Լրահոս
Օրվա լրահոսը

Կարանտին չի պահանջվում միայն մայրցամաքային Չինաստանից (ՉԺՀ), Մակաո Հատուկ վարչական շրջանից եւ Թայվան կղզուց ժամանածների համար

Օգոստոս 04,2021 13:00

Հարցազրույց «Առավոտի» ընթերցողներին քաջածանոթ, Հոնկոնգում բնակվող միջազգայնագետ, կարանտինի մեջ գտնվող Վահագն Վարդանյանի հետ

– Երբվանի՞ց եք կարանտինում, որտե՞ղ: Ճի՞շտ է, որ օդանավակայանից են տանում հատուկ վայրեր:

– Ներկայիս կարանտինը Հոնկոնգում իմ 4-րդն է` 2020թ.-ի մայիսից սկսած: Ներկայումս այն տեւում է 21 օր (Հայաստանից եւ մի շարք այլ երկրներից ժամանելու դեպքում): Ժամանելուն պես, անմիջապես օդանավակայանում ուղեկցում են թեստավորման սրահ (որը հենց օդանավակայանի մի հատվածն է), որտեղ կատարվում է վարակի թեստավորումը, այնուհետեւ յուրաքանչյուրին տրամադրվում է նստատեղ (աթոռ եւ սեղան)` թեստի պատասխանի սպասելու համար: Մոտ 3-4 ժամ անց (նախկինում տեւում էր 6-8 ժամ), բացասական պատասխան ստանալու դեպքում, ուղեւորներին ավտոբուսներով ուղեկցում են այն հյուրանոցը, որն ունի պետության հետ կնքված պայմանագիր, եւ որտեղ (ուղեւորի հաշվին) ժամանած անձը բնակվելու է կարանտինի ամբողջ ընթացքում: Հարկ է նշել, որ պատվաստում ստացածների համար նույնպես կա կարանտինի պահանջ` 14 օր տեւողությամբ (Հայաստանից ժամանելու դեպքում):

Տեսարան փակ պատուհանից

– Դուք նախկինում երեք անգամ արդեն գտնվել եք ինքնամեկուսացման մեջ: Քանի որ դուրս եկել, այդ թվում եղել եք Հայաստանում, տարբերություններ կա՞ն, օրինակ, առաջին կարանտինի եւ վերջինի միջեւ, առաջինը՝ նոր էր վարակը, վերջինը՝ հաղթահարվելու փուլում է, այս համատեքստում:

– Տարբերություններ կան, իհարկե: Անցած տարվա ընթացքում կարանտինի տեւողությունը 14 օր էր եւ ժամանողները կարող էին այն անցկացնել իրենց տանը: Հետո կարգը փոխվեց, եւ կարանտինը պարտադիր պետք է անցկացվի, ինչպես արդեն նշեցի, պետության հետ պայմանագիր կնքած հյուրանոցներից մեկում: 2020թ.-ին օդանավակայանից մեկուսացման վայր հասնելու համար տրամադրվում էր 2 ժամ: Հետագայում կարգը փոխվեց, եւ տեղափոխումն իրականացնում է պետությունը: Մինչեւ վերջերս, բոլորի ձեռքին հատուկ էլեկտրոնային սարք էր կապվում, որով հսկվում էր մարդու տեղաշարժը: Այս անգամ դա չի կիրառվում: Բացի դա, եթե նախկինում կարանտինի ընթացքում ընդամենը մեկ անգամ էին թեստավորում կատարում, ապա այժմ թվաքանակը դարձել է 4 անգամ:

Հյուրանոցի սենյակ այլ անձանց մուտքն արգելված է, այդ թվում` սենյակը մաքրելու նպատակով: Ամբողջ կարանտինի տեւողության համար տրամադրվում են բոլոր անհրաժեշտ պարագաները եւ, լրացուցիչ անհրաժեշտության դեպքում, հյուրանոցը պարզապես ավելացնում է քանակը: Սնունդն էլ սենյակ առաքվում է օրը 3 անգամ: Այս ձեւաչափը անցած 1.5 տարվա ընթացքում չի փոփոխվել: Յուրաքանչյուր սենյակի դռան առջեւ` միջանցքում դրված է փոքր սեղան, որի վրա էլ սահմանված ժամերին դրվում է սնունդը: Իսկ աղբը օրը մեկ անգամ դրվում է այդ սեղանի կողքին, որտեղից էլ հավաքվում է: Հետաքրքրական է նաեւ այն, որ սենյակ մուտք գործելու էլեկտրոնային բանալին ծրագրավորված է միայն մեկ մուտքի ազդանշանով: Այսինքն, դուրս գալու դեպքում, եթե սենյակի դուռը փակվեց, հեշտությամբ ապացուցվում է կարանտինի կարգի խախտումը, ինչն էլ կարող է հանգեցնել խիստ պատժամիջոցների: Սենյակի դռան վրա ռեժիմի խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները նշված են:

Կապ արտաքին աշխարհի հետ

– Նախկինում, երբ զրուցում էինք, ձեր ձեռքին «ձեռնաշղթա» էի տեսնում, ի՞նչ է դա, կնկարե՞ք, կնկարագրե՞ք:

– Ինչպես արդեն նշեցի, դա հիմա չի օգտագործվում: Իսկ այն ժամանակ, մեկուսացման տարածք մտնելիս, հեռախոսի մեջ ներբեռնված հատուկ ծրագրի միջոցով տրվում էր 60 վայրկյան տարածքի սահմաններով ձեռքն անցկացնելու համար: Զավեշտալի մի բան տեղի ունեցավ իմ առաջին կարանտինի ընթացքում: Բաց պատշգամբում կանգնած ժամանակ, ձեռքերս դրա տարածքից մի փոքր դուրս էին, եւ հաղորդագրություն ստացա, որ արձանագրվել է տարածքից դուրս գալու փաստ եւ պետք է շտապ ձեռքիս կապված սարքի QR կոդը հեռախոսով լուսանկարեմ-ուղարկեմ: Այժմ նման սարք, ինչպես նշեցի, այլեւս չեն կիրառում:

Առաջին կարանտինի էլեկտրոնային
ձեռնաշղթան

– Վահագն, ի՞նչ սահմանափակումներ կան, իրավական հրահանգներ մեկուսացվածների համար: Ունե՞ս տեղեկություններ, թե քանիսն են այս պահին մեկուսացման մեջ, թե ձեր առողջապահության նախարարությունը միայն առողջացածների եւ մահվան թվեր է ասում՝ մեր նախարարության նման:

– Մեկուսացման վայրում հրահանգների կարճ նկարագիրը (ծանուցումը) նկարով ներկայացնում եմ: Խախտման դեպքում նախատեսվում է մինչեւ 25 հազար Հոնկոնգի դոլար տուգանք (սա մոտ 3200 ԱՄՆ դոլար է կազմում) եւ մինչեւ 6 ամիս կալանք: Մեկուսացածների ընդհանուր թվաքանակի մասին տեղեկություն չունեմ: Կոնկրետ այս հյուրանոցը մոտ 500 սենյակ ունի եւ, որքան ինձ հայտնի է, հյուրանոցն ամբողջությամբ զբաղված է:

Հյուրանոցային սենյակ

– Դու պատվաստվե՞լ ես: Պատվաստվածները, երբ դուրս են գալիս երկրից, նույնպես ինքնամեկուսացվո՞ւմ են:

– Ես պատվաստված չեմ: Ինչպես արդեն նշեցի, պատվաստվածների համար նույնպես նախատեսվում է պարտադիր կարանտին` ավելի կարճ ժամկետով: Կարանտին չի պահանջվում միայն մայրցամաքային Չինաստանից (ՉԺՀ), Մակաո Հատուկ վարչական շրջանից եւ Թայվան կղզուց ժամանածների համար:

Միջանցքում սեղան սնունդ առաքելու համար

– Կապն արտաքին աշխարհի հետ ինչպե՞ս է, միայն վիրտուալ պահանջնե՞ր եք ներկայացնում, թե՞ շփումը բուժանձնակազմի հետ է: Բուժանձնակա՞զմ է, թե՞…հսկող մարմին:

– Բացառությամբ թեստավորումն անցկացնող բուժանձնակազմի, որեւէ այլ մարդու հետ շփում տեղի չի ունենում: Սնունդը, օրինակ, ինչպես նշեցի, պարզապես դրվում է միջանցքում տեղադրված սեղանի վրա: Արտաքին աշխարհի հետ կապն ապահովվում է զուտ հեռախոսի կամ Ինտերնետի միջոցով` Վայբեր, Սկայփ կամ նման այլ կապի շնորհիվ:

– Հայտնի է, որ դուք միջազգային կրթության բնագավառում եք աշխատում: Նման մեկուսացումը հրաշալի հնարավորություն է անգամ գիրք գրելու, ինքներդ ձեր հետ մենակ մնալու, ի՞նչ ծրագրեր ունեք:

– Այս եւ նախորդ կարանտինն արձակուրդներիս ժամանակ է եղել: Ժամանակն, իհարկե, թույլ է տալիս շատ կարդալ, աշխատել հրապարակախոսական հոդվածների վրա: Ավելի շատ ժամանակ է մնում Հայաստանի-Արցախի շուրջ եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելու համար: Շուտով նախատեսվում է ազգային ինքնության ոլորտին վերաբերող գրքիս հրատարակումը, որի ուղղությամբ նույնպես աշխատում եմ կարանտինի ընթացքում: Մի խոսքով, ժամանակը փորձում եմ արդյունավետ օգտագործել:

Հարցազրույցը հեռավարեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031