Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորից համահայկական բեկումն է լինելու»

Նոյեմբեր 27,2021 14:30

«ՀԱՍԿ-ում Կարեն Դեմիրճյանի փիլիսոփայության եւ գործելաոճի կրողներն են». «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը:

– Հանրապետության տարբեր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, Ձեր ղեկավարած կուսակցությունը բավական ներկայացուցչական ձեւով մասնակցում է Վանաձորի ընտրություններին: Ինչո՞ւ Վանաձորը:

– Մենք կարող էինք մի շարք համայնքներում մասնակցել ընտրությունների. եւ առաջարկները կային, եւ հնարավորությունները, բայց քննարկումների արդյունքում, որոշեցինք ուժերը կենտրոնացնել մեկ համայնքում, որպեսզի ավելի արդյունավետ լինի: Այդքան մեծ ռեսուրսների չենք տիրապետում, որպեսզի զուգահեռաբար կարողանանք այդ կարեւոր աշխատանքը տանել: Ընտրեցինք Վանաձորը, որովհետեւ նախ այն համայնքներում, որտեղ ընտրական գործընթացներ են, Վանաձորն ամենախոշոր համայնքն է, Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է իր մեծությամբ: Բացի դա, Վանաձորն ինձ համար հարազատ քաղաք է. ինքս Վանաձորից եմ, այնտեղ եմ անցկացրել պատանեկության եւ երիտասարդության տարիները, Վանաձորում մեր կուսակցությունը ուժեղ կառույց ունի՝ նաեւ շատ բարեկամներ, ընկերներ, համակիրներ: Թիմի կորիզը հավաքվել է վանաձորցիներին քաջ ծանոթ մարդկանցից: Կարելի է ասել, դա մեր «Հայկական համախմբում» ծրագրի մեջ մտնող քայլ է, Վանաձորն, իսկապես, այդ համախմբման արդեն կոնկրետ դրսեւորումն է: Մեր համոզմամբ, Հայաստանում քաղաքական ուժերի եւ գործիչների վերադասավորումներ են անհրաժեշտ. նախ տեղերում պետք է կարող թիմեր ձեւավորվեն, ապա՝ համահայաստանյան: Մեր հնարավորությունները եւ ցանկությունները փորձեցինք մեկտեղել Վանաձորում:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Սպասելիքները բավական մեծ են, լուրջ են, որովհետեւ Վանաձորում լավ թիմ ենք հավաքել: Նրանք առաջին հերթին Վանաձորի նկատմամբ հոգատար եւ սրտացավ մարդիկ են, իրենց գործի պրոֆեսիոնալներ են: Թիմը ղեկավարում է բավական մեծ փորձառություն ունեցող Արկադի Փելեշյանը (նկարում), մեր թիմում է Արման Բեռնեցյանը. նրանք տարիներ շարունակ եղել են Վանաձորի առաջին եւ երկրորդ փոխքաղաքապետերը: Մեր թիմում են նաեւ այլ մարդիկ, ովքեր նույնպես տարիներ շարունակ զբաղված են եղել քաղաքային խնդիրների լուծմամբ: Մենք հաշվի ենք առել թիմի աշխատանքային փորձը: Նրանք բոլորն էլ մաքուր մարդիկ են, իրենց գործին եւ քաղաքին նվիրված, վանաձորցիներին սիրող, անշահախնդիր, Վանաձորում ընդունված: Հուսով ենք, վանաձորցիները կգնահատեն մեր թիմի որակները եւ կքվեարկեն Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության օգտին:

Կարծում ենք, այդպիսով նաեւ համապետական նշանակության քայլ կարվի Վանաձորում. մենք վերջապես կճեղքենք այս կախարդական շրջագիծը, որի մեջ հայտնվել է մեր հանրապետությունն ու ժողովուրդը, վերջապես դուրս կգանք այս անհաջողությունների շրջանից եւ իսկապես հայաստանում կունենանք ուժեղ եւ արժանապատիվ պետություն: Այն պետությունը, որը երազում են բոլոր ողջամիտ եւ հայրենասեր հայերը:

– Ձեր նշած բեկումը ինչո՞ւ հնարավոր չէր ապահովել Գորիսում, Կապանում, Մեղրիում: Այսինքն, Սյունիքի ցանկացած համայնքում, մանավանդ որ, այդ հատվածն այսօր առավել ստրատեգիական նշանակություն ունի եւ բեկում ապահովելու առումով, այսպես ասենք, առավել պարարտ հիմք կա:

– Հարցը շատ կարեւոր է եւ ես, անկեղծ ասեմ, անգամ դժվարանում եմ ասել այն, ինչ իրականում մտածում եմ: Իհարկե, իր անվտանգային խնդիրներով, ստրատեգիական նշանակությամբ Սյունիքն այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում է եւ անկախ նրանից, թե այնտեղ ի՞նչ քաղաքական ուժեր եւ գործիչներ են, բոլորս ենք նրանց սատար: Անհրաժեշտության դեպքում, բոլոր հայրենասեր սյունեցիների թիկունքին եւ կողքին կանգնելու ենք: Ես անձնապես չեմ ճանաչում Սյունիքի քաղաքապետերից որեւէ մեկին, բայց թե Գորիսում, թե Կապանում, տեսնում եմ, որ հայրենասեր երիտասարդներ են եւ անտեղի եմ համարում նրանց դեմ հալածանքը:

Մեղրիում, ընտրություններից հետո, կարծես խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Ամեն դեպքում, իր ընտրողների թվով, Սյունիքը մեր ամենաքիչ ընտրող ունեցող մարզն է կամ մարզերից մեկն է եւ մեծ ազդեցություն ունենալ հանրապետական նշանակության անցուդարձերի վրա, չի կարող: Բոլոր դեպքերում, խնդիրը նոր է առաջացել եւ ժողովուրդը կարծես չի էլ ադապտացվել Սյունիքի անվտանգության խնդիրներին: Բայց Վանաձորը միշտ էլ հայտնի է եղել, իբրեւ հանրապետության երրորդ քաղաք՝ իր մեծությամբ, իբրեւ արդյունաբերական, մշակութային կենտրոններով: Եվ, կարելի է ասել, որպես բնակավայր, ավելի հնչեղ է, քան ամբողջ Սյունիքը: Նաեւ քաղաքական գործընթացների եւ իրավիճակների հարցեր կան, որոնց մեջ չեմ ցանկանում խորանալ: Անգամ չէի ցանկանա, որ Սյունիքը՝ հաշվի առնելով նրա ստրատեգիական նշանակությունը, շատ քաղաքականացվի, կուսակցականացվի: Տեսեք, ստեղծվեց սյունեցիների՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը. չգիտեմ, թե դա որքանո՞վ ճիշտ քայլ էր: Դա համազգային խնդիր է, բոլորիս անելիքն է: Ի վերջո, կուսակցություններն այդքան էլ դրական դեր չեն խաղում քաղաքականության մեջ, դրանք նաեւ հասարակությունը մասնատող են եւ Հայաստանում շատ կուսակցությունների գոյությունը բոլորովին ձեռնտու չէ մեր ժողովրդին եւ պետությանը: Ամբողջ աշխարհում, գաղափարական իմաստով, 2-3 կուսակցություններ են՝ լիբերալներ, սոցիալիստներ, պահպանողականներ: Մեզ մոտ՝ չես էլ հասկանում, ի՞նչ գաղափարներ են, ի՞նչ գիծ են ուզում տանել:

Օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունը. բոլորը գիտեն, որ դա Ռուբեն Վարդանյանի, այսպես ասած, պրոյեկտն է: Ես Ռուբեն Վարդանյանի դեմ ոչինչ չունեմ, բայց ո՞րն է այդ կուսակցության նպատակը: Կուսակցությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր արդեն մի քանի կուսակցություններով են անցել, ովքեր վերջին տարիներին Հայաստանում շատ կարեւոր բնագավառ են ղեկավարել եւ չէի ասի, թե փայլուն արդյունքներ են գրանցել: Այդ կուսակցությունից մեր ժողովրդի սպասելիքները որո՞նք են լինելու: Այս օրինակի վրա ես ուզում եմ ասել, որ եկեք կարեւոր տեղերում ժողովրդին հանգիստ թողնենք, չտանենք կուսակցական, քաղաքական անցուդարձերի մեջ մտցնենք գործընթացները, այլ դրանք համազգային խնդիր ձեւակերպենք եւ ամբողջ ազգով կանգնենք, պայքարենք, պաշտպանենք:

– Վանաձորում ընտրություններին մասնակցում է տասը ուժ, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, իշխող կուսակցությունը՝ մարզպետի գլխավորությամբ. ո՞ր ուժին եք մրցակից համարում, որի հետ համագործակցելու եզր տեսնում եք:

– Նախկին քաղաքապետի ղեկավարած դաշինքը որոշակի ձայներ կարող է ապահովել, վատ էլ թիմ հավաքված չէ այնտեղ, բայց ես այդ դաշինքի քաղաքական բովանդակությունը չեմ տեսնում: Դաշինքի անդամներից մեկը «Ազատ դեմոկրատներն» են, կուսակցություն, որի գոյությունը անհասկանալի է ինձ համար, մյուսը՝ ընտրությունների ֆոնին ստեղծված կուսակցություն է: Այսինքն, Մամիկոն Ասլանյանի հույսը, ենթադրում եմ, իր անձն է, ոչ թե քաղաքական գործընթացը: Իմ գնահատմամբ, հիմնական մրցակցությունը կգնա մեր կուսակցության՝ ՀԱՍԿ-ի եւ իշխող ՔՊ-ի միջեւ: Միանգամից ասեմ՝ ՔՊ-ին մենք համարում ենք ՀՀՇ-ի հետնորդը, ՀՀՇ-ի մոդիֆիկացված տեսակը եւ իբրեւ սոցիալիստներ, երբեք չենք ընդունել իրենց լիբերալ մոտեցումները: ՔՊ-ում ինչ էլ որ խոսեն՝ իրենք Հայաստանում շարունակում են այն գիծը, ինչը որ եղել է վերջին 30 տարիներին: Նրանց ոչ սոցիալ-տնտեսական քաղաքականության, ոչ վարքագծի, ոչ էլ պահվածքի մեջ ոչինչ չի փոխվել: ՔՊ-ին մենք լուրջ մրցակից չենք համարում, բայց չենք էլ ցանկանում, որ ժողովրդին մոլորության մեջ գցեն: Իշխող կուսակցության թեկնածուի՝ Արամ Խաչատրյանի հայրը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մարզպետի տեղակալ էր՝ Մայիս Խաչատրյանը եւ բոլորն էլ գիտեն, որ նա ՀՀՇ-ական մտածողության գործիչ է: Մենք վանաձորցիներին կոչ ենք անում՝ կրկին անգամ չսխալվել եւ ձայն չտալ ՀՀՇ-ի վերածնունդին:

– Գյումրիում իշխող կուսակցության ցուցակը կրկին մարզպետն էր գլխավորում եւ պարտվեց: Վանաձորում այլ պատկերը բացառո՞ւմ եք:

– Միանգամայն: Վանաձորում միայն մեկ խնդիր կա, դա Գյումրիում էլ կար՝ ժողովրդի ակտիվության խնդիրն է: Մեր ցանկությունն է, որ մարդիկ մոտիվացվեն, վանաձորցիները հասկանան, որ այսօր Վանաձորում ոչ թե իրենց խնդիրն է լուծվում, այլ հայ ժողովրդի, որովհետեւ մենք նոր ճանապարհ ենք ցույց տալիս, նոր նպատակներ ենք դնելու իրենց առջեւ: Տեղական ընտրությունները տարբերվում են համապետականից եւ բնական է, որ տեղական ընտրությունների ժամանակ առաջ են գալիս կոմունալ-կենցաղային հարցերը: Մեր ուշադրության կենտրոնում լինելու են նաեւ սոցիալ-տնտեսական հարցերը՝ աշխատատեղեր, աշխատավարձ, որոնք մյուսները չեն լուծելու, միայն մենք են կարողանալու դա անել: Ես հիմա չեմ ցանկանում պատասխանել հարցին՝ ինչպե՞ս ենք լուծելու: Մենք գիտենք, թե ինչպես: Համոզված ենք: Ծրագիրը ունենք, քայլերը գիտենք, բայց ժամանակից շուտ ասել չեմ ցանկանում, դրանք լուրջ քայլեր են:

– Բայց եթե մարդիկ չգիտեն՝ ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց վստահեն ձեզ:

– Մեր անվանումը շատ բան է ասում, մենք ասպարեզում եղած միակ ուժն ենք, որը իր գաղափարախոսությամբ տարբերվում է մնացած ուժերից: Հայաստանում մինչեւ այժմ երեք փիլիսոփայություն է առկա եղել, որոնք բացահայտ չեն դրսեւորվել. Լեւոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը եւ գործելաոճը, Կարեն Դեմիրճյանի փիլիսոփայությունը եւ գործելաոճը, եւ ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան տանդեմի փիլիսոփայությունն ու գործելաոճը: Մենք՝ Կարեն Դեմիրճյանի փիլիսոփայության եւ գործելաոճի կրողներն ենք: Դա, կարծում եմ, կարեւոր է: Մենք սոցիալիստական գաղափարախոսություն ունենք, կոմունիստներ չենք, կոմունիստական ռեստավրացիայի, ոչ էլ կարոտախտի հարց չկա: Կոնկրետ ինձ համար, շատ հետաքրքիր է սոցիալիզմի չինական մոդելը: Համոզված եղեք, որ մենք այդ մոդելով հաջողելու ենք եւ մեծաքանակ ներդրումներ են գալու Վանաձոր, ապա Հայաստան: Պարզապես, պետք է ճիշտ գործընկերներ, դաշնակիցներ գտնել եւ ճիշտ հարաբերություններ կառուցել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930