Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի համայնքապետի եղբայրն ու զարմիկները ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետին

Նոյեմբեր 21,2021 20:37

Ըստ մեր տեղեկությունների, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները  նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։

Aravot.am-փորձեց լուրը ճշտել Աթանեսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց Մեղրիի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածքային կառույցի պատասխանատու Արարատ Թումանյանը։ «Արթուր Աթանեսյանին ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրի, իսկ նա հրաժարվում է։ Հենց համայնքապետը Արթուրին ասել  է՝ նայի չփոշմանես, վատ կլինի։ Վահրավարի իր հողամասում այգեգործական աշխատանքներով էր զբաղված, երբ համայնքապետի եղբայրը՝ Եղիշե Զաքարյանը, հորեղբոր թոռը՝ Վարդան Զաքարյանը եւ մեկ այլ բարեկամ՝ Լիբիկ Օհանյանը, հարձակվեցին Արթուրի վրա։ Ոստիկանությունում տեղյակ են, բայց դեռ Արթուր Աթանեսյանից ցուցմունք չեն վերցրել, որովհետեւ ի վիճակի չէ ցուցմունք տալու»,-պատմեց Արարատ Թումանյանը։

Մեղրիում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն, կոմունալտնտեսության պետին ծեծել են, քանի որ համարձակվել էր Բագրատ Զաքարյանի անձը վիրավորող գրառում անել։ «Չեմ կարող ասել, բայց իրական պատճառը աշխատանքից ազատվելու դիմում գրելն էր։ Ոչ միայն Արթուր Աթանեսյանին, այլ շատերին են առաջարկել դիմում գրելու։ Ոմանք արդեն գրել են»,-ասաց Արարատ Թումանյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ Մեղրիում նորից վախի մթնոլորտ է ստեղծվել։ «Պատկերացնո՞ւմ եք Արթուր Աթանեսյանի մտերիմ ընկերը Ագարակի վարչական նախկին ղեկավար Գեւորգ Առաքելյանը ականատես էր եղել դեպքին, բայց հրաժարվում է վկայություն տալ, պատճառաբանելով՝ որ շատ հեռու է եղել»,-ասաց Արարատ Թումանյանը։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ, որը  օրեր առաջ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշել էր, որ Aravot.am-ի հարցերին ցանկություն չունի պատասխանելու։ Այս անգամ Բագրատ Զաքարյանը պարզաբանեց, որ զբաղված էր եւ դրա համար չի պատասխանել մեր հարցերին։ «Ես կասեմ, որ Արթուր Աթանեսյանի հետ նման խոսակցություն չի եղել, մենք այն օրն էլ հանդիպեցինք առանձին ու խոսեցինք աշխատանքային պարտականությունների մասին»,-ասաց Մեղրիի համայնքապետը։  Մեր այն դիտարկմանը, թե Արթուր Աթանեսյանը որեւէ գրառում արել է՝ Բագրատ Զաքարյանը ասաց․ «Բավարարվենք այսքանով։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու»։

Հիշեցնենք, որ Բագրատ Զաքարյանը համայնքապետ է ընտրվել նոյեմբերի 11-ին Մեղրիի նորընտիր ավագանու նիստում։  Նա «Հանրապետություն» կուսակցության անդամ է, սրը ստացել էր 6 մանդատ։ Այս կուսակցության հետ հուշագիր ստորագրեց «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը։ «Ազատական»-ը ունի երկու մանդատ։ Կառավարող ուժը ստացել էր 5 մանդատ, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 2 մանդատ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930