Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարում պատշաճ ուշադրություն չդարձրինք ժառանգության ուսումնասիրությանը». Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ

Հոկտեմբեր 11,2021 16:19

«Այս գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո է կայանում, երբ մեր ամբողջ ժառանգությունը մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, ու կարեւոր է այնպես անել, որ այդ ժառանգությունը չավերվի: Այս գիտաժողովն արձագանքն է այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- նշեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնող Մանուշակ Տիտանյանը, որն ի թիվս այլ մասնագետների՝ մասնակցում էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովին:

«Անձամբ ես եկել եմ կարեւոր հաղորդագրությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ 1988թ. հայ պատմաճարտարապետական ժառանգությունը հնարավոր չի եղել հիմնովին ուսումնասիրել: Իհարկե, արվել են ինչ-ինչ ուսումնասիրություններ, բայց դրանք եղել են թաքուն կամ բավական սուղ պայմաններում: Ցավոք, 30 տարում պատշաճ ուշադրություն չդարձրինք ժառանգության եւ արժեքների ուսումնասիրությանը, եւ հիմա շատ կարեւոր է այդ հարցը դնելը, քանի որ մեր ամբողջ գիտական համայնքը այստեղ է: Համենայն դեպս այն, ինչ այսօր մնացել է Արցախի Հանրապետության ներկայիս տարածքում, պետք է անպայման ուսումնասիրվի. վերջիվերջո կարեւոր է ճանաչել պատմական ժառանգությունը եւ դրա իրական ժառանգորդը դառնալ»:

Տիկին Տիտանյանը ցավով նշեց, որ ավելի քան 2000 մեծ ու փոքր հուշարձաններ մնացել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում` սկսած քաղաքաշինական հուշարձաններից, ինչպես Հադրութի շրջանի Դիզակի գյուղերը, վերջացրած գերեզմանաքարերով ու մնացած հուշարձաններով:

Հավելենք, որ առաջին անգամ է Հայաստանում ՀՀ ԿԳՄՍՆ միջնորդությամբ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ և ԱՊՀ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նման մասշտաբի գիտաժողով անցկացվում, որը Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի 100-ամյակի շրջանակներում է: Գիտաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 13-ը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031