Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի միջանցքի» առաջին փուլն իրենք իրագործել են. Թադեւոս Ավետիսյան

Նոյեմբեր 11,2021 17:40 Share

«Ի վերջո «Մեղրիի միջանցքի» առաջին փուլն իրենք իրագործել են։ Այսինքն՝ 40 կմ ճանապարհի 20 կմ արդեն իրենցով արեցին, մնաց մնացածը»,- այսօր խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրատապ քննարկում էր հրավիրել՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեկ երեկոյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Սյունիքի ճանապարհի այս հատվածի վրա թուրք-ադրբեջանական տանդեմը կարող էր իր նույն կառույցները կառուցել եւ վերցնել իր տիրապետության տակ հենց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն չի արել ավելորդ խնդիրներ չունենալու պատճառով. «Ընդամենը մեկ տարի անց, Ադրբեջանը հանգիստ հասավ իր նպատակին։ Հայաստանի իշխանությունը թմրեցրեց հանրությանը, ինչ-որ ճանապարհատիպ այլընտրանք կառուցեց. այսինքն՝ հիմա այլընտրանքը կա, նորմալ է, գլխավոր ճանապարհն էլ համարեցին ադրբեջանական ու սահուն կերպով զիջեցին»:

Միջանցքի տրամադրման հաջորդ փուլն էլ, ըստ Թադեւոս Ավետիսյանի, ծրագրավորված եւ հետեւողականորեն իրագործվում է. «Պարզ սխեմա է գործում՝ թմրեցնում են, կտրում են, անցնում են առաջ։ Սա է անում Ադրբեջանը Թուրքիայի թիկունքով»։

Բանախոսը նկատում է, որ ՀՀ մտնող բեռների 40 տոկոսը Գորիս-Կապան ճանապարհով է գալիս, առաջարկվող այլընտրանքային՝ Տաթեւ-Աղավնո ճանապարհը բացարձակ չի կարող այլընտրանք համարվել, քանի որ ոչ տնտեսական, ոչ անվտանգային գնահատական չկա տրված: Արդյունքում, ըստ նրա, Հայաստանը երկկողմանի շրջափակման վիճակից անցնելու է երեք կողմից շրջափակված վիճակի. «Մենք կամաց-կամաց անկլավանում ենք։ Խաղաղության օրակարգը, որ բերվել է, դրա ներքո հանգիստ բացում են ճանապարհ, որպեսզի թուրք-ադրբեջանական օրակարգն առաջ մղվի։ Այսինքն, ամեն ինչ անում են, հնարավորությունները ստեղծում են, պասերով խաղում են, որպեսզի կարողանան ի վերջո հասնել միջանցքին։ Ինչքան էլ հայտարարեն՝ միջանցք չկա, այս ճանապարհն այդ միջանցքի մի հատվածն է, որն այլեւս կորցրեցինք։ Իրենց նպատակն է՝ որոշ ժամանակ անցնի, հանդարտվեն, դրանից հետո օրակարգ կբերվի հաջորդ 20 կմ-ը առոք-փառոք թուրքին հանձնելու իրենց նախաձեռնությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930