Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վանաձոր համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքների համար պետբյուջեից ֆինանսավորում չի իրականացվել՝ որակի հետ կապված մի շարք խնդիրների պատճառով

Փետրվար 13,2024 16:46

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի խոշորացված համայնքների ղեկավարները:

Հանդիպման նպատակն է եղել տեղում բարձրաձայնել և քննարկել համայնքներում առկա խնդիրները, վեր հանել պատճառները:

Համայնքապետերն անդրադարձել են մի շարք խնդիրների և նշել, որ դրանց լուծման հարցում ակնկալում են մարզպետ Արամ Ղազարյանի աջակցությունը:

Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը մասնավորապես բարձրաձայնել է Վանաձորի և հարակից համայնքների համար նոր աղբավայրի կառուցման խնդիրը: Վերջինս ՀՀ ՏԿԵ նախարարության հետ քննարկման տիրույթում է: Ներկա պահին, աղբը տեղափոխվում է Արջուտի աղբավայր, սակայն հարցի առավել երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտություն կա:

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ մարզկենտրոնում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների համար պետբյուջեից ֆինանսավորում չի իրականացվել՝ որակի հետ կապված մի շարք խնդիրների պատճառով: Մարզպետի հանձնարարությամբ քննարկում կկազմակերպվի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի և շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առկա խնդիրները բազմակողմանիորեն քննարկելու և լուծման արդյունավետ տարբերակներ առաջարկելու նպատակով: Ա. Ղազարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու:

Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարներն անդրադարձել են համայնքների տարածքներով անցնող հանրապետական, միջպետական նշանակության ճանապարհների սպասարկմանը, ճանապարհային նշանների որակին: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ այս և ճանապարհների սպասարկման հետ կապված այլ խնդիրներ կգույքագրվեն և կներկայացվեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին:

Ներհամայնքային և միջհամայնքային երթուղային ցանցերի անխափան գործարկման խնդիրը, երթուղիների սպասարկման որակի հետ կապված հարցերն արդիական էին բոլոր համայնքներում: Մարզպետը մասնավորապես ներմարզային և միջմարզային երթուղիների հարցի վերաբերյալ նշել է, որ ներկայում ՀՀ ՏԿԵ նախարարության հետ քննարկվում են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման հնարավորությունները: Դիտարկվում է գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարությունը ՝ համայնքների ղեկավարներին առաջարկելով նաև համապատասխան դիրքորոշում ներկայացնել:
Համայնքների ղեկավարները, որպես մտահոգություն, ներկայացրել են նաև հատկապես գյուղական բնակավայրերում, էլեկտրալարերի վնասման պատճառով հաճախակի հոսանքազրկումները: Սպիտակ համայնքի ղեկավարն անդրադարձել է նորակառույց «Բանավան» թաղամասի ջրամատակարարման ցանցի կառուցման խնդրին՝ նշելով, որ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ցանցի կառուցման ծրագիրն իրականացվել է 50 տոկոսով և 2021թ.-ից ինչ-ինչ պատճառներով դադար է առել: Ա. Ղազարյանի հանձնարարությամբ համապատասխան ոլորտային պատասխանատուները հետամուտ կլինեն նաև այս խնդիրների լուծման հարցում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի» պատշաճ իրականացմանը:

Համայնքների ղեկավարները բարձրաձայնել են նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ «ՀՀ Լոռու մարզի միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմման» (համայնքների գլխավոր հատակագծերի կազմում) գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ, նշել, որ փաստաթղթում առկա են որոշակի անհամապատասխանություններ: Բոլոր դիտարկումները գրավոր կերպով արդեն իսկ ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե: Մարզի ղեկավարը հանձնարարել է հետևողական լինել և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

-Անձամբ հետամուտ եմ լինելու բոլոր խնդիրների լուծման հարցում և արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ մարզում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է լինի մեր վերահսկողության տակ, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ծրագրերի հաջող ընթացքի համար,-ասել է մարզի ղեկավարը:
Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829