Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մտավոր բռնությունը» 21-րդ դարում

Սեպտեմբեր 01,2021 14:00
brnutyun

Ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները ուղղորդում

2019 թվականին Ալաբամայի նահանգապետը հրաժարական տվեց այն պատճառով, որ դրանից 52 տարի առաջ դպրոցական ներկայացման ժամանակ բեմ էր բարձրացել սեւամորթի դիմակով, եւ նրա մարմնավորած «հերոսն» ինչ-որ բացասական գծեր ուներ: Ուրեմն՝ ռասիստ է: Անցած տարի «Բոինգի» բարձրաստիճան մենեջերներից մեկն ազատվեց աշխատանքից այն պատճառով, որ 1987 թվականին հոդված էր գրել, որտեղ ապացուցում էր, թե կանանց համար ցանկալի չէ ծառայել որպես ռազմական օդաչու: Հետեւաբար՝ կնատյաց է: Նույն՝ 2020 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորը ժամանակավորապես զրկվեց իր դասավանդելու իրավունքից, որովհետեւ (ուշադրություն դարձրեք) դասախոսության ժամանակ չինարեն արտասանել է մի բառ, որն իր հնչյունաբանությամբ նման էր «նեգր» բառին: Հետեւաբար, դարձյալ ռասիստ է:

Ես հատուկ սկսեցի ոչ թե հայկական, այլ ամերիկյան օրինակներից՝ ցույց տալու համար, որ այն երեւույթը, որի մասին ես գրելու եմ, կրում է ոչ թե տեղական, այլ՝ գլոբալ բնույթ: Խոսքը 21-րդ դարում կիրառվող խոսքի, մտքի ազատության սահմանափակման ձեւերի մասին է, որոնք տարբերվում են տոտալիտար, ավտորիտար երկրներում գործածվող ուղիղ արգելքներից, բայց իրենց նշանակությամբ եւ ներգործությամբ համադրելի են այդ արգելքների հետ: Ինչպես նշել էի նախորդ հոդվածում, համացանցի պայմաններում գործում են մարդիկ եւ խմբեր, որոնք տարերայնորեն կամ նպատակաուղղված փորձում են փակել տվյալ թեման կամ արգելել տվյալ կարծիքը՝ իրենց անհաճո քննարկմանը կամ մտքին կպցնելով այս կամ այն պիտակը: Օրինակ՝ կնատյացի կամ ռասիստի:

Պարզության համար բերեմ նաեւ տեղական օրինակ: Եթե ես, օրինակ, առաջարկեմ քննարկել Հայ գաղտնի բանակի գործողությունները եւ պարզել, թե դրանցից որոնք էին արդարացված, որոնք՝ ոչ, որոնք էին վնաս տվել ոչ միայն թուրքերին, այլեւ այլազգի մարդկանց, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արձագանքներ են լինելու, ասենք, ֆեյսբուքում: Հարյուրավոր մարդիկ գրելու են, որ ես թուրք եմ, Թուրքիայի լրտես եմ, ազգի դավաճան եմ ու թշնամի, սրբապիղծ եմ եւ անարգում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Եթե ես գրեմ, որ 1991-2018 թվականներին, բացի թալանից, մեր երկրում եղել են նաեւ դրական, պայծառ բաներ, ուրեմն, ես «լեւոնական եմ» կամ «սերժառոբական» եմ: Իսկ եթե ես ասեմ, որ այս երեք տարում, բացի ցավալի պարտությունից, ի հայտ են եկել նաեւ դրական բաներ, ես, բնականաբար, «Նիկոլի սազանդարը» կլինեմ:
Դրա հիմքում պարզ հոգեբանական մեխանիզմ է: Բոլորս ունենք էմոցիաներ, եւ մեր դատողություններում չենք կարող դրանք հաշվի չառնել: Խնդիրն այն է, արդյո՞ք մեր էմոցիաները հավակնում են ընդհանրական լինելու կարգավիճակին: Թե՞ մենք, այնուամենայնիվ, միացնում ենք բանականությունը եւ հասկանում ենք, որ դրանք միայն մե՛ր էմոցիաներն են, եւ չեն տարածվում «սաղ ժողովրդի», «բոլոր ազնիվ մարդկանց» կամ «ամբողջ մարդկության» վրա: Հենց որ մենք անում ենք այդ պարզ գործողությունը եւ գիտակցում ենք, որ մեր հույզերը «նորմատիվ» չեն, դրանք միայն «մասնավոր դեպք» են, մենք ա/ սկսում ենք հասկանալ, որ կարող են լինել այլ մարդիկ՝ այլ էմոցիաներով, բ/ փորձում ենք ամեն մի երեւույթ վերլուծել տարբեր կողմերից:

Բոլոր ժամանակների եւ բոլոր տեսակների քարոզիչների նպատակն է, բնականաբար, մարդկանց ուղեղներն անջատելը եւ հույզերը գրգռելը: Եվ այստեղ օգնության են գալիս տարբեր գործիքներ, որոնցից կառանձնացնեմ 4-ը. 1/ պոպուլիզմը, 2/ «պոլիտկոռեկտությունը», 3/ ինքնության արհեստական խմբերի ձեւավորումը, 4/ այն, ինչ անգլերեն կոչվում է cancel culture՝ մերժման, չեղարկման մշակույթ:

1/ Պոպուլիզմը հնարքների այնպիսի մի համակարգ է, որը ենթադրում է բարդ հարցերի հեշտ լուծումներ: Անշուշտ, թվային դարաշրջանը նպաստում է նման «հեշտ» լուծումների բազմացմանը, երբ դուք հանդիպում եք հազարավոր հղումների, որոնք խոստանում են շատ արագ կարգավորել այս կամ այն հարցը՝ «անգլերենը՝ 5 օրում», «իմացեք կյանքում ձեր առաքելությունը՝ թեսթի միջոցով», «Հեգելի փիլիսոփայությունը՝ երկու էջում»: Երբ մենք չգիտենք այս կամ հարցի պատասխանը, մեզ թվում է, որ մեզ կօգնի google-ը կամ Վիքիփեդիան, վայրկյանական «գիտելիքը» կդրոշմվի մեր ուղեղում: Այդ «հեշտ» մշակույթը միաձուլվում է «ավանդական» պոպուլիզմի հետ՝ «գնդակահարենք մի քանի հոգու, եւ կսկսենք երջանիկ ապրել», «խլենք փողերը հարուստներից, բաժանենք աղքատներին (կամ դրանով զենք գնենք)»: Այդ պատրանքներով 21-րդ դարում շարունակում են ապրել միլիոնավոր մարդիկ:

2/ «Պոլիտկոռեկտությունը» ենթադրում է, որ կան ինչ-որ «չար», «անիծված» բառեր, որոնք հնչեցելուց աշխարհը կպայթի: Ենթադրենք, չի կարելի արտասանել «նեգր» բառը: Բայց եթե ոմանց հարցնեք, ապա պետք է խուսափել «կին» եւ «տղամարդ» բառերից, քանի որ դրանք ընդամենը կապված են X եւ Y քրոմոսոմների հետ, իսկ մնացածը «խոսելու վրա է», եւ, հետեւաբար, կա ոչ թե 2, այլ 8-10 սեռ: Եվ կարեւորն այն է, որ դա առաջ է քաշվում ոչ թե որպես վարկած կամ կարծիք, այլ՝ որպես մի վերջնականորեն հաստատված փաստ, օրենք, որից չի կարելի անգամ մեկ սանտիմետր շեղվել:

3/ Իրական ինքնությունը նախեւառաջ կրում է ազգային բնույթ: Մեր՝ հայերիս, ինքնությունը ձեւավորվել է հազարամյակների ընթացքում եւ խարսխվում է յուրահատուկ պատմական, կրոնական եւ մշակութային զարգացման վրա: Նաեւ՝ անհատների վրա: Ֆրանսիացի նշանավոր քիմիկոս Լուի Պաստորն ասել է՝ «Եթե Ֆրանսիայից հեռացնես 100 անուն (նկատի ունի գիտության եւ մշակույթի մարդկանց – Ա.Ա.), Ֆրանսիան երբեք գոյություն չէր ունենա: Մնացած ինքնությունները, այդ թվում՝ ազգի ներսում, ինձ համար կասկածելի են: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. փետրվարի 9-ի հանրահավաքում ասել է. «Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է՝ մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ ազգի տականքը»։ Այսինքն՝ ազգը բաժանվում է երկու ինքնությունների, երկու խմբերի՝ A (սպիտակ) եւ B (սեւ), իսկ C, D, E եւ այլ տարբերակները բացառվում են. դուք պարտադրված եք ձեզ նույնականացնել կա՛մ A, կա՛մ B խմբերի հետ: Պարզ է, որ այդպիսին է քաղաքական պայքարի տրամաբանությունը: Բայց ցանկացած նման բաժանում՝ նույնիսկ այն դեպքում, երբ այն արվում է Տեր-Պետրոսյանի նման հեղինակավոր անձի կողմից, արհեստական է. «ջրբաժանի» չափանիշները հեղհեղուկ են ու սուբյեկտիվ:

4/ Չեղարկման մշակույթի օրինակները բերել եմ հոդվածի սկզբում: Դարձյալ՝ ֆեյսբուքային իրականության պայմաններում, որտեղ չկա կարծիքների իրազեկության եւ հիմնավորվածության հիերարխիա, Կոպեռնիկոսը, որը կարծում էր, թե Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջ, «օստրակիզմի» կենթարկվեր մեծամասնության կողմից, որը վստահ էր, որ Երկրագունդը տիեզերքի կենտրոնում է:

Եվ վերջում եւս մի մեջբերում. «Մտավոր բռնությունը, բանական էակներին մտածողության մի որոշ ձեւ եւ ուղղություն պարտադրելով, խեղում է նրանց ոչ միայն մտապես, այլեւ հոգեպես»: Այդ մտքի հեղինակը, պատկերացրեք, Գարեգին Նժդեհն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930