Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դիլիջանի նախկին գիշերօթիկ հաստատությունում մինչև այսօր շարունակում են ապաստանել միայնակ ծերերը, հաշմանդամություն կամ հոգեկան առողջություն ունեցող արցախցիներ

Նոյեմբեր 28,2021 18:36

Դիլիջանի նախկին գիշերօթիկ հաստատությունում պատերազմից հետո բազմաթիվ արցախցիներ են ապաստանել: Ժամանակի ընթացքում աշխատունակ ընտանիքները կարողացել են դուրս գալ կենտրոնից և իրենց կյանքը կառուցել:

Այսօր գիշերօթիկում շարունակում են բնակվել միայնակ ծերերը, հոգեկան առողջության խնդիրներով կամ հաշմանդամ 20-ից ավելի արցախցիներ:

Բնակիչների մեծ մասը Արցախի Հադրութի շրջանից է և միայնակ կենցաղավարությանն անընդունակ մարդիկ են:

Բնակիչները մինչև այսօր չունեն փախստականի կարգավիճակ, այլ մնում են տեղահանվածի կարգավիճակում:

Սեպտեմբերին գիշերօթիկի բնակիչներին տվել էին մեկ ամիս ժամանակ շենքից դուրս գալու համար, այն ընտանիքները, որոնք կարող էին հոգալ իրենց կարիքները, լքել են շենքը, և այսօր գիշերօթիկի միակ բնակիչները մնացել են միայնակ ծերերը, հոգական առողջության խնդիրներով կամ հաշմանդամություն ունեցող բնակիչները:

Բնակիչների մեծ մասը նշում էն, որ իրենք չեն տեսնում ապագա:

65-ամյա արցախցի տիկին Թամարան պատերազմից հետո իր հոգեկան առողջական խնդիրներ ունեցող տղայի հետ միասին բնակվում է Դիլիջանի նախկին գիշերօթիկ հաստատությունում:

Տիկին Թամարան պատմում է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր տղան աշխատունակ չեն և գիշերօթիկից դուրս գալուց հետո չգիտի, թե ինչպես են գոյատևելու:

«Մենք էլ ի՞նչ ապագա ունենք: Տունս կորցրեցի, ամեն ինչս կորցրեցի ու հիմա ոչ մի ապագա էլ չունենք: Հիմա սպասում ենք, թե որտեղ մեզ բնակության տեղ կտան, որ կարողանանք դուրս գալ գիշերօթիկից: Սակայն Արցախ էլ չենք վերադառնա, մենք մեզ այնտեղ էլ ապահով չենք զգում: Մենք այն ժամանակ էլ Արցախում չենք կարողացել ոչ մի արտոնությունից օգտվել, անգամ տղայիս հոգեկան առողջության հետ կապված թոշակ չենք ստացել»:

Դավթյան Ալվարդն ունի հոգական առողջական խնդիրներ: Վերջինս գիշերօթիկ հաստատությունում բնակվում է ծեր հոր և 60 անց եղբոր հետ: Տիկին Ալվարդը վստահեցնում է՝ իրենց համար մեկ է, թե որտեղ տուն կտրամադրեն, կգնան ու կապրեն, անգամ եթե այդ տունը լինի Արցախում, սակայն դեռ ոչ մի հույս չկա, որ մոտ ժամանակներում իրենք կստանան տուն:

Գիշերօթիկի բնակիչներից է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  Տիկին Նոնան, ով իր 50-ամյակը նոյեմբերին նշեց գիշերօթիկում:

Սումգայիթի ջարդերի ժամանակ Շուշիում բնակություն հաստատած տիկին Նոնայի միակ հարազատները՝ հայրն ու մայրը, մահացել են Շուշիում:

Բնակիչները տիկին Նոնայի նկատմամբ հատուկ հոգատարություն ունեն: Ասում է՝ իմ նոր ընտանիքը գիշերօթիկի բնակիչներն են դարձել:

Հակոբյան Ռիտան իր 8 հոգանոց ընտանիքով ևս շարունակում է ապրել հաստատությունում:

7 երեխա ունեցող տիկին Ռիտայի ամենափոքր երեխան 3 տարեկան է իսկ մեծը՝ 19 տարեկան աղջիկն է, որն արդեն ամուսնացել է:

Գիշերօթիկից դուրս գալուց հետո դեռ չեն որոշել՝ ինչ են անելու: Ասում է՝ սպասում է, որ իրենց տնով ապահովեն, բայց միայն ոչ Արցախում․ «Իմանանք ապահով է կգնանք, բայց չեմ ուզում երեխեքս Արցախում ապրեն, իրենք էլ չեն ուզում»:

Բնակիչների համար առանձնահատուկ նշանակություն ունի խոհարար Կարապետյան Աստղիկը: Նա պատերազմի առաջին օրվանից մինչև այսօր շարունակում է ոչ միայն սնունդ պատրաստել բնակիչների համար, այլ զբաղվում է կենտրոնի բնակիչների բոլոր կարիքներին լուծում տալով:

Նրա խոսքով՝ բնակիչներին խոստացել են, որ վերջիններս կարող են մնալ շենքում նաև ձմռան ամիսներին, սակայն չի միացվել ջեռուցման համակարգը, և բնակիչները տաքանում են իրենց սենյակներում միացված սալօջախներով:

«Այստեղ արդեն 1 տարի է ինչ աշխատում եմ, սակայն միայն խոհարարը չեմ այստեղի: Շենքում հոգական առողջության խնդիրներ ունեցող բնակիչներ կան, ես եմ իրենց ուղեկցում հիվանդանոց դեղերը ստանալու, ինչպես նաև զբաղվում եմ տարբեր կարիքները հոգալու համար կենտրոններ դիմելով և մնացած բոլոր հարցերով, որովհետև էս խեղճ մարդիկ չեն կարող միայնակ անել, ինչ անես, հո չես թողնի»:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930