Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սկսում եք անհանգստանալ, որ ռասիստները կարող են հայտնվել այս հանձնաժողովում, բարեվարքությամբ հարցը լուծվում է». Կարեն Անդրեասյան

Փետրվար 16,2022 12:10

Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստն էր, որի ընթացքում նախ քննարկեցին, թե հանձնաժողովի անդամի հավակնորդներին ինչ չափանիշներով են ընտրելու, որոնք են բարեվարքության եւ մասնագիտական ստուգման շրջանակները: Նշենք, որ խորհուրդը պետք է ձեւավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով։

Խորհրդի անդամներից ոմանք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը առաջարկում էին առավելագույնս պարզեցված ընթացակարգերով առաջ գնալ ու հնարավորինս շուտ բովանդակության քննարկման անցնել: «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը խնդիրներ էին տեսնում ու առաջարկում էին մանրամասն չափանիշների վրա կանգ առնել:

«Գրենք բարեվարքություն եւ մասնագիտական գիտելիքներ եւ դրանով վերջացնենք մեր բոլորի այս տանջանքները, անցնենք առաջ»,- առաջարկեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Սաքունցն ասաց. «Չափանիշ պետք է լինի, որ թեկնածուն չունենա խտրական մոտեցում: Պետք է նայել՝ գիտական հոդվածում կա՞ իրավունքի տարբերակված մոտեցում, խտրական մոտեցում, սա շատ կարեւոր է: Գուցե կարեւոր լինի կոնսենսուսը, թե ինչ չափանիշների ու արժեքների հիման վրա է խորհրդի գործունեությունն իրականացվում: Եթե հակաժողովրդավարական, կամ կրոնական մոտեցման, կամ որեւիցե քաղաքական բան կա, պետք է Սահմանադրության 1-ին հոդվածի հիման վրա չափանիշներ սահմանել»:

Անդրեասյանը պատասխանեց, որ եթե սկսում եք անհանգստանալ, որ «ռասիստները, կամ չգիտեմ ովքեր կարող են հայտնվել այս հանձնաժողովում, մենք էլ կույր գնահատականներ տանք, ես ասեմ, որ բարեվարքությունով այդ հարցը լուծվում է»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ բարեվարքությունը նեղ է, ինչ-որ առումով կոռումպացված չլինելն է: Անդրեասյանը հակադարձեց՝ ո՞վ է ասում, եթե այդպես լիներ, իրավաբանական գիտելիքներ ասելով՝ պիտի հասկանային միայն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ:

Ըստ Անդրեասյանի, եթե մարդու խտրական մոտեցումների մեջ խորանան, դա վերածվելու է դատավարության: Ի վերջո, որոշվեց հարցազրույց անցկացնել ու 100 միավորի սահմանում խորհրդի անդամները պետք է գնահատեն թեկնածուներին:

Խորհրդի անդամները քննարկում էին՝ բա եթե 5 թեկնածուներ չգան, լինեն 3-ը, ի՞նչ անել այդ դեպքում: Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Տառապանքս փորձ ունի, դեմ եմ գնահատականով համակարգին: Կարող է մարդ, որին մեծամասնությունը կողմ չլինի, ստանա ամենաշատ բալերը»: Նա առաջարկեց քվեարկությամբ հարցը լուծել:

Ի վերջո, որոշեցին, որ հարցազրույցներից հետո դնում են գնահատականներ, եթե 7 բալից բարձր է հավաքել, դա նշանակում է անցած է քննարկման փուլ: Հետո կքննարկեն ու 7 բալից բարձր ստացածների հարցով առանձին կքվեարկեն:

Իոաննիսյանն ասաց, որ դատվածության տեղեկանքը չպահանջեն, պարզեցնեն ընթացակարգը: Կարող է մարդու է վրաերթի ենթարկել, անզգույշ վարորդ է, բայց շատ լավ ու չկոռումպացված մասնագետ: Որոշվեց թողնել դիտավորությամբ կատարված հանցագործությունների ստուգումը, իսկ դատված չլինելու մասին բավարարվել թեկնածուի հայտարարությամբ:

Հետո Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախկին իշխանությունների օրոք, երբ Սահմանադրությունը փոխում էին, բարեփոխումների հայեցակարգի մեջ գրված էին բաներ, որոնք տեղ չգտան նախագծում. «Ինչ-որ առումով խաբեություն կար այդտեղ: Մենք հայեցակարգի վրա շատ ավելի ուշադրություն պիտի դարձնենք, քան տեքստի»: «Հանրապետություն» կուսակցությունից Մասիս Մելքոնյանը լրացրեց, որ նախկին իշխանությունների օրոք ոչ միայն հայեցակարգով են խաբել, որոշման մեջ նշվել են պատճառներ, որոնցով բարձրացված որեւէ հարց իր լուծումը չի ստացել Սահմանադրության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28