Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Խաչատրյանը ընտրվեց Վարդենիսի համայնքապետ. ՔՊ-ն նիստին չէր մասնակցում 

Դեկտեմբեր 30,2021 16:20

Չնայած Վարդենիսում տեղի ունեցած միջադեպին և լարված իրավիճակին, այնուամենայնիվ, համայնքում ավագանու նիստ գումարվեց։

Սկզբում աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանը հրաժարվում էր արձանագրություն կազմել։ Այնուհետև նա ժամանակ խնդրեց՝  տեղյակ պահելու ավագանու բացակայող անդամներին։

Մինչև նիստը Քաղաքացիական պայմանագրի ավագանու անդամները հայտարարել էին, որ առանց իրենց թեկնածու, Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի նիստին չեն մասնակցելու։

Աշխատակազմի քարտուղարը վերադարձավ և նշեց, որ իրավասու չէ կանոնակարգից դուրս որևէ գործունեություն ծավալելու, և առաջարկեց նիստը տեղափոխել։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամները բացատրում էին, թե ֆորսմաժորային իրավիճակ է տեղի ունեցել, սակայն աշխատակազմի քարտուղարը հակառակն էր պնդում։

«Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկեց արձանագրություն կազմել՝ նիստի ընդհատման պատճառների վերաբերյալ։ Ներս մտավ Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը՝ բոլորին խնդրելով դուրս գալ նիստերի դահլիճից և հայտարարեց, որ նիստը չի կայանալու։ Աշխատակազմի քարտուղարը ասաց, որ արձանագրություն կկազմեն, որից հետո նիստը չի կայանա։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ասաց, որ միակ մարմինը, որ կարող է նիստի չկայանալու վերաբերյալ որոշում կայացնել, Վարդենիսի ավագանին է։ Ոստիկաններ ներս մտան դահլիճ, սակայն շուտով դուրս եկան։

Կամո Զարոյանը զանգ ստացավ և սկսեց բղավել, որ չի խանգարում նիստին։ Վարդենիսի ավագանու նիստը սկսվեց՝ առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների։

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները համագործակցության հուշագիր են ստորագրել, և ըստ այդ հուշագրի իրենք պետք է առաջադրեն և պաշտպանեն Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը։ Հետևաբար՝ իրենք առաջադրում չեն կատարելու, և պաշտպանելու են «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածուին։

Նիստերի դահլիճ ներս մտավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը։ Նա հայտարարեց, որ ըստ կանոնակարգի նիստը պետք է հաջորդ աշխատանքային օրը կայանար, և իրենք արձանագրություն են կազմել և ստորագրել, որ հաջորդ նիստը կայանալու է հունվարի 3-ին. «Ուղիղ եթերում տեսնում ենք, որ այստեղ՝ մի պատ բաժանող սենյակում, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։ Հիմա ի՞նչ է այստեղ տեղի ունենում։ Մենք հրավիրել ենք մեր փաստաբանին, և այս պահին ավագանու մեր անդամները՝ որպես քաղաքական ուժ և առաջին նիստին մասնակցելու իրավունք ունեցողներ, որի մասնակցելու իրավունքը օրենքն է սահմանե, ոչ թե որևէ մեկը. պահանջում ենք այս խեղկատակությունը դադարեցնել։ Իսկ եթե իրավաբանները որոշում են, թե դա կարելի է, կլինի միայն այն դեպքում, երբ մեր փաստաբանը այստեղ լինի, և իսկապես օրինական ձևակերպումով համոզվենք, որ կարող եք այստեղ նիստ անել։ Դա պահանջ է օրենքի ուժով։ Իսկ եթե որևէ փաստաբան կառարկի, թո՛ղ առարկի հենց հիմա»։

Նա դուրս եկավ՝ հայտարարելով, որ առանց իրենց փաստաբանի ներկայության չշարունակեն նիստը։

Ինչից հետո «Ահարոն Խաչատրյան» դաշինքը առաջադրեց Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը։ Եվ մինչ քվեաթերթիկներն էին բաժանում, Նաիրա Մանուչարյանը վերադարձավ՝ փաստաթուղթը ձեռքին, որտեղ ասվում է, որ նիստը հետաձգելուց հետո որևէ մեկին չի ասվել, որ նույն օրը լինելու է մեկ այլ նիստ. «Սա համարում ենք դավադրություն, սա համարում ենք ժողովրդավարության նկատմամբ հանցագործություն, իհարկե՛, ենթադրյալ, մինչև որ փաստաբանը գա այստեղ։ Ես անձամբ տեսնում եմ, որ այստեղ կա դիտավորություն, կա միտում, կա հանցավոր գործունեություն։ Եվ եթե սխալվեմ, ավելի լավ։ Դուք այստեղ անելիք չունեք, որովհետև դուք իրավունք չունեք առանց մյուս քաղաքական ուժի անել առաջին նիստը, երբ որ այդ քաղաքական ուժը չի հրաժարվել առաջին նիստից, այդ ուժի բոլոր անդամները այստեղ են՝ բացի պարոն Մելքոնյանից, և նրանց խաբելով ասել են, որ 2022 թվականի հունվարի 3-ին լինելու է նիստը։

Այնուհետև, Կամո Զարոյանին զանգ եկավ, որից հետո նա առանձնացավ սենյակներից մեկում և վիճաբանություն սկսվեց։ Լրագրողների հետ զրույցում Կամո Զարոյանն ասաց, որ ՔՊ ավագանու անդամներին անդամներին ասել է, որ իրենց հրավիրում են դահլիճ, և այդ ժամանակ նիստը դեռ չէր սկսվել։

Այս ընթացքում քվեարկությունը ավարտվեց և Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031