Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ դասական ընդհանրություն, վեց տարբեր ճակատագրեր

Հունիս 25,2021 12:30

Օրերս Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վոկալ երաժշտության համերգ էր մեր հանդիսատեսին ծանոթ եւ ինչ-ինչ պատճառներով առայժմ սակավ ծանոթ երգիչների մասնակցությամբ։ Նրանք մեր կողքին ապրող մարդիկ են, մեր անկախության շուրջ 30-ամյա ճանապարհն անցած տարբեր ճակատագրեր, որոնցում կա պայքար, սեր, նվիրվածություն, հիասթափություն եւ իհարկե՝ երազանք, ինչը ստեղծագործական ճանապարհին հանդիպած վայրիվերումների, տարբեր հոգեկան իրավիճակներում երբեք չի լքում արվեստագետին։ Մեր իրականությունում ոչ միայն 30 տարիների, այլ բոլոր ժամանակների ամենավառ խնդիրը եղել ու մնում է մշտական աշխատանք չունենալը։

Բայց ինչպես ընդունված է ասել՝ ազատ արվեստագետները, նույնիսկ մշտական աշխատանք ունեցողներն էլ, հաճախ ինքնուրույն են կազմակերպում սեփական գործունեությունը։ Ազատ արվեստագետների դեպքում միանշանակ կարելի է ասել, որ նրանց չի բավարարում «հոնորարային» ձեւաչափը, այնուամենայնիվ, նրանք շարունակում են անտրտունջ ստեղծագործել։ Վերջին տարիներին Երեւանում վարպետության դասեր անցկացրած աշխարհահռչակ անուններ, վոկալի մասնագետ Դեյլ Ֆունդլինգը, սոպրանո Բարբարա Ֆրիտոլին, բարիտոն Ջանպիերո Րուջերին, դիրիժոր, «Մետրոպոլիտեն» օպերայի քասթինգ-տնօրեն Ջոն Ֆիշերը «Առավոտի» հետ զրույցներում նշել են, որ թեեւ այսօր աշխարհը կարծես հիանալի ձայների օվկիանոս է, այդուհանդերձ, հայ վոկալիստները առանձնանում են թեկուզեւ ձայնի գեղեցիկ տեմբրով։

Դառնալով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած վոկալ երաժշտության համերգին, նշենք, որ սոլո պարտիաներով եւ դուետներով հանդես եկան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, սոպրանո Էլիզ Դարյանը, տենոր Հայկ Թոնգուրյանը, բարիտոններ Ասատուր Բալջյանը եւ Տիգրան Քախվեջյանը։ Նրանց նվագակցում էր դաշնակահարուհի Նունե Մելիք-Վրթանեսյանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մենք որոշեցինք անդրադառնալ երաժիշտների ստեղծագործական ճանապարհի որոշ դրվագների՝ ցույց տալու, թե նրանցից գոնե մեկ-երկուսը ինչպիսի հնարավորություն են ունեցել դրսում ապրելու եւ ստեղծագործելու համար, սակայն չեն գայթակղվել։

Մագդա Մկրտչյան. օպերային սոպրանոյի առաջին բեմելը 2000 թվականին էր, Երեւանի թատրոնում՝ Լեոնորայի դերերգով Վերդիի «Տրուբադուր» օպերայում։ Այդ առիթով գովեստի խոսքերում ժլատ անվանի դիրիժոր Օհան Դուրյանը մեզ հետ զրույցում ընդամենն ասել էր՝ «Որտեղի՞ց եկավ այդ հրաշք սոպրանոն, նրան փայլուն կարիերա է սպասվում…»։ Մեր հիշողությամբ՝ այդ դերերգից հետո երգչուհին մեկնեց Իտալիա՝ վերապատրաստվելու ոչ ավել-ոչ պակաս՝ Պավարոտիի ղեկավարությամբ։ Վերադարձից հետո նրան հանդիպեցինք Հայաստանում կայացած մենահամերգներում։ Դա 2001-2009 թվականներին էր։ Այդ տարիներին սոպրանոն ցանկալի հյուր էր արտասահմանյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիա, Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ եւ այլն։ Եթե չենք սխալվում՝ 2005 կամ 2006 թվականն էր, երբ Վատիկանում Բենեդիկտ 16-րդի ներկայությամբ նա հնչեցրեց միջնադարյան շարականներ եւ այդ համերգը հեռարձակվում էր աշխարհի 27 երկրում։ Սոպրանոն հանդես է եկել նաեւ Վերդիի «Նաբուկո», «Աիդա», Բելինիի «Նորմա», Մոցարտի «Դոն Ժուան» օպերաներում՝ գլխավոր դերերգերով։ Վերջին դերերգը մեր թատրոնում Տոսկան էր՝ Պուչինիի համանուն օպերայում, 2019թ.։ Ունի հոգեւոր եւ դասական ստեղծագործությունների կատարումներով 4 ձայնասկավառակ։

Էլիզ Դարյան. այս երգչուհուն բեմում հանդիպել ենք դեռեւս պատանեկան տարիներից։ Նա սիրված երգչուհի, վաղամեռիկ Մարիետա Բադալյանի դուստրն է։ Ուսանողական տարիներին հաճախ էր հանդես գալիս մոր մենահամերգներին։ Նրա պրոֆեսորը՝ Օլգա Զաքարյանը, մեզ հետ զրույցներում առանձնացրել է, իր խոսքերով՝ գեղեցկուհի եւ ձայնի տեմբրով ականջ շոյող ուսանողուհուն։ Բայց նրան այլ ճակատագիր էր սպասվում. տարիներ շարունակ՝ մինչեւ 2017թ., Էլիզ Դարյանին չհանդիպեցինք մեր համերգասրահներում։ Լուրերի համաձայն՝ նա ամուսնացել եւ բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։ Այդպես էլ կար։ Իսկ երբ 2017թ. «Գաֆէսճեան» համերգասրահում մի երեկոյի ժամանակ հանդիպեցինք եւ վայելեցինք երգչուհու ելույթը, մեզ հետ զրույցում նա ասաց, որ ԱՄՆ-ում բնակվելու ժամանակահատվածում ստեղծագործելու մասին խոսք լինել չէր կարող, քանի որ յուրաքանչյուր օր քնում-արթնանում էր հայրենիք վերադառնալու երազանքով։ Նաեւ տեղեկացրեց, որ ձեռնամուխ է եղել մոր հիշատակին նվիրված համերգի նախապատրաստական աշխատանքներին, ինչը բնականաբար ամիսների, եթե ոչ ավելի երկար ժամանակի խնդիր է։ Արդեն պատրաստ է Մարիետա Բադալյանի հեղինակային երգերով նոր CD-ն, կտպագրվի երգչուհուն նվիրված գիրք-ալբոմ, որտեղ կլինեն մեծանուն արվեստագետների խոսքը Բադալյան երգչուհու մասին եւ նրա վերջին շրջանի երգերի նոտաները։

Տիգրան Քախվեջյան. այս երիտասարդ երգչին էլ արվեստասերները կմտաբերեն 2014թ. կայացած «Հայաստանի ձայնը» մեգահեռուստանախագծից, որտեղ նա եղել է Եվա Ռիվասի թիմում՝ ընդգրկվելով 12 ֆինալիստների շարքում։ Ընդ որում, այս երգիչը նաեւ պրոֆեսիոնալ դիզայներ է։

Հայկ Թոնգուրյան. հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է, 2018թ. Իտալիայում Պեզերոյի Ռոսինիի անվան ակադեմիայում հաճախել է վարպետության դասընթացների պրոֆեսոր Ինգա Բալաբանովայի ղեկավարությամբ։ Նա հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական օպերային նախագծերից մեկում, ներկայացնելով Ռոդրիգոյի դերերգը Վերդիի «Օթելլո» օպերայում։ Մինչ այդ տենորը Էդուարդ Թոփչյանի հրավերով մասնակցություն է ունեցել Պուչինիի «Բոհեմ» եւ «Թիկնոցը» օպերաների կատարմանը։ Երգել է օպերային աստղ Անդրեա Բոչելիի հետ, ընդ որում՝ երկու համերգների առաջին բաժնում Բոչելին էր, երկրորդում՝ հայ տենորը։ Դա 2016 թվականին էր։ Առաջին համերգը՝ Օմանի մայրաքաղաքում, իսկ երկրորդը՝ Շվեյցարիայի Գշտադ քաղաքում։ Նա նաեւ աշխատել է Վոլգոգրադի թատրոնում, որտեղ հրավիրվել էր լսումների արդյունքում։ Հանդես է եկել Կաարադոսի դերերգով՝ Պուչինիի «Տոսկայում», Դոն Խոզեի՝ Բիզեի «Կարմենում» եւ Վոլդեմանի՝ Չայկովսկու «Իոլանտայում»։ Առաջին եւ առայժմ միակ մենահամերգը ունեցել է 2018-ին, Շվեյցարիայի Ֆրայբուրգ քաղաքում։ Այս երգիչն էլ նաեւ գեղանկարիչ է եւ, ինչպես ժամանակին ինքն է ասել՝ ստեղծագործում է միաժամանակ երկու «ֆրոնտում»՝ օպերայի եւ գեղանկարչության։ Օրերս մեզ հայտնի դարձավ, որ մոտ ժամանակներս Հայկ Թոնգուրյանը կհամալրի Երեւանի օպերային թատրոնի մենակատարների խումբը։ Նա 2019թ. Երեւանի թատրոնում հանդես է եկել Կավալեր Դելֆիորեի դերերգով՝ Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմականացման մեջ։ Միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Մարիա Բիեշուի անվան։

Ասատուր Բալջյան. հաճախ չի պատահում, երբ ուսման կամ կատարելագործման նպատակով արտասահման մեկնած արվեստագետը հայրենիք է վերադառնում ոչ միայն էլ ավելի մասնագիտացած, այլեւ «ավարով». 2018թ. Գերմանիայից Հայաստան վերադարձած օպերային բարիտոնը իր հետ բերել էր աշխարհահռչակ սոպրանո Քեթթի Բերբերյանի արխիվը, որը հանձնել է մեր կոնսերվատորիային, իսկ օպերային թատրոնին նվիրել է կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի հայկական թեմաներով երկու՝ «Զենոբիա» եւ «Տիգրան» օպերաների պարտիտուրները։ Նշենք, որ երգիչը ընդամենը մեկ անգամ է հանդես եկել մեր օպերային թատրոնում. 2008թ., Սպենդիարյանի «Ալմաստ» ներկայացման մեջ կատարելով Թաթուլի դերերգը։ 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին։ Մինչ Երեւանի կոնսերվատորիայում ուսանելը նա հանդիսացել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ժառանգավորած վարժարանի սան։ Մեր դիտարկմամբ՝ նրա ստեղծագործական ուղու ամենանշանակալի իրադարձություններից է այս մեկը. դեռեւս կոնսերվատորիան չավարտած, երգչին հրավիրում են Իսրայել՝ դասավանդելու այդ նույն վարժարանում եւ նա վարժապետությունը համատեղում է վոկալի ուսման հետ՝ Թել Ավիվի Զուբին Մետտայի անվան ակադեմիայում։ Իսկ այդտեղ արդեն մաեստրո Մետտայի ասիստենտն առաջարկում է հայ երգչին կատարելագործվել Գերմանիայում, որտեղ նա մասնակցում է հայտնի սոպրանո Քարան Ամսթրոնգի ղեկավարությամբ վարպետության դասընթացներին։ Իսկ Բեռլին-Պերլեբերգի Լոթթե Լեհմաննի ակադեմիայում երկու տարի ուսանում է ճանաչված մանկավարժ, ազգությամբ ռումինուհի Լավինյա Քերեքեշիի դասարանում, տեղի օպերային ստուդիայում էլ հանդես է եկել Կոմս Դանիլոյի դերերգով՝ Լեհարի «Ուրախ այրին» օպերետում։ Կորոնավիրուսից առաջ երգչին հանդիպեցինք սոպրանո Իրինա Զաքյանի ընկերակցությամբ կայացած համերգին, որտեղ գերմանացի կոմպոզիտորների երգերի բարձրարվեստ մատուցման մասին խոսում են առայսօր։

Ինչ վերաբերում է կոնցերտմայստեր Նունե Մելիք-Վրթանեսյանին, մասնագետներն ասում են, որ այդ դաշնակահարուհին, չգիտես ինչու, կամ ինչ հանգամանքներից ելնելով, խոստումնալից սոլո կարիերան դրել է մի կողմ եւ իրեն նվիրվել աշխարհում բարձր գնահատվող, բայց միեւնույն ժամանակ տաժանակիր աշխատանք համարվող կոնցերտմայստերական գործունեությանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930