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ, ասաց, որ այն խնդիրներ ունի ձեւակերպումների, իրավական որոշակիության տեսանկյունից։ Բացի այդ, նրա խոսքով, զինված ուժերն արդեն իսկ ունեն տեխնոլոգիական (գիտական) վաշտ, որն ունի ներուժ եւ հնարավորություններ, որոնք հասկանալի պատճառներով ոչ միշտ են հրապարակային ներկայացվում։ «Չեմ կարծում, որ եթե գիտական վաշտի երիտասարդներից մեկը ցանկանա գիտությանը նպաստ բերել, կհանդիպի խոչընդոտի»,-նշեց Արման Սարգսյանը։

Ինչ վերաբերում է տարկետմանը, փոխնախարարը փաստեց՝ այն ինչ-որ չափով մտահոգիչ է․ «Ամեն չզորակոչված զինվոր ինչ-որ կերպով խոչընդոտող փաստ է, բայց քոլեջների դեպքում տարկետում արդեն իսկ սահմանել ենք։ Այսինքն, որտեղ եղել են ողջամիտ առաջարկներ, համաձայնել ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930