Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ թաքցնում` մթնոլորտը լավագույնը չէր, եւ մենք որոշեցինք նոր խորհուրդ ստեղծել. ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում

Մայիս 10,2021 14:38

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ցանկություն էր հայտնել հանդիպել ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Նա փորձեց նաեւ պարզաբանել, թե ինչու է ԵՊՀ խորհրդի նոր կազմ հավաքվել:

Acting Minister of Education and Science Vahram Dumanyan meets with the members of YSU Academic Council

«Դեկտեմբերի 24-ին եղել էր վարչապետի որոշում, համալրվել էր խորհուրդը թվակազմով, սակայն, առանց խորհրդի նախագահի: Մեկ ամիս անց երկար քննարկումից հետո գրավոր ներկայացվեց ուղեցույցը կամ առաջարկը, եւ ի վերջո հրավիրվեց խորհրդի նիստ` հունվարի 29-ին, բնականաբար պետք է ընտրվեր խորհրդի նախագահ: Ենթադրությունները գնացին, որ նախարարը մարդ է դրել, սա պիտի լինի, նա պիտի լինի… Շատ բարդ շրջանում ես խնդրեցի, որպեսզի հիմնադրի եւ լիազոր մարմնի բոլոր անդամները ժամանակ գտնեն, մասնակցեն նիստին:

Մեր որոշ գործընկերներ իրենց այդ օրվա ծրագիրը փոխեցին եւ եկան, ներկայացան խորհրդի նիստին, որպեսզի նախագահ ընտրեն: Առաջարկվեցին թեկնածուներ…Իշխանական թեւը թեկնածու չառաջադրեց, այլ բնական ձեւով պաշտպանեց թեկնածուներից մեկին (Հայկազ Նավասարդյանին-Գ.Հ.), պաշտպանվեց այն մարդու թեկնածությունը, որը հանդիսանում է ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան դպրոցի տնօրեն, սակայն խորհրդի նախագահ չընտրվեց:

Եվ, իհարկե, օպերատիվ փոխվեց խորհրդի աշխատակարգը, ասացին` լիազորենք խորհրդի քարտուղարին, որպեսզի ինքը կարողանա նիստ հրավիրել: Այստեղ արդեն հարց կա, որովհետեւ եթե մեկ անգամ կարելի էր այդպես հրավիրել, ինչո՞ւ երկրորդ անգամ չէր կարելի …Նախագիծ էր բաժանվել, որտեղ կային առաջարկներ, հետո նոր պաշտոն ստեղծվեց` խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը զարմանք առաջացրեց, որովհետեւ նման պաշտոն չի եղել ու չկա, այնուամենայնիվ պաշտոնական գրություններում հայտնվել էր նման ստորագրություն»,-ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Ապա հավելեց. «Իրականում խորհրդում մի բան էր քննարկվել, ԵՊՀ պաշտոնական կայքում հոգաբարձուների խորհրդին վերաբերող մասում այլ բան էր գրված: Փաստորեն կայքում դրված փաստաթուղթը չէր ընդունվել խորհրդի կողմից , մթնոլորտն էլ 29-ի նիստի այն չէր, լիազոր մարմնի եւ հիմնադրի ներկայացուցիչների մոտ լավ տպավորություն չէր մնացել:

Ինձանից որպես այսօրվա նախարար, ոլորտի պատասխանատու`իմ գործընկերները բնականաբար պետք է ակնկալեն, որ ես պետք է հարցը կարգավորեմ: Ես չեմ կարող ասել, որ մենք կապ չունենք եւ խորհուրդն ինչ ուզում՝ անում է…Ոչ, մենք ունենք ուղղակի կապ, մենք գործուղել ենք խորհուրդ մեր ներկայացուցիչներին եւ կրում ենք պատասխանատվություն…Նորից եմ կրկնում, մթնոլորտն այնքան էլ լավը չէր, եւ երբ երկրորդ նիստը հրավիրվեց, զարմանալիորեն մի քանի հարց կար օրակարգում, որտեղ բացակայում էր գլխավոր հարցը` խորհուրդը նախագահ չունի:

Դա տարակուսանք առաջացրեց, եւ մարդիկ իրոք ցանկություն չունեին մասնակցելու այդ նիստին, իսկ ես չէի կարող խնդրել, բարոյական ճնշում գործադրել գործընկերներիս վրա, որպեսզի նրանք գային խորհրդի նիստի, որտեղ չկար գլխավոր հարցը… Իհարկե, իմ ընդդիմախոսները կասեին, թե թող գային ու իրենք փոխեին օրակարգը, իհարկե կարող էին գալ, բայց հասկանում եք չէ՞, որ այդ շրջանում մեկը մի մեծ ոլորտի պատասխանատու է, ժամանակի սղություն ունի, գան ժամերով մի բա՞ն քննարկեն… Ասում են՝ սաբոտաժ է, իշխանությունը քանդում է, ավերում է, արհամարհանքով է վերաբերվում մեզ, հեսա մի հատ էլ ենք նիստ անելու եւ այլն…

Ես մտածեցի, որ գոնե մյուս նիստը կընդգրկի նախագահի հարցը, բայց ճշգրիտ նույն օրակարգով հրավիրվեց: Ընդ որում, 2 ամիս ոչինչ չէր արվել… Այո, եւ առաջացավ ցանկություն նոր խորհուրդ ունենալու, որովհետեւ չեմ թաքցնում, մթնոլորտը լավագույնը չէր…Եվ նպատակը ոչ թե փակուղի տանելն էր, տապալելը կամ չգիտեմ ինչը, այլ նոր, ավելի գործնական խորհուրդ ձեւավորելը, ավելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելը ի շահ համալսարանի…

Օրենքի համաձայն` եթե 50 տոկոս եւ ավելին դադարեցնում է իր անդամությունը, խորհուրդը ցրվում է եւ ձեւավորվում է նոր խորհուրդ… Հիմա սկսվեցին տարբեր մեկնաբանություններ` իրավունք ունեն, չունեն եւ այլն… Բայց դա միանձնյա որոշում չէր, նման բաները խորհրդակցվում են մասնագետների հետ: Ի դեպ, մեկ ձայնի խնդիր կար, եւ եղավ անակնկալ, պարոն Գեւորգյանն (ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը-Գ.Հ.) էլ ազատման դիմում ներկայացրեց»:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31