Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողեր տալ, ծնկի գալ, էդ արտահայտությունները ցիվիլ չեն, էլի, ես ծնկի եկած չեմ… ձե՞զ ինչ որտեղ եմ պահում իմ դիրքորոշումը, ինչի՞ եք իմ տուն մտնում». Դումանյանը վիճեց

Ապրիլ 29,2024 16:31

Հայտնել ենք, որ այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները Երեւանի բուհերում ցույց են անում՝ ի աջակցություն Տավուշի եւ Հայաստանի:

ԵՊՀ-ի տարածքում հանդիպեցին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին: Մանուկ Սուքիասյանը նրան հարցրեց՝ մենք սրա՞ համար ենք պայքարել, որ երկիրն այսպես խեղճացած վիճակում տեսնենք. «Սա համարում եք նորմա՞լ, հա՞: Ասենք, ընդդիմությունն իր քաղաքական տեսակետն ունի, դա դնենք մի կողմ, երկիրն էս վիճակի որ հասել է՝ թուրքի առաջ ծնկի եկած, շանտաժով, առանց սահմանագծման կտոր-կտոր տալիս ենք, որ կռիվ չլինի, երաշխիք էլ չկա, որ չի լինի: Տալով՝ պատերազմ կանխվո՞ւմ է ըստ ձեզ»:

Ի պատասխան՝ Դումանյանն ասաց. «Մենք էն ժամանակ էլ, հիմա էլ պիտի որակումներից զերծ մնանք՝ տալով, ծնկի գալով, էդ արտահայտությունները ցիվիլ չեն, էլի: Ես ծնկի եկած չեմ: Մենք ունեցել ենք խնդիրներ, ունենք ու ունենալու ենք: Անխնդիր վիճակ գոյություն չունի բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում»:

Անդրանիկ Թեւանյանը հարցրեց՝ ձեր դիրքորոշումը ո՞րն է: Դումանյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ձեր հետ կիսվեմ իմ դիրքորոշմամբ: Լրագրո՞ղ եք»:

Թեւանյանը զարմացավ. «Ինչի՞, պահում եք ձեր համա՞ր, ձեր տա՞նը»:

Դումանյանի պատասխանը հեգնական էր. «Ո՞նց: Գամ ձե՞ր տանը պահեմ, ձե՞զ ինչ որտեղ եմ պահում, ինչի՞ եք իմ տուն մտնում, իմ տան ներսի կառուցվածքի մեջ խորանում»: Թեւանյանն ասաց, որ կարմիր գծերը չանցնի, Դումանյանն էլ պահանջեց ասել, որ վրիպել է. «Իմ տեսակետն էլ մամուլի իմ հարցազրույցները կարդացեք՝ կիմանաք»:

Վեճը փորձեց հարթել Մանուկ Սուքիասյանը: Նա հարցրեց, թե ո՞րն է այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում իր դիրքորոշումը՝ Դումանյանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումն է՝ ամեն մարդ պիտի իր գործը լավ անի: Ես, ինչպես միշտ, եղել եմ համալսարանական, շարունակում եմ մնալ»:

Ըստ Դումանյանի, երկրում լիքը խնդիրներ լուծվել են, լիքը խնդիրներ էլ դեռ կան, որ պիտի լուծվեն:

Հեռանալիս Թեւանյանը հորդորեց տեսակետը հրապարակային հայտնել. «Դա վնասակար չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930