Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվան հասնելու համար անհավատալի շատ էներգիա, սիրտ եւ հոգի է պահանջվել». Աննա Մնացականյան

Դեկտեմբեր 10,2021 21:21

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Թերլեմեզյան» ցուցասրահում ներկայացրեց քոլեջի դասախոսների աշխատանքների՝ «100. ՄԵՆՔ»  խորագրով ցուցահանդեսը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին, որոնք տարիներ ի վեր ինձ հետ կիսել են մեր լավ եւ վատ օրերը, նաեւ այսօրը դարձրել են իրականություն: Իսկ այսօրվան հասնելու համար անհավատալի շատ էներգիա, սիրտ եւ հոգի է պահանջվել: Իմ գործընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերակատարությունը»,-ասաց քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը: Նա անուն առ անուն անդրադարձավ բոլոր աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում, իր ձեւակերպմամբ, որակ են ստանում: Ի դեպ, քոլեջի նվիրյալները պարգեւատրվեցին քոլեջի մեդալով:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորելով թե քոլեջի աշակերտներին, թե դասախոսական կազմին՝ կրթօջախ հիմնադրման 100-ամյակի առիթով, մաղթեց նոր հարյուրամյակներ: Ասաց, որ թեեւ չի սովորել Թերլեմեզյանում, բայց քոլեջի հետ կապը միշտ եղել է:

Հիշեցնենք, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը հիմնադրվել է դեռևս անցյալ դարի 20-ականներին՝ պետական թանգարանի և պետական համալսարանի հետ միաժամանակ և հանդիսանում է առաջին գեղարվեստական կրթօջախը հայկական իրականության մեջ։

Այստեղ դասավանդել են հայկական կերպարվեստի անվանի վարպետներ, որոնց զգալի մասը սովորել է Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Փարիզում, Մյունխենում, Վիեննայում, ինչպես նաև Ռուսաստանում` Պետերբուրգում, Մոսկվայում:

Քոլեջի (նախկինում «Գեղարվեստա-արդյունաբերական պոլիտեխնիկում», «Գեղարդ» տեխնիկում, այնուհետև` Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) ակունքներում են կանգնած Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Տեր-Թադևոսյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը եւ այլ մեծանուն վարպետներ: 1941 թ-ին՝ Փանոս Թերլեմեզյանի մահից հետո, արժևորելով նրա դերը հայկական կերպարվեստի, պատմության, ազգային ազատագրական պայքարի մեջ՝ ուսումնարանը վերանվանվեց Թերլեմեզյանի անունով։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031