Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների նկատմամբ դատավարությունները

Հունիս 09,2021 23:55

Այսօր՝ հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով  հերթական դատական նիստերը:

Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են:

Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց:  Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում:

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:

Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նշված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը:

Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930