Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիները խոսել են դատարանում․ Բաքվի քարոզչամեքենան մեջբերում է ադրբեջանական հայտնի թեզերը

Հուլիս 07,2021 15:38

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքվում այսօր շարունակվել է 2020թ․-ի պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ մինչ օրս պահվող Ալյոշա Խոսրովյանի եւ Լյուդվիգ Մկրտչյանի դատավարությունը։

Հիշեցնենք, որ Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրեւ թե խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար․ ըստ մեղադրանքի՝ Ալյոշա Խոսրովյանը մասնավորապես 1994թ․-ի ապրիլին ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել ԼՂ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի Աղբուլաղի (խմբ.-Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Նրան նաեւ սպանություն է վերագրվում, իսկ Մկրտչյանին՝ 94թ․-ին Բաքվի մետրոյի պայթյունների կազմակերպում։

Դատական նիստին ներկա ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր դատարանի եւ կողմերի հարցերին պատասխանել  է Լյուդվիգ Մկրտչյանը։ Նա պատմել է, որ 1993թ․-ին եղել է Արցախի Աղդերում (հայերեն՝ Մարտակերտում․-խմբ․), բայց այդ ժամանակ պատերազմ դեռ չկար։ «Մեկ ամիս ես մնացել եմ այդ տարածքում, ինչից հետո եղել եմ Հադրութում, բուժում ստացել։ 1994թ․-ին գնացել եմ  Սուգովուշան (հայերեն՝ Մատաղիս․-խմբ․)։ Երբ խրամատ էինք փորում, կողքիս արկ ընկավ, ես «կոնտուզիա» ստացա։ Ես այդ ժամանակ հայկական զինված խմբավորման կազմում էի, որը ստեղծվել էր Հայաստանի կողմից։  Ես կամավոր Արցախ էի եկել այդ խմբավորման հետ։ Դա պատերազմ էր։ Ինչ ասում էին՝ դա էլ անում էինք մենք։ Կռվից հետո ես լքեցի Հայաստանն ու գնացի արտասահման»,-Լյուդվիգ Մկրտչյանի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց փոխանցմամբ՝ Մկրտչյանը նաեւ ասել է, որ կամավոր մասնակցել է 2016թ․-ի ապրիլյան մարտերին․ «Ես կամավոր մասնակցել եմ․ մի կազմակերպություն կա, որը ֆինանսավորվում է դրսում ապրող հայերի կողմից․․․իսկ 2020թ․-ի ես Հադրութ եկա մարդկանց հետ, որոնց չէի ճանաչում։ Այդտեղ ես միացա պաշտպանությանը։ Ես գիտեի, որ Հադրութն ադրբեջանական տարածք է, որտեղ հայերն են ապրում․․․ինձ բռնեցին հոկտեմբերի 20-ին՝ Հադրութի գյուղերից մեկում, անունը չեմ հիշում։ Մենք նահանջում էինք, որ անտառներում թաքնվենք։ Մեր հրամանատարն անհետացավ, չգիտեինք, թե ուր գնաց։ 120 զինվոր կար։ Թաքնվեցինք անտառապատ տարածքում, երբ երկու ուղղությունից կրակահերթեր եղան։ Հետո պատսպարվեցինք։ Մթնելուց հետո շարժվեցինք սարի ուղղությամբ։ Առավոտ ինձ գերի վերցրին ադրբեջանցի զինվորները»։

Դատարանում ներկա ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ գրել են՝ պատասխանելով դատավորի հարցին՝ Լյուդվիգ Մկրտչյանը հայտնել է, որ մարտերին մասնակցելու համար պարգեւատրվել է 5 մեդալով, իսկ վերջում «իր արածների համար» ներողություն է խնդրել Ադրբեջանից եւ ադրբեջանական հասարակությունից։

Մեղադրողի հարցերին ի պատասխան Ալյոշա Խոսրովյանն էլ իր հերթին ասել է, որ արցախյան առաջին պատերազմին մասնակցել է որպես քաղաքացիական անձ․ «Այդ ժամանակ երեխաս փոքր էր, եւ ես գնացի պատերազմելու այն նպատակով, որ փող աշխատեմ․․․Ներողություն եմ խնդրում Ադրբեջանից եւ Ադրբեջանի ժողովրդից, բոլորից»։

Այնուհետեւ այս գործով որպես տուժող ներգրավված Ֆամիլ Ալիեւը հայտարարել է, թե հայ ռազմագերիները դատարանում կեղծ ցուցմունքներ են տվել, թե նրանք իբրեւ թե հայկական զինված խմբավորումների անդամներ են եղել, որոնք ադրբեջանցի ռազմագերիներին տանջել են անգամ պատերազմի ավարտից հետո․ «1995թ․-ի մայիսին հայերը կռիվներում մեծ կորուստներ ունեցան, նրանց դիակները Շուշիի բերդ էին բերում։ Մկրտչյանն այդտեղ էր։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել մեզ։ Հունիսին Շուշիում հայ հրամանատարի հարսանիք էր, իսկ Մկրտչյանը մասնակցում էր դրան որպես զինծառայող։  Նրանց անվանում էին հայկական «ԱՍԱԼԱ»։  Նրանք հարգված զինվորականներ են համարվում այն պատճառով, որ ադրբեջանցիներին տանջում էին առանձնահատուկ դաժանությամբ»։

Գործով որպես տուժած ներկայացվող մեկ այլ անձ՝ Ջավիդ Հուսեյնն էլ հայտարարել է, թե Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը Շուշիի բանտում 1995թ․-ի մարտի 21-ին մասնակցել են իր աչքերը հանելուն․ «Երբ Գարիկը հանում էր իմ աչքը, Մկրտչյանն ու Խոսրովյանն ինձ հրել ու պահում էին պատին սեղմած։  Այդ ժամանակ երկուսն էլ մեզ կտտանքների էին ենթարկում բանտում»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել  է հուլիսի 14-ին։

Հիշեցնենք, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևի կոնվենցիաների, Խոսրովյանն ու Մկրտչյանը  համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեին, մինչդեռ Ադրբեջանը խախտել է ինչպես նշյալ պարտավորությունը, այնպես էլ՝ նոյեմբերի իննի հայտարարությամբ ամրագրված՝ գերիների վերադարձի պարտավորությունը եւ շինծու քրեական մեղադրանքներ է առաջադրել մի քանի տասնյակ հայ ռազմագերիների։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031