Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում ՔՈՎԻԴ-19-ից ժամը 2 մարդ մահանում է. Արմեն Սողոյան

Հոկտեմբեր 25,2021 15:40

ՔՈՎԻԴ-19-ով վարակված եւ հիվանդությունը հաղթահարած քաղաքացիները հետագայում առողջական եւ հոգեկան խնդիրներ են ունենում: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանն ու Արմեն Սողոյանը ներկայացրին՝ ինչ բարդություններ են ունենում կորոնավիրուս տարած քաղաքացիները:

Սամվել Հայրումյան

Սամվել Հայրումյանի խոսքով, հետքովիդյան շրջանում մարդկանց մոտ ամիսներով մկանային ցավեր, թուլություն, կողմնորոշման ու հիշողության խանգարումներ, հաճախասրտություն, համի եւ հոտի զգացողության խանգարումներ են լինում. «Կորոնավիրուսի ամեն հաջորդ ալիք ավելի ծանր է ընթանում, այժմ գործ ունենք «դելտա» շտամի հետ, որն ավելի մեծ վարակելիություն ունի, նույնիսկ երեխաների մոտ է ծանր ընթանում: Եթե երեխաներին պատվաստելու խոսք չկա, հիմա, ԱՄՆ-ում դիմել են կառավարությանը, որպեսզի 5-11 տարեկաններին նույնպես ներառեն պատվաստվելու ենթակա անձանց խմբում»:

Ըստ Արմեն Սողոյանի, ՔՈՎԻԴ-19-ը ախտահարում է բոլոր օրգան համակարգերը՝ այդ թվում կենտրոնական նյարդային համակարգը.
«Եթե միկրոսնուցման մակարդակով ախտահարվում է նաեւ ուղեղը: Այդ դեպքում կարող են տեղի ունենալ հոգեկանի խանգարումներ, սկսած ճանաչողական ֆունկցիաների ընկճումից, եզրահանգումներ անելու դժվարություններից, մինչեւ հիշողության վատացում, համի, հոտի աղավաղումներ, ընդհուպ մինչեւ համի եւ հոտի հալյուցինացիաներ, ինչպես նաեւ կարող են սրվել տարբեր տեսակի հիվանդությունները»։

Սամվել Հայրումյանն էլ ասաց, որ այս վիրուսով վարակվելը նպաստում է հետագայում դիաբետի առաջացմանը:

Արմեն Սողոյանը մտահոգիչ համարեց մահացության բարձր ցուցանիշը. «Հայաստանում մահացությունն աճում է չափազանց ահագնացող ցուցանիշներով: Միջինը օրական 40 մահ է արձանագրվում, իսկ դա նշանակում է՝ գործնականում ժամը երկու մարդ մահանում է: Եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ ծնունդները տարեկան մոտ 50 հազար են, ապա օրական այդքան մահերը շատ վտանգավոր են տարվա կտրվածքով»:

Արմեն Սողոյանը կարծում է, որ դրանից խուսափելու լավագույն միջոցը հիգիենայի ու սոցիալական հեռավորության պահպանումն է եւ պատվաստումը:

Ինչ վերաբերում է պատվաստման վերաբերյալ տարածված միֆերին, այն է՝ պատվաստանյութերն առաջացնում են անպտղություն, տարբեր հիվանդություններ, ապա, ըստ Սամվել Հայրումյանի, արդեն իսկ կան գիտական ապացույցներ, որ պատվաստանյութը չի կարող անպտղության պատճառ լինել. «Կան երկրներ, որոնք ավելի շուտ էին սկսել պատվաստումները եւ այնտեղ պատվաստված կանայք ե՛ւ նորմալ հղիացել եւ արդեն իսկ ծննդաբերել են: Որեւէ պատվաստանյութ չունի կենդանի վիրուս, հետեւաբար չի կարող առաջացնել հիվանդություն, ընդամենը նպաստում է հակամարմինների արտադրությանը եւ իմունիտետը պատրաստում է իրական վիրուսի հետ հանդիպմանը»:

Արմեն Սողոյանն էլ ասաց, որ հակաքարոզչություն իրականացնող անձիք, երբ հիվանդանում են ՔՈՎԻԴ-ով, սկսում են աջ ու ձախ խնդրել, որպեսզի իրենց տեղավորեն հիվանդանոց, որովհետեւ հիվանդանոցներում արդեն տեղ չկա. «Ո՞ւր են այն մարդիկ, որ խոսում էին՝ պատվաստումները պետք չէ անել: Բոլորը ձայնները կտրել են, որովհետեւ տեսնում են, որ իրենց հակաքարոզչության արդյունքում այսօր բավական լուրջ խնդիրներ են առաջանում, մարդիկ են մահանում: 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը նորից հղիացել էր, որպեսզի նոր երեխա լույս աշխարհ բերի, բայց հղիության 5-րդ ամսում ՔՈՎԻԴ-ից մահացավ: Եթե այդ մարդիկ պատվաստված լինեին՝ չէին մահանա: Պատվաստումը հնարավորություն է տալիս գործնականում բացառել մահվան ռիսկը եւ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու ռիսկը: Բոլորը պետք է պատվաստվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031