Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են այդ երեքը գերիշխող

Հունվար 18,2022 10:00

Անցած շաբաթ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ դիտարկումները, որոնք ներկայացվել էին ilur.am կայքում, հիմնականում ճիշտ են: Քաղաքական ասպարեզում գերիշխող եւ խորհրդարանում ներկայացված երեք ուժերը պայքարում են, համապատասխանաբար, իշխանության մնալու եւ իշխանության գալու համար: («Պետական շահի բացակայության» եւ «միջոցների մեջ խտրություն չդնելու» մասին պնդումները կարիք ունեն ավելի մանրամասն հիմնավորման): Երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք իշխանության չեն ձգտում, բայց մենք հիմքեր ունենք նրանց չհավատալու: Սերժ Սարգսյանն, օրինակ, 2014 թվականին հայտարարել էր, որ եթե սահմանադրական փոփոխություններով սահմանվի կառավարման խորհրդարանական համակարգ, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Բայց եղավ ճիշտ հակառակը: Քաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող հետեւությունների հիմք լինել:

«Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն», – միանգամայն արդարացիորեն նշում է առաջին նախագահը՝ նկատի ունենալով, հավանաբար, նաեւ իր ղեկավարած կուսակցությունը՝ Հայ ազգային կոնգրեսը եւ դրա համակիրներին: Հաջորդ նախադասությունը, պետք է ենթադրել, պատասխանում է այն հարցին, թե ինչու է դա այդպես. «Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»: Դա, իմ կարծիքով, չափազանցություն է՝ Հայաստանում կա առնվազն 5-6 հեղինակավոր կայք, որոնք ակնհայտորեն այդ երեքի շահերը չեն սպասարկում:

Միայն քարոզչությամբ եւ դրա համար առկա ռեսուրսներով, որոնց մեծ մասին, իհարկե, տիրապետում են վերոհիշյալ երեք ուժերը, հնարավոր չէ բացատրել ներկա իրավիճակը: Այստեղ նշանակություն ունեն նաեւ այլ գործոններ, որոնցից մեկի մասին կարող եմ խոսել միայն թռուցիկ՝ տեղի սակավության պատճառով: (Իհարկե, դրա մասին պետք է խոսեն սոցիոլոգներն ու քաղաքագետները, բայց այդ խնդրի զուտ գիտական վերլուծություն ես առայժմ չեմ տեսել): Ներկայիս վարչապետի վարկանիշն այսօր էլ բավականին բարձր է՝ հե՛նց Փաշինյանի, ոչ թե ՔՊ-ի, կառավարության կամ խորհրդարանի: Այդ վարկանիշի զգալի մասն «ապահովված» է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հակավարկանիշով: Այն պահին, երբ հիմնական ընդդիմադիր ուժերը չասոցացվեն երկրորդ եւ երրորդ նախագահների հետ (իսկ այդ պահը վաղ թե ուշ կգա), կհայտնվեն Փաշինյանի լուրջ մրցակիցներ, որոնք կբավարարեն հասարակության մեծամասնության պահանջմունքները:

Այդ պահանջմունքներն, իրենց հերթին, այսօրվա դրությամբ կապված չեն անվտանգության, Արցախի, հայ-թուրքական հարաբերությունների, առավել եւս՝ ժողովրդավարության եւ իրավական պետության հետ: Հիմնական պահանջը «արդարությունն» է: Այդ բառն ունի, բնականաբար, բազմաթիվ իմաստներ. 1/ օրենք, 2/ գթասրտություն, 3/ նախորդ իրավիճակի վերականգնում, 4/ հավասարություն, 5/ անհավասարություն՝ հօգուտ կարիքավորների, 6/ հատուցում, պատիժ, վրեժ: Այս վերջին իմաստն առայժմ գերակայում է մեր քաղաքական դաշտում եւ ձեւավորում է բանավեճի «mainstream»-ը: Բայց այդ իրավիճակն, ինչպես ասացի, հավերժ չի տեւի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի՛ պարոն Աբրահամյան, կներեք, բայց տեքստում ես չգտա Ձեր իսկ հնչեցրած հարցի պատասխանը: Ձեր նշած միակ գործոնը՝ երկրորդ և երրորդ նախագահների հակավարկանիշները և, դրանով պայմանավորված, իրենց պարտադիր հեռացումը ոչ թե ներկա իրավիճակի պատճառն է, այլ դրանից դուրս գալու՝ Ձեր առաջարկած լուծումը: Ես դրան համաձայն եմ: Ես նաև կարծում եմ, որ հնչեցրած հարցը և դրա շուրջ քննարկումները չափազանց կարևոր են: Ես համաձայն չեմ Լևոն Տեր Պետրոսյանի դիտարկումները «ճիշտ և արդարացի» կոչելուն: Այդ դիտարկումները ճիշտ են ապրիորի, սակայն Տեր Պետրոսյանի շուրթերից դրանք հնչում են ցինիկաբար, որովհետև հենց ինքն է այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն: Երեքն էլ իր շառավիղներն են: Այս իրավիճակի հիմքը դրվել է 90-ականների կեսերին, իսկ 2008-ին «ազգակործան պատուհասին» իր քարոզչությւան պատասխանատուն սարքելը և «ով մեզ հետ չէ, նա տականք է» թեզը իր գործունեության պսակն էին: Ես դեռ չեմ լսել ապաշխարանքի որևէ խոսք իր գործած չարիքի համար (առաջին հերթին նկատի ունեմ հենց այդ երեքի ձևավորումն ու առաջխաղացումը): Առանց ապաշխարանքի, իր ասած որևէ խոսք կամ արած որևէ դիտարկում ինձ համար արժեք չունեն:

  2. Armen says:

    Հայաստանում կա առնվազն 5-6 հեղինակավոր կայք, որոնք ակնհայտորեն այդ երեքի շահերը չեն սպասարկում: Պարոն Աբրահամյան, «Առավոտ»-ը չդիտարկելով, խնդրում եմ ասեք՝ Ձեր կարծիքով, որոնք ե՞ն այդ կայքերը: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ (ուղիղ իմաստով): Կանխավ շնորհակալ եմ:

  3. Ընթերցող says:

    Փաստերի անճշտություն կա: Դուք նշում եք, որ նախկին նապագահները հայտարարել են, որ չեն ձգտում իշխանության: Ռոբերտ Քոչարյանը բազմիցս և շատ ուղիղ պնդել է, որ այո, ձգտում է իշխանության: Չկա քաղաքական ուժ որը չի ձգտում իշխանության: Այլ բան է, որ իրատեսական չհամարելով կարող են այդ պահին էդպես ասել: Ես կարծում եմ, որ 3-րդ ուժին մենք դեռ երկար կսպասենք: Այս պահի ընտրությունը ազգակործան իշխանությունն է (նիկոլը) կամ ընդդիմութունը: Չկա համակարգ որտեղ այլ ուժեր կձևավորվեն, կաճեն և այլն: Եթե հայտնվեն ապա լինելու են արհեստական, դրածո: Ինքս առանց պետության կառավարման փորձի, հստակ հետագիծ ունեցող մարդու չեմ վստահի:

  4. Garo says:

    3-րդ ուժ իրականում չկա ու չի լինելու։
    Կա 2ուժ “ոչ մի թիզականներ” ու “քիրվայականներ”։
    Ռոբն ու Սերժը առաջին ուժի առաջնորդն են, Լևոնն ու Նիկոլը երկրորդ ուժի։
    Հիմա քիրվայական երկու թևերը փորձում են հրաժարվեն միմյանցից, բայց փաստա որ Նիկոլը ու իր ողջ թիմը լևոնական շրջանակիցա դուրս եկել։ նիկոլի գաղափարական հայրերն են Լևոնը ու Բլեյանը, քիրվայության կլասիկները։

    Ուղղակի ծիծաղելիա երբ լևոնականները փորձում են նիկոլին ներկայացնեն որպես ոչ մի թիզական։արցախյան առաջին պատերազմում բանակից ճողոպրելնա ոչմիթիզականություն, թե երկրորդում բունկեռում թաքնվելը ու խմելը՞

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31