Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում սեռական և վերարտադրողական բարեկեցության հարցում մեծ առաջընթաց կա, բայց միլիոնավոր մարդիկ դեռ զրկված են ընտրության հնարավորությունից. զեկույց

Ապրիլ 17,2024 16:11

Եվրոպայում սեռական և վերարտադրողական բարեկեցության հարցում մեծ առաջընթաց կա, բայց միլիոնավոր մարդիկ դեռ զրկված են իրավունքներից և ընտրության հնարավորությունից՝ ասվում է ՄԱԿի Բնակչության հիմնադրամի գլոբալ զեկույցում:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի, 2024 թ. – 30 տարի անց այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը համաձայնության եկավ մարդկանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները գլոբալ զարգացման հիմքում դնելու հավակնոտ ծրագրի շուրջ, զանգվածային անհավասարությունները պահպանվում են, և միլիոնավոր մարդիկ՝ հիմնականում բնակչության առավել անապահով խմբերից, շարունակում են բացառված մնալ աշխարհի բոլոր տարածաշրջաններում գրանցված զգալի առաջընթացից:

Սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) 2024 թ. «Աշխարհի բնակչությունը» առաջատար զեկույցի եզրակացությունն է, որն այս տարի վերլուծում է, թե որքանով են երկրներն աշխարհում  և, մասնավորապես, ընդլայնված եվրոպական տարածաշրջանում իրականացրել Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի կողմից 1994 թ.-ին Կահիրեում ընդունված Գործողությունների բեկումնային ծրագիրը:

«Զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ դեռ չափազանց շատ մարդիկ են անմասնակից այն ձեռքբերումների բերած օգուտներին, որոնք մենք գրանցել ենք կանանց և երիտասարդների՝  իրենց մարմնի և առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողության և անհրաժեշտ ծառայություններին ու տեղեկատվությանը հասանելիություն ունենալու ճանապարհին», – ասում է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը:

«Այս բացերը փակելու համար պետք է վերջ դնենք կանանց և այլ անապահով խմբերի նկատմամբ դեռևս մեծ տարածում ունեցող խտրականությանը, ինչպես նաև կարծրատիպերին, կողմնակալությանը և խարանին, որոնք սնում են այն»:

Համաձայն տարածաշրջանային վերանայման վերջին զեկույցի, ընդլայնված եվրոպական տարածաշրջանում այժմ ավելի քիչ թվով կանայք են մահանում ծննդաբերության ժամանակ, դեռահասության ընթացքում երեխա ունենում և բախվում հակաբեղմնավորիչների հասանելիության հետ կապված խնդիրների.

  • Մայրական մահացությունը 2000-2020 թթ. ընթացքում կրճատվել է գրեթե երկու անգամ՝ միջինը 22-ից իջնելով մինչև 12 մահ՝ 100,000 կենդանածնի հաշվով:
  • Դեռահասների շրջանում ծնելիության գործակիցը 2000-2020 թթ. իջել է գրեթե 50 տոկոսով՝ 15-ից 19 տարեկան 1000 կնոջ հաշվով միջինը 20,3-ից հասնելով6-ի:
  • Վերարտադրողական տարիքի կանանց մասնաբաժինը, որոնց ընտանիքի պլանավորման կարիքները բավարարված են ժամանակակից մեթոդներով, 2000 թ.-ի 66,7 մեդիան արժեքից աճել է մինչև 75,9՝ 2022 թվականին:

Բայց «Աշխարհի բնակչությունը» զեկույցը նաև մատնանշում է, որ առաջընթացը որոշ ոլորտներում դանդաղել է կամ նույնիսկ հետընթաց է ապրել, և որ ամենաապահովվածները և արտոնյալները հիմնականում շատ ավելի մեծ օգուտներ են ստացել, քան ավելի քիչ ապահովվածները:

  • 2015-2020 թթ.-ին ընդլայնված եվրոպական տարածաշրջանում մայրական մահացության նվազման առաջընթացը դանդաղել է, և մայրական մահացության աճ է գրանցվել հասանելի տվյալներ ունեցող 52 երկրից 18-ում։
  • Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի որոշ հատվածներում ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործումը մնում է չափազանց ցածր. հինգ երկրում կանանց կեսից ավելին չի օգտագործում հակաբեղմնավորման որևէ եղանակ։
  • Վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր չորրորդ կին ինքնուրույն չէ իր մարմնի և առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
  • 2022 թ.-ին Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 160,000 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, ինչը 49 տոկոսով բարձր է 2010 թ. ցուցանիշից և այս ժամանակահատվածում աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանի համեմատ ամենամեծ աճն է:
  • Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները մինչև 10 անգամ ավելի հավանական է, որ ենթարկվեն գենդերային բռնության, ներառյալ սեռական բռնության:
  • Մարդկանց մասնաբաժինը, որոնք կարծում են, որ տղամարդու կողմից իր կնոջը ծեծելը կարելի է արդարացնել, ժամանակի ընթացքում աճել է տարածաշրջանի՝ հասանելի տվյալներ ունեցող երկրների կեսում՝ հատկապես երիտասարդների շրջանում:

Աշխարհի 25 երկրներում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջապահական ծառայություններից օգտվելու խոչընդոտներն ավելի արագ են նվազել ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող կանանց և ավելի նվազ արագ՝ անապահով խմբերին պատկանողների համար: Օրինակ՝ Ալբանիայում առողջապահական ծառայությունների հասանելիությունն ավելի արագ է բարելավել հասարակության ավելի հարուստ, քան աղքատ հատվածների համար, և ավելի արտահայտված է էթնիկ ալբանացիների, քան փոքրամասնությունների խմբերի համար, ինչպիսիք են գնչուները:

«Այս տարածաշրջանում միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց ներուժը՝ խտրականության և լուսանցք  մղման հաճախ խաչվող դրսևորումների պատճառով», – ասում է տիկին Բաուերը: «Այս արգելքները վերացնելը ոչ միայն հրամայական է մարդու իրավունքների տեսանկյունից, այլև վճռորոշ է երկրների համար՝ ժողովրդագրական փոփոխություններին դիմակայելու տեսանկյունից ավելի շահեկան դիրքում հայտնվելու համար»:

Հաշվի առնելով, որ տարածաշրջանի շատ երկրներ ծնելիության ցածր մակարդակ ունեն և, ավելի ու ավելի հաճախ են բախվում բնակչության նվազման, քայլերը, որոնք բերում են կանանց, փոքրամասնությունների և լուսանցք մղված այլ խմբերի՝ տնտեսության մեջ և հասարակական կյանքում ավելի լավ ինտեգրման, գնալով ավելի կարևոր են դառնում:

ՄԱԲՀ-ն աջակցում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու ժողովրդագրական փոփոխությունների նկատմամբ նրանց դիմադրողականությունը, այդ թվում՝ մարդկային կապիտալում ներդրումների և լուսանցք մղված համայնքների ավելի լայն ընդգրկման միջոցով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930