Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե մենք կարողանայինք պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 19-ին, իմ հաշվարկներով՝ կունենայինք 2000-2500-ով քիչ զոհեր». Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 21,2021 22:00

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ընթացքում, որին մասնակցում էին 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները, հարց հնչեց՝ արդյոք հնարավո՞ր էր բացառել, կամ կանգնեցնել արցախյան 44-օրյա պատերազմը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Տավուշյան հայտնի իրադարձություններից  հետո՝ օգոստոսի կեսերից, ակնհայտ էր, որ Թուրքիան և Ադրբեջանը պլանավորում են ռազմական գործողություններ: Դրա մասին խոսում էր հայաստանյան, ռուսաստանյան, ադրբեջանական մամուլը, տելեգրամյան ալիքները: Ակնհայտ էր, որ մոբիլիզացիոն բավական խոշոր գործընթացներ էին գնում: Նույնիսկ ադրբեջանական մամուլում ակնհայտ էր, որ հավաքագրում էին մեքենաներ, բեռնատարներ, պահեստազորի հավաքներ էին սկսվում Ադրբեջանում, Նախիջևանում: Այն մարդիկ, որոնք նվազագույն գիտելիքներ ունեին՝ ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսը, պետք է կանխատեսեին և իրենց ապահովության համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնեին»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ մենք բավականին ուշ սկսեցինք մոբիլիզացիոն գործընթացները. «Զինված ուժերը համապատասխան մարտական իրավիճակի չեն բերվել՝ հատկապես ՊԲ-ում որևէ ձևով չեն իրականացվել: Համալրման գործընթացը պետք է իրականացվեր զորամասերի համալրմամբ, այլ ոչ թե ջոկատների միջոցով՝ մարդկանց ռազմաճակատ ուղարկելու տարբերակով: Մյուս կարևոր հանգամանքն էր այն, որ պետք էր իրադրությանը համահունչ գնահատական տրվեր և ներկայացվեր քաղաքական ղեկավարությանը, որն էլ համապատասխան որոշում կայացներ»:

Տիգրան Աբրահամյանը վստահեցրեց՝ մենք հնարավորություն ունեցել ենք պատերազմ կանգնեցնելու  ու շեշտեց. «Դրա մասին բացահայտ խոսում էր այն պետության ղեկավարը, որը միջնորդական առաքելություն ուներ: Հրապարակային խոսում էր այն մասին, որ, օրինակ, հոկտեմբերի 19-ին նման առաջարկ է արել, և ի զարմանս իրեն ՀՀ իշխանությունները չեն ընդունել: Եթե մենք կարողանայինք պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 19-ին, իմ հաշվարկներով կունենայինք 2000-2500-ով քիչ զոհեր,այդ համամասնությամբ ավելի քիչ վիրավորներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ և, բնականաբար, մենք կունենայինք շատ ավելի քիչ կորած տարածքներ: Միայն Հադրութը, Շուշին չեն. մենք մոռանում ենք, որ Ադրբեջանը նաև Մարտակերտի, Ասկերանի շրջանի գյուղերից, Մարտունու շրջանի գյուղերից է վերցրել: Իրականում, եթե ժամանակին քաղաքական ճիշտ որոշում լիներ, բնականաբար, այս կետին չէինք հասնելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031