Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ծնունդների թիվն ավելացել է, սակայն ունենք ոչ թե բնակչության բնական հավելաճ, այլ նվազում՝ մահերի աճի պատճառով»

Հուլիս 12,2021 18:22

Ծնելիության ցուցանիշների վրա կենտրոնանալն աչքաթող է անում կարևորը՝ գրում է Ալանա Արմիտաժը Բնակչության համաշխարհային օրվա առթիվ, իսկ կարևորն այնպիսի երկիր կառուցելն է, որտեղ մարդիկ ցանկանում են մնալ, ապրել և ընտանիք ունենալ:

COVID-19 համավարակն աշխարհում, կարծես թե, առնվազն ժամանակավորապես, արագացրեց ծնելիության նվազման միտումը: 2020 թվականի վերջի վիճակագրությունը՝ առաջին սահմանափակումներից ինն ամիս անց, եվրոպական բազմաթիվ երկրներում ծնունդների թվի կտրուկ անկում է ցույց տալիս:

Ալանա Արմիտաժ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն

COVID-19-ի «մանկասնանկության» մասին լուրերը որոշ երկրներում անհանգստության ալիք բարձրացրին: Համավարակն ու դրա ազդեցությունը մարդկանց վերարտադրողական վարքագծի վրա ասպարեզ եկան, երբ Եվրոպայում ծնելիության մակարդակն արդեն իսկ շատ ցածր էր: Արևելյան Եվրոպայում զանգվածային արտագաղթը խնդիրն ավելի էր սրում. մարդիկ ոչ միայն ավելի քիչ թվով երեխաներ էին ունենում, այլև հեռանում էին հայրենիքից՝ այլ կողմերում ավելի լավ հնարավորություններ գտնելու համար: Արդյունքում, բնակչության թվաքանակը կրճատվում էր: 1990-ականներից ի վեր, Բուլղարիան, Լատվիան, եթե ընդամենը երկու անուն նշենք, կորցրել են իրենց բնակչության քառորդ մասը:

Հայտնի չէ, թե արդյոք համավարակից հետո ծնելիության մակարդակները կվերականգնվե՞ն: Պատմականորեն, խոշոր ճգնաժամերը հանգեցրել են ծնելիության մակարդակների իջեցման, բայց հիմնականում դրանց հաջորդել է աճը: Առաջատար ժողովրդագրագետ Տոմաշ Սոբոտկայի ի մի բերած տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, ծնելիության մակարդակն իսկապես վերականգնման նշաններ է ցույց տվել: Այս միտումը կշարունակվի, թե ոչ, կախված կլինի նրանից, թե որքան տևական կլինեն համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքները:

Այդուհանդերձ, ծնելիության վրա կենտրոնացումն ավելի կարևոր մի հարց թողնում է տեսադաշտից դուրս: Բնակչության թվաքանակի վայրիվերումների մասին մտահոգվելու փոխարեն, ժամանակն է գիտակցել, որ ցածր ծնելիությունը, ամենայն հավանականությամբ, պահպանվելու է: Եվ ժամանակն է հասկանալ այս, անկասկած, անխուսափելի ժողովրդագրական ապագային մեր տնտեսություններն ու հասարակությունները պատրաստելու մեր անելիքները:

Սա հեշտությամբ տրվող մտափոխություն չէ: Ընդունված է համարել, որ ծնելիության բարձր մակարդակը և բնակչության աճը ցանկալի են երկրների համար և ազգային հարստության ու հզորության ցուցիչներ են: Մենք սովոր ենք այս հարթությունում մտածել։ Եվ ճիշտ է, որ, երբ բնակչության թվաքանակը փոքրանում է, տնտեսություններն իսկապես կարող են, բացարձակ ցուցանիշներով, կրճատվել:

Բայց դա չի նշանակում, որ մարդիկ անպայման ավելի աղքատանալու են: Հնարավոր է, որ մեկ շնչի հաշվով բարեկեցությունը մեծանա, իսկ աշխատուժի կրճատման հետ, ամենայն հավանականությամբ, կբարձրանան աշխատավարձերը, բացի այդ, ավտոմատացման ընդլայնումը բարձրացնում է արտադրողականությունը:

Ինչպես կարող են վկայել բազմաթիվ երկրներ՝ հատկապես Արևելյան Եվրոպայում, բնակչության աճից բնակչության նվազում անցումը լի է մարտահրավերներով: Հասարակություններն արագորեն ծերանում են, անընդհատ շատացող տարեց մարդկանց համար հոգացող աշխատունակ բնակչությունը նվազում է, գյուղական բնակավայրերը բնակչություն են կորցնում՝ մարդիկ տեղափոխվում են կա՛մ քաղաք կա՛մ արտերկիր` ավելի լավ հնարավորություններ գտնելու համար: Սոցիալական համակարգերը մեծ ճնշման տակ են հայտնվում, և սակավամարդ վայրերում ենթակառուցվածքների ու ծառայությունների պահպանումը դառնում է ծախսատար:

Բայց այս մարտահրավերները կառավարելի են: Եվ ոչ միայն: Դրանք հնարավորություններ են բացում նորարարության համար, ինչը երկրներին կարող է պարսաձգել ավելի բարեկեցիկ ապագայի ուղղությամբ: Ռումինիայում՝ Կլուժը, Սերբիայում՝ Բելգրադը տեխնոլոգիական արդյունաբերության խոշոր կենտրոններ են դարձել՝ տաղանդներ ներգրավելով թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից: Համավարակի պատճառով Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում միգրանտները վերադարձել են տուն՝ իրենց հետ բերելով արժեքավոր հմտություններ, նոու-հաու և կապեր: Կառավարությունները տարեցների կարողությունն օգտագործելու և տնտեսության ու հասարակության մեջ նրանց ավելի լավ ինտեգրելու ուղիներ են որոնում: Նաև փորձ է արվում ավելի լայնորեն բացել աշխատաշուկաները և հասարակական կյանքը կանանց և լուսանցք մղված այլ խմբերի համար՝ ներգրավելով մինչ այժմ չօգտագործված ռեսուրսները: Անգամ խոսվում է ներգաղթի մասին, ինչը երկար ժամանակ «տաբու» թեմա էր Արևելյան Եվրոպայի մեծ մասում: Այս ամենը նպաստում է, որպեսզի երկրներն ավելի լավ կարողանան հաղթահարել ժողովրդագրական մարտահրավերները:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ծնելիության ցուցանիշներն ընդհանրապես նշանակություն չունեն: Ոչ այնքան. դրանք կարևոր են նրանով, որ մեզ պատմում են չիրացված վերարտադրողական իրավունքների մասին: Եվրոպայում մարդիկ սովորաբար ասում են, որ ուզում են երկու երեխա, բայց շատերն, ի վերջո, ունենում են մեկը կամ ընդհանրապես չեն ունենում: Ցանկալի և իրական ծնելիության միջև այդ ճեղքի շուրջ է, որ պետք է կենտրոնանան կառավարությունները՝ ոչ թե բնակչության թվաքանակը խթանելու, այլ մարդկանց օգնելու իրացնել իրենց վերարտադրողական իրավունքները, որպեսզի նրանք ունենան իրենց ուզած թվով երեխաները:

Սա պահանջում է վերացնել բազմաթիվ խոչընդոտներ, որոնց առաջ մարդիկ կանգնում են ընտանիք կազմելիս՝ տնտեսական անորոշություն, բնակարանի բարձր գին, անպտղության աճ, երեխաների խնամքի մատչելի ծառայությունների բացակայություն և ակնկալիք, որ կանայք պիտի մի կողմ դնեն աշխատելը և միայնակ կրեն երեխայի խնամքի բեռը:

Ընտանիքների համար ավելի բարենպաստ, կանանց և տղամարդկանց ավելի հավասար հնարավորություններով, հասարակություններ ստեղծելու ուղղությամբ առաջընթացը կարող է հանգեցնել ծնելիության բարձրացման, քանի որ մարդիկ ավելի վստահ կզգան ընտանիք կազմելու և իրենց ուզած թվով երեխաներն ունենալու հարցերում: Բայց դա երաշխավորված չէ՝ ինչպես ցույց է տալիս ընտանիքների համար բարենպաստ Սկանդինավիայում ծնելիության անկման օրինակը: Եվ ոչ էլ դա՛ պետք է լինի ընտանիքների համար բարենպաստ քաղաքականության անցնելու դրդապատճառը: Մարդկանց՝ իրենց ուզած թվով երեխաներ ունենալու հնարավորությունն ապահովելուն ուղղված միջոցներն ինքնըստինքյան արժեքավոր են, դրանք բարելավում են մարդկանց բարեկեցությունը և էականորեն մեծացնում երկրների զարգացման ներուժը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք հասկանում ենք ժողովրդագրական տեղաշարժերի նշանակությունը երկրների ապագան կերտելու հարցում: Մենք աջակցում ենք երկրներին՝ ամրապնդելու իրենց ժողովրդագրական դիմակայունությունը և առավելագույնս օգտագործելու իրենց ունեցած հնարավորությունները:

Որքան շուտ գիտակցենք, որ Եվրոպայի ժողովրդագրական խնդիրների լուծումը ծնելիության աճի մեջ չէ, այնքան շուտ կկարողանանք կենտրոնանալ նրա վրա, ինչն իրականում կարևոր է մայրցամաքի բնակչության ընկալվող ճգնաժամը հաղթահարելու համար. այնպիսի երկիր կառուցելու մեր ունակությունը, որտեղ մարդիկ ցանկանում են մնալ, ապրել և ընտանիք ունենալ:

COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ընդհանուր առմամբ, տվյալների բացերի պատճառով մեծ անորոշություն կա այն հարցում, թե ինչպես է COVID-19- ը ազդում և ազդելու ծնելիության և ծնունդների թվի վրա։ Ժողովրդագրական փոփոխությունները, հավանաբար, տարբեր երկրներում տարբեր կլինեն:
Օրինակ՝ 2020 թվականի վերջի վիճակագրությունը եվրոպական բազմաթիվ, հատկապես բարձր եկամուտներ ունեցող երկրներում ծնունդների թվի կտրուկ անկում է ցույց տալիս:
Միևնույն ժամանակ, տվյալներն ու կանխատեսումները թույլ են տալիս ենթադրել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող որոշ երկրներում համավարակի հետևանքով ծնունդների թիվը կարող է աճել, մասնավորապես, չնախատեսված հղիությունների հաշվին։
Անցյալում ծնելիության՝ այնպիսի ճգնաժամերով պայմանավորված անկմանը, ինչպիսիք էին 1930-ականների Մեծ դեպրեսիան կամ 2000-ականների վերջի տնտեսական ճգնաժամը, հաջորդում էր ծնելիության հետճգնաժամային վերականգնումը: Երկրների համար, որոնք համավարակի ընթացքում ծնելիության նվազում են ունեցել, առաջիկա ամիսներին կամ տարիներին կարող է նման վերականգնում նկատվել։
Բացի այդ, չնայած որ առանձին երկրներում ժողովրդագրական փոփոխությունները կարող են կտրուկ թվալ, ընդհանուր ժողովրդագրական փոփոխություններն ավելի նուրբ են: Իրավիճակը, երբ բնակչությունն աճում է նույնիսկ այն ժամանակ, երբ ծնելիության մակարդակն ընկնում է, քանի որ երիտասարդ կանանց աճող մասնաբաժինը մտնում է վերարտադրողական տարիք, կհանգեցնի աշխարհի բնակչության աճին գալիք տասնամյակներում, չնայած նրան, որ որոշ տարածաշրջաններում և երկրներում բնակչության նվազում է կանխատեսվում։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, 2021թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ, ծնունդների թիվն ավելացել է 1519-ով՝ կազմելով 14318։ Այս ծնունդները COVID-19-ի շրջանում, մինչև պատերազմի սկիզբը, տեղի ունեցած բեղմնավորման արդյունք են։

Այդուհանդերձ, ունենք ոչ թե բնակչության բնական հավելաճ, այլ նվազում՝ մահերի աճի պատճառով։

2020-ին և 2021 հունվար-մայիսին մահացությունը կտրուկ աճել է, ինչը պայմանավորված է COVID-19-ով և պատերազմով։

2021թ. հունվար-մայիսին COVID-19-ից մահացությունը կազմել է 2141 կամ ընդհանուր մահերի մոտ 15 տոկոսը։

2020թ. համեմատ, 2789-ով ավելացել է ամուսնությունների թիվը։ Սրանք կարող են լինել COVID-19-ի և պատերազմի շրջանում հետաձգված ամուսնություններ։ Այնուամենայնիվ, 2020թ. համեմատ աճել են նաև ամուսնալուծությունները՝ 431-ով։

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031