Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայի հայեցակարգ. ինչպիսի՞ն ենք ցանկանում տեսնել Հայաստանը. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 23,2022 22:00

Սկիզբը՝ այստեղ

Մաս 7

Համոզված եմ, որ վերջին պատերազմում կրած պարտությունից հետո չափազանց հրատապ է դարձել այն հարցը, թե մենք ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը և հայերին 21-րդ դարում։ Կախված երկրի զարգացման ընտրված մոդելից՝ մեր յուրաքանչյուր խնդիր, լինի Արցախի շուրջ իրավիճակի կարգավորումը, միջազգային հարաբերությունները կամ նույնիսկ սեփական Սփյուռքի հետ հարաբերությունները, կունենա երկարաժամկետ լուծման զանազան տարբերակներ։ Ըստ իս, մեր ապագայի մասին խոսելն անհիմն ու անարդյունավետ կլինի, եթե չպատասխանենք մի շարք հարցերի.

  • Ինչպիսի՞ հասարակություն ենք ցանկանում կառուցել. փա՞կ, թե՞ բաց։ Որո՞նք են մոդելներից յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը։

Այսօրվա Հայաստանը, որպես պարկուճային պետություն, անկում է ապրում։ Առատաձեռն «հովանավորի» բացակայության պայմաններում մենք չենք կարող բեկում մտցնել իրավիճակի մեջ։

Հայաստանում այժմ տիրապետող գոյութաձևը կարելի է բնորոշել որպես «պարկուճ»՝ փակ երկիր, համաշխարհային հանրության մեջ նվազագույն ներառմամբ և սեփական պահածոյացման վրա կենտրոնացմամբ (ավելի հաճախ՝ քաղաքական վերնախավերի գիտակցված ընտրության արդյունքում)։ Հայաստանը Ռուսաստանի կողմից աջակցվող պարկուճ է։ Այդուամենայնիվ, 2017 թվականին Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմամբ մեզ համար բացվել են նոր հեռանկարներ։ Պարկուճը (հարաբերվում է մեկուսացման վեկտորի հետ), անշուշտ, նպաստում է ազգային ինքնության ու բնակչության մոնոէթնիկ՝ միատարր կազմի պահպանմանը և կարող է հաջող լինել, եթե հնարավոր լինի կառուցել հուսալի անվտանգության համակարգ, ինքնուրույն ներգրավել նյութական անհրաժեշտ ռեսուրսները և ստեղծել տնտեսական ու սոցիալական բարգավաճում ապահովելու բարենպաստ միջավայր։

Այսօրվա Հայաստանը, որպես պարկուճային պետություն, անկում է ապրում։ Առատաձեռն «հովանավորի» բացակայության պայմաններում մենք չենք կարող դա հաղթահարել և, առավել ևս, բեկում մտցնել իրավիճակի մեջ։ Երկու հարց է ծագում։

Նախ, կարո՞ղ ենք ներկայիս մեր հովանավորի (Ռուսաստանի) հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ պարկուճը դարձնենք ազգությամբ հայերի համար բարեկեցիկ ու ապահով մեկուսացված ու փակ երկիր. մի երկիր, որտեղից հայը չի ցանկանում հեռանալ ավելի լավ բախտ որոնելու, և որը, ընդհակառակը, կարող է ձգող վայր դառնալ Սփյուռքի համար։ Երկրորդ, մեր պարկուճը կարո՞ղ է արդյոք ունենալ մեկ այլ կամ ևս մեկ հովանավոր։ Ի դեպ, պարկուճի հովանավորը կարող է լինել ոչ միայն մեկ այլ պետություն, ինչպես, օրինակ, Իսրայելի հովանավորը, ԱՄՆ-ի հետ միասին, նաև ողջ աշխարհի հրեական սփյուռքն է։

Այնպիսի հաբ երկրները, ինչպիսին Սինգապուրն է, զարգացման ուղղություն ընտրելու և հատուկ ունակություններ կուտակելու շնորհիվ կարողացել են ապահովել ստեղծագործական վիթխարի ներուժ: Լուսանկարը՝ ինտերնետային ռեսուրս

Ես և իմ համախոհները միանգամայն գիտակցաբար նախընտրում ենք Հայաստանի զարգացման հաբային մոդելն ու գլոկալ վեկտորը, այսինքն՝ երկրի լիարժեք, սակայն ոչ անշրջահայաց ինտեգրումը համաշխարհային տարածության մեջ։ Հաբային երկիրը փոքր տարածքով և փոքրաթիվ բնակչությամբ պետություն է, որին, սակայն, զարգացման ուղղության ճարտար ընտրության և հատուկ իրավասությունների ու հմտությունների կուտակման շնորհիվ, հաջողվում է ապահովել հսկայական ստեղծարար ներուժ։ Ժամանակին հաբային մոդելն ընտրած պետություններին հաջողվել է զգալի բեկում մտցնել իրենց զարգացման մեջ, հասնել զարգացած երկրներին և նույնիսկ առաջ անցնել նրանցից: Դա տեղի է ունեցել, օրինակ, Սինգապուրի հետ, որը աղքատ նավահանգստային քաղաքից վերածվել է աշխարհի ամենաառաջադեմ տնտեսություններից մեկի։

Ես նախընտրում եմ հաբի մոդելը, սակայն այն, ինչպես որևէ այլ մոդել, ունի իր թերությունները։ 

Ինչպես որևէ այլ մոդել, հաբի մոդելն ունի իր առավելություններն ու թերությունները: Համաշխարհային գործընթացներում խոր ներգրավվածությունը կարագացնի դեպի բարգավաճում ընթացքը՝ մուտք բանալով ոչ միայն Սփյուռքի ռեսուրսների, այլև օտարերկրյա ուղղակի ներդրումների առջև։ Այս մոդելի հետ կապված վտանգներ ևս կան։ Շատ առումներով դրանք բացատրվում են համաշխարհային հանրությանը միանալու հանգամանքով, ինչն էլ ավելի հրատապ է դարձնելու գլոբալ խնդիրները։ Պետք է գիտակցել նաև այն հանգամանքը, որ մեկուսացումից հրաժարումն անխուսափելիորեն ենթադրում է մրցակցության աճ, ինչին մենք դեռևս պատրաստ չենք։

Զուգահեռաբար և, ընդ որում, արագացված տեմպերով պետք է զարգանան քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Հասկանալի է, որ նման անցումը հեշտ չի լինելու։ Նրա խոստացած բարեկեցության աճը թվում է որոշիչ գործոն, բայց պետք է հիշել նաև անվտանգության մասին, ընդ որում՝ ո՛չ միայն սահմաններում, այլ նաև երկրի ներսում։ Հարկավոր է նաև հաշվի առնել արտաքին աշխարհի առջև Հայաստանի բաց լինելու պայմաններում էթնոմշակութային հանրության պահպանման հրամայականը և ջանալ նվազագույնի հասցնել դրանից բխող վտանգները։ Մեզանով հպարտանալը, մեր պատմությունն ու մշակույթը իմանալը լավ բաներ են, բայց պետք է սովորենք նաև ընդունել այլ մշակույթներ, որոնց ներկայացուցիչները կցանկանան գալ Հայաստան՝ այստեղ ապրելու և մեզ հետ կողք–կողքի բիզնես անելու համար, ինչպես մեր երկրի եզդիների ու ռուսական համայնքներն են։

Զարգացման տարբեր մոդելների ու վեկտորների առավելությունների ու սահմանափակումների մասին կարելի է տեղեկանալ իմ և Նունե Ալեքյանի համահեղինակությամբ գրված «Ճամփաբաժանին. Երկխոսության հրավեր» ձեռագրից։

  • Ինչպե՞ս ենք ուզում ապրել. օրենքո՞վ, թե՞ փողոցային «հասկացություններով»։ Ի՞նչ է նշանակում այդ տարբերակներից յուրաքանչյուրը:

Կենսակարգի ցանկացած ձևի ծայրահեղորեն զգայական կողմը արդարության մասին պատկերացումն է, այսինքն՝ գրված և չգրված օրենքները, որոնք որոշում են հասարակության մեջ վարքի նորմերը, ինչպես նաև պաշտոնական ու անպաշտոն ինստիտուտները, որոնք ապահովում են այդ օրենքների պահպանումը: Պատմությանը հայտնի են համայնքների օրինակներ, որոնք հաջողությամբ գոյություն են ունեցել և զարգացել քաղաքական ինստիտուտներից դուրս: Սակայն լրիվ առանց դատական ​​համակարգի, իրավական կարգավորումների և վարքի համընդհանուր նորմերի մարդկային համայնք չի կարող գոյություն ունենալ:

Ոչ իրավական պետություններում դարավոր գոյությունը մեր մեջ արմատավորել է ոչ թե գործող օրենքներով, այլ չգրված օրենքներով ապրելու սովորությունը։

1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև հետխորհրդային մյուս երկրներում, շատերը կարծում էին, որ բազմակուսակցական համակարգը և համընդհանուր ընտրական իրավունքն ավտոմատ կերպով կապահովեն օրենքի գերակայությունը և արդար դատարաններ: Այս ժամանակահատվածում մեծ ջանքեր են գործադրվել երիտասարդ պետության համար իրավաօրինական բազա ստեղծելու ուղղությամբ։ Սակայն բախվեցինք երկու անակնկալի։ Նախ, պետականության և ընտրական համընդհանուր իրավունքի ժողովրդավարական ​​սկզբունքների պաշտոնական ամրապնդումը, ինչպես նաև նոր իրավաօրինական դաշտի առկայությունն ինքնին չեն հանգեցնում հասարակական կյանքում օրենքի գերակայության:

Երկրորդ, ոչ իրավական պետություններում դարավոր գոյությունը մեր մեջ արմատավորել է դասական երկկենցաղություն՝ սովորություն ապրել ոչ թե Սահմանադրությամբ ու գործող օրենքներով, այլ ուրիշ՝ չգրված օրենքներով։ Այստեղից էլ գալիս է հասարակության մեջ քրեական ու կիսաքրեական փողոցային «հասկացություններով» կյանքի օրենքների ներկայիս տարածվածությունը:

Հարկ է նշել ևս մեկ գործոն։ Քանի որ կայսերական (օսմանյան, ռուսական, ապա՝ խորհրդային) օրենքներն ընկալվում էին օտար, դրսից պարտադրված, դրանք շրջանցելու ունակությունը համարվում էր մի տեսակ խիզախություն, խելացիության ու հնարամտության նշան։ Պարզվեց, որ անկախ Հայաստանի նոր պայմաններում այս կարծրատիպից ձերբազատվելը բավականին դժվար գործ է։

Հայաստանյան հասարակության մեջ անհրաժեշտ է վերականգնել ուսուցչի, բժշկի, զինվորականի մասնագիտությունների վարկը։
Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Այդ «հասկացություններով» կյանքի անխուսափելի հետևանքը, այսպես կոչված, կենցաղային կոռուպցիան է։ Մեր մտքի մեջ դեռևս թարմ են այն ժամանակների մասին հիշողությունները, երբ Հայաստանում գրեթե ամենուր բախվում էինք դրան։ Ինչ-որ տեսակի լիազորություններով օժտված որևէ ծառայող՝ պաշտոնյայից և ոստիկանից սկսած մինչև բժիշկ ու ուսուցիչ, կարող է նյութական լրացուցիչ խրախուսումներ պահանջել իր ծառայությունների դիմաց: Ավելին, քաղաքացիները հաճախ իրենք էին պատրաստ «պարգևատրում» առաջարկելու իրենց համար կարևոր խնդրի արագ լուծման կամ փոքր իրավախախտումների դեպքում պատիժը նվազագույնի հասցնելու համար։

Կոռուպցիայի հիմքը խարխլվում է, երբ կատարելագործվում են պետական ​​ապարատի գործունեությունը կարգավորող օրենսդրությունն ու իրավական դաշտը, մեծացվում է դրա թափանցիկությունը, և քաղաքացիական ծառայողների ու հասարակության փոխգործակցությունը զետեղվում է ինստիտուցիոնալ շրջանակներում: Կարևոր է հիշել, որ հնարավոր չէ կոռուպցիան հաղթահարել միայն օրենքներով և ուժային կառույցների ջանքերով. անհրաժեշտ է փոխել շորթողական համակարգը, որը հուսալի աջակցություն է գտնում «անտեսանելի ինստիտուտներում»՝ մշակութային և վարքագծային կարծրատիպերում, արգելիչ կանխադրույթներում, որոնք խրախուսվում են մեծամասնության կողմից։

Այսօրվա հայ հասարակությունը բարոյական հստակ ուղենիշների կարիք ունի, և ուսուցիչը, բժիշկը, զինվորականը, վարպետը պետք է դարձյալ դառնան տիպարային կերպարներ։

Դժվար է ասել, թե մշակույթը կանխորոշո՞ւմ է արդյոք քաղաքական և տնտեսական ինստիտուտների բնույթը՝ էքստրակտիվ կամ ներառական, թե՞, ընդհակառակը, կայացած ինստիտուտները փոխում են մշակութային կենսամիջավայրը։ Այսպես թե այնպես, կարող ենք վստահորեն պնդել, որ մշակույթի ինստիտուտը և սոցիալական այլ ինստիտուտներն ազդում են միմյանց վրա և զարգանում են միասին։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձերբազատվել հետկայսերական մշակութային կենսամիջավայրի վերապրուկներից, որոնց մասին խոսվեց վերը, վերականգնել անձնական հեղինակության արժեքը, վերականգնել հարգանքը կրթության, աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Այսօրվա հայ հասարակությանն անհրաժեշտ են բարոյական հստակ ուղենիշներ, և ուսուցիչը, բժիշկը, զինվորականը, վարպետը (մեծահմուտ վարպետը) պետք է դարձյալ դառնան տիպարային կերպարներ։

Օրենքի գերակայությունն անմիջականորեն կապված է անվտանգության հարցերի հետ. իրավական պետությունում քաղաքացիները չեն վախենում կյանքի բոլոր բնագավառներում կամայականությունների առկայությունից։ Սակայն դրա համար բավական չէ արդյունավետ անվտանգության կառույցների և անկախ դատական ​​ու իրավական համակարգի գոյությունը։ Օրենքը պետք է կիրառվի ոչ թե ընտրողաբար՝ ի շահ վերնախավի, այլ հավասարապես՝ բոլոր քաղաքացիների համար։

Մարդը ցավագին վերաբերմունք ունի անարդարության նկատմամբ, հատկապես երբ խոսքը վերաբերում է իր ունեցվածքին և քաղաքացիական իրավունքներին։ Իրավական բռնությունն անհրաժեշտ պայման է ցանկացած պետության գոյության համար, սակայն բուն պետության լեգիտիմությունը պետք է ապահովվի նրա ինստիտուտների ներառականությամբ և ընդհանուր այն ըմբռնմամբ, որ դրանում գոյություն չունի խտրականություն այն քաղաքացիների նկատմամբ, որոնք վերնախավին չեն պատկանում։

Պետության լեգիտիմությունը պետք է ապահովվի ընդհանուր այն ըմբռնմամբ, որ դրանում գոյություն չունի խտրականություն այն քաղաքացիների նկատմամբ, որոնք վերնախավին չեն պատկանում։

  • Ի՞նչ տեղ է զբաղեցնում եկեղեցին ժամանակակից հայ հասարակության մեջ։

Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայել վարդապետ Գևորգյանը
Լուսանկարը՝ IDeA հիմնադրամ

Չժխտելով քրիստոնեության վերազգային բնույթը՝ հայերին հաջողվեց ստեղծել ինքնուրույն եկեղեցի։ Հայ Առաքելական եկեղեցին դարձավ ազգային համայնքների բարոյական միջուկը, գիտելիքի շտեմարան ու աղբյուր, լուսավորության ու կրթության օջախ։ Դարեր շարունակ մեր եկեղեցին մնացել է միակ կայուն հաստատությունը, որի վրա կարող էր անվերապահորեն հենվել ազգն իր զարգացման ընթացքում։ Պետականության բացակայության տևական փուլերում եկեղեցին կատարում էր պետության ​​որոշ գործառույթներ, մասնավորապես՝ արտաքին քաղաքական առաջնորդություն, բայց, այդուհանդերձ, վերջինս չէր կարող փոխարինել պետությանը որպես վերնախավերի կոնսենսուսն ապահովող լիարժեք ինստիտուտ։ Եկեղեցին հայերին հնարավորություն է տվել չուծանալու, և դժվար է գերագնահատել նաև նրա մշակութային նշանակությունը։ Այսօր եկեղեցին պետք է նախկինի պես կատարի ազգային ոգեղենության կենտրոնի և համախմբող միջուկի գործառույթները, սակայն եկեղեցին ակնհայտորեն չի կարողանում այդ անել։

Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև. ինչպե՞ս պաշտպանել մեր կրոնական ավանդույթները համաշխարհային շարունակական աշխարհիկացման պայմաններում:

 

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930