Վարդենիսի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, որը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդն է։ Նրա թեկնածությունն առաջադրել էին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց, ավագանու այս խմբակցության անդամները 13-ն են, իսկ «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունները միասին՝ 14:

Նա ասաց, որ ՔՊ-ն շատ բաներ է ստիպված եղել հանդուրժել․«Ստիպված ենք եղել մարսել՝ հանուն հասարակական համերաշխության։ Բայց դա չափից դուրս է, երբեմն նաեւ մարդկային արժանապատվության սահմանները լուրջ վտանգելով։ Բայց այլեւս չենք դիմանա, որ այստեղ ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավարը պետք է լռի, եւ մենք պետք է լսենք ուրիշ ձայներ։ Ես խնդրում եմ՝ եթե ունեք պատասխանատվություն, խոսեք, գործեք ձեր փոխարեն։ Ես դեմ եմ, որ Վարդենիսի համայնքի ղեկավարի փոխարեն կմիջամտի թե՛ խոսքով, թե՛ գործով, թե՛ գաղտնի, թե՛ առերես այդ մեկը»։
Կարդացեք նաև

Համայնքապետի ընտրությունից հետո, նիստը դեռ չավարտված, ՔՊ-ն լքեց դահլիճը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստացած քվեյով ավագանու 13 անդամ ուներ, իսկ Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքները ՏԻՄ ընտրությունից հետո ստորագրել էին համագործակցության հուշագիր՝համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու եւ տեղական իշխանության մարմինները միասնաբար ձեւավորելու մասին։
Մինչ այս ավագանու նիստերն ընթանում էին լարված իրավիճակում։ Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները այն համարեցին անօրինական, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին:
Հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել համայնքապետարանի բակում, քանի որ նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։
Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամները հայցով դիմել էին դատարան՝ անվավեր ճանաչելու Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի առաջին որոշումը՝ համայնքապետի ընտրության վերաբերյալ եւ որպես հետեւանք, անվավեր ճանաչել Վարդենիսի ավագանու ընտրությունները: Փետրվարի 2-ին Վարչական դատարանը մասնակի բավարարել է բողոքը, այսինքն, դատարանն անվավեր էր ճանաչել Վարդենիսի ավագանու նիստի արձանագրությունը՝ համայնքի ղեկավարի ընտրության մասով, իսկ ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու մասով՝ հայցը մերժել էր:
Դատարանի որոշումից հետո էլ իրավիճակը չէր լիցքաթափվել։
Այսօրվա նիստից հետո Արամ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ մանդատները վայր չեն դնում, ավագանու անդամներով շարունակելու են աշխատել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































