Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սոցիալական պայմանագիր Հայաստանի և Սփյուռքի միջև- Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 22,2022 22:00

Սկիզբը՝ այստեղ

Մաս 6

Հայաստանը միայն այն դեպքում կկարողանա արժանապատվորեն կատարել հայկական աշխարհը միավորող, կենտրոնացնող ու կապող տարրի պատմական դերը, եթե Սփյուռքին առաջարկի բազմակողմ ստեղծագործական գործընկերություն, որը ճանապարհ կբացի դեպի ազգի պառակտված մասերի արդյունավետ համադրում։ Նման գործընկերության ստեղծումը, իմ կարծիքով, հնարավոր է հետևյալ պայմաններով.

  • Փոխհարաբերությունների սկզբունքորեն տարբեր ձևաչափ. Առաջին հերթին հարկավոր է դադարել մեր գիտակցության մեջ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի տարանջատումը։ Սփյուռքը, որն ապրում է իր ամենախոր ճգնաժամը, բարգավաճ Հայաստանի կարիքն ունի ոչ պակաս, քան Հայաստանն՝ ամուր Սփյուռքի կարիքը։ Մենք պետք է միասնաբար գտնենք «ցանցային ազգ՝ ուժեղ երկիր» կառուցելու առավելագույն հավասարակշռությունը։ Այսինքն, անհրաժեշտ է վերակառուցել հարաբերությունները թե՛ տարբեր երկրների հայ համայնքների և թե՛ ընդհանուր առմամբ հայկական ողջ Սփյուռքի ու ժամանակակից Հայաստանի միջև։ Իսկ դա ենթադրում է բուռն երկխոսություն և փոխզիջումների որոնում։ Մեր վերնախավի խնդիրն է տարանջատված ազգի բեկորների միջև բովանդակալից և արդյունավետ փոխգործակցության հաստատումը՝ միաժամանակ հաղթահարելով հայերին բնորոշ ինքնակենտրոնացումը։ Սա է ողջ ազգի ապագա հաջողությունների գրավականը: Սփյուռքի և Հայաստանի հարաբերությունները պետք է դառնան երկկողմանի. Սփյուռքը լրջորեն կաջակցի Հայաստանին միայն այն դեպքում, եթե Հայաստանն աջակցի Սփյուռքին։

Ներկայումս հայազգի խոշոր ձեռնարկատերերը, որոնց միացյալ կարողությունը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն, միջոցներ են նվիրաբերում բարեգործությանը, սակայն դրանք չեն ներդնում երկրի ապագայի գործում։ Հարկավոր է նայել ճշմարտության աչքերին. վերջին երկու տարիներին 200-300 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումները, որոնց զգալի մասը կազմում են հայկական Սփյուռքի միջոցները, ողորմելի տեսք ունեն Հայաստանում իրենց ընտանիքները պահելու նպատակով հարազատներից ստացած դրամական փոխանցումների տարեկան ծավալի համեմատ, որոնք կազմում են 2,3 մլրդ դոլար։ Այս ավելի քան համեստ թիվը ցույց է տալիս, որ անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանը չի հայտնվել Սփյուռքի կենսական շահերի կիզակետում։ Բարեբախտաբար, իրավիճակը սկսել է փոխվել. Սփյուռքի գործարարները Հայաստանում ներդրումային ծրագրեր են սկսում, և, հուսով եմ, հեռու չէ այն օրը, երբ 2 միլիարդ դոլարի օգնությունը կվերածվի 20 միլիարդ դոլարի ներդրումների։

Երկրի քաղաքացիների և սփյուռքահայերի կողմից այսօր Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերն ամենահաջողն են, բայց դեռևս հազվադեպ բացառություն են ներկայացնում։ Հարկավոր է մեկանգամյա բարեգործությունից անցում կատարել համակարգված ներդրումների, որոնք սոցիալական ձեռներեցության հիման վրա արագացնում են երկրի զարգացումը։ Սակայն ինստիտուցիոնալ ներդրողների համար երկրի գրավչությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ պետական իշխանությունն ունենա ապագայի հստակ պատկերացում։

Ռուբեն Վարդանյան. «Պահպանելով այն համոզմունքը, որ ինքներս պետք է կերտենք մեր երազած ապագան՝ ես դարձա Հայաստանի քաղաքացի»։
Լուսանկարը՝ Անձնական արխիվից

 

  • Առնվազն 50.000 ընտանիքի (150.000+ մարդ) տեղափոխում Հայաստան. Հայաստանը պետք է ձգող կենտրոն դառնա լավագույն ուղեղների համար, որոնք, համադրելով ջանքերը և փոխանակելով իրենց փորձը, կկարողանան թարմ գաղափարներ ասպարեզ իջեցնել։ Խոսքն առաջին հերթին մեր Սփյուռքի ներկայացուցիչների մասին է, բայց կարելի է ակնկալել, որ այդ տաղանդավոր մարդիկ, օգտագործելով իրենց լայն կապերն աշխարհի տարբեր երկրներում, իրենց հետ կբերեն նաև ուրիշների։

Սա ամենևին էլ երևակայություն չէ։ Վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանում վերաբնակեցման մի քանի ալիքներ են եղել, և դրանցից յուրաքանչյուրի հետ հայ հասարակությունը նկատելիորեն փոխվել է։ XX դարի 1920-1930-ական թվականներին Հայկական ԽՍՀ է ժամանել ավելի քան 16 հազար հայ՝ հիմնականում Եվրոպայից ու Ռուսաստանից։ Չնայած գաղափարական տարաձայնություններին, համաշխարհային հայկական վերնախավի մի մասը խորհրդային կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հրավերով նույնպես որոշեց տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ 40-ական թվականներին հայրենադարձության ստալինյան նպատակաուղղված քաղաքականության արդյունքում շուրջ 150 հազար հայեր ՀԽՍՀ տեղափոխվեցին Հունաստանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ներգաղթյալների ալիք եկավ Ադրբեջանից։ 2000-ականներին շուրջ 30 հազար սիրիահայ ժամանեց անկախ Հայաստան, իսկ անցած տարեվերջից ի վեր մեր երկիրը գրեթե նույնքան փախստական ընդունեց Արցախից։

Ժողովրդագրական ծանրագույն ճգնաժամ ապրող Հայաստանի համար բնակչության բարձր աճի հասնելու առաջին քայլը պետք է դառնա ժամանակակից ներգաղթային քաղաքականության մշակումը։

Իհարկե, զանգվածային վերաբնակեցումը հարթ գործընթաց չէ։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան տեղափոխվողները հայեր են, նրանք հայտնվում են սոցիալական ու մշակութային մեկ այլ համատեքստում, որն անխուսափելիորեն բախումներ է ստեղծում նրանց և տեղի բնակիչների միջև՝ երբեմն երկու կողմին էլ հանգեցնելով անբարյացակամության։ Որոշ հայրենադարձներ, այդպես էլ չկարողանալով հարմարվել և հիասթափություն ապրելով, հետ են դարձել, ոմանց համար Հայաստանը դարձել է տարանցիկ կետ այլ երկրներ տանող ճանապարհին։ Օրինակ, մենք չկարողացանք օգտվել 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի վերաբնակեցման ալիքից և ամենակրթված ու աշխատասեր վերաբնակների համար Հայաստանում ապրելու և աշխատելու պայմաններ չստեղծեցինք, ինչպես ստեղծվել էին XX դարի առաջին կեսին, երբ Խորհրդային Հայաստանի մտավորական վերնախավը մեծապես ձևավորվել էր հայրենադարձներից։ Դրանք փոխադարձ հարստացման օրինակներ էին. հայրենադարձները բազմազանություն էին հաղորդել հասարակական ու մշակութային կյանքին՝ իրենց հետ Հայաստան բերելով օտար լեզուների իմացությունը, ջազը, փողոցային սրճարանների հարմարավետությունը, իրենց նախորդ բնակության երկրների ազգային խոհանոցը և այլն, և այլն:

Ակնհայտ է, որ ժողովրդագրական ծանրագույն ճգնաժամ ապրող Հայաստանի համար բնակչության բարձր աճի հասնելու առաջին քայլը պետք է դառնա ժամանակակից ներգաղթային քաղաքականության մշակումը։ Իսկ այդ քաղաքականությունը հարկավոր է մշակել՝ ելնելով հայրենադարձության նախկին ալիքների փորձից։ Մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք դրանցից յուրաքանչյուրը, աշխատենք սխալների վրա, վերլուծենք բոլոր դրական ու բացասական կողմերը, որպեսզի չկրկնենք նույն սխալները և խուսափենք հիասթափված հայրենադարձների զանգվածային արտահոսքերից։ Բացի այդ, անհրաժեշտ է ուսումնասիրել այլ երկրների, ընդ որում՝ ոչ միայն Իսրայելի, հայրենադարձության փորձը։ Նման աշխատանքի համար, իհարկե, լուրջ ջանքեր կպահանջվեն։

Ինչպիսի՞ մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի ներգաղթելն ու հարմարվելը։ Արդյո՞ք դա պետք է կատարվի կացության թույլտվության և քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգերի, աշխատողների համար միջազգային հաղորդակցության առնվազն երկու լեզվի կիրառման, երեխաների համար կրթական հատուկ ծրագրերի, անարդյունավետ նախարարությունների ու գերատեսչությունների փոխարեն այս հարցերով զբաղվող պետական-մասնավոր գործակալությունների միջոցով: Ուրի՞շ։ Ընդ որում, միայն պետությունը չէ, որ պետք է դառնա փոխակերպումների նախաձեռնողը. հասարակությունը ևս պետք է ջանքեր գործադրի նոր անդամներին իր մեջ ընդգրկելու համար։ Կարևոր է, որ այս ամենը քննարկվի հենց հիմա, եթե ուզում ենք օգտվել Սփյուռքի բացառիկ ներուժից, որն իսկապես ի վիճակի է բավականին կարճ ժամկետներում վերափոխելու մեր հասարակությունը և դրանով իսկ օգնելու, որ Հայաստանը հասնի տնտեսական շռնդալից աճի։ Այդուհանդերձ, մենք արդեն սկսել ենք համալիր միջոցառումներ մշակել, որոնք պիտի նպաստեն այլ երկրներից 50.000 հայ ընտանիքի Հայաստան տեղափոխվելուն և հանրության մեջ նրանց ընդգրկվելուն ու հարմարվելուն։

Արդեն 20 տարի է, ինչ իմ գործընկերների հետ միասին իրականացնում ենք Հայաստանի և հայկական աշխարհի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ։ Այդ նախագծերում մենք ներդրել ենք, ընդհանուր առմամբ, ավելի քան 700 միլիոն դոլար, և այդ ներդրումների մեծ մասը՝ 350 միլիոն դոլարը, իմ ընտանիքի միջոցներից է:

Եվ սակայն, մինչև վերջերս, ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էի, և դա, որքան էլ տարօրինակ թվա, ինձ թույլ էր տալիս խուսափել Հայաստանում աշխատելու շատ դժվարություններից։ Դեռևս 2000-ականների սկզբին ես և իմ գործընկերները «Հայաստան-2020» նախագծի շրջանակներում փորձ արեցինք Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի հանրային քննարկում նախաձեռնել։ Սփյուռքի հայերին կոչ անելով տեղափոխվել Հայաստան՝ երկրի բնիկ ժողովրդի հետ միասին հայկական ընդհանուր պետություն կերտելու համար, և պահպանելով այն համոզմունքը, որ մենք ինքներս պետք է կերտենք մեր երազանքների ապագան՝ ես ստացա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Ընտրությամբ հայեր. մարդիկ, որոնք կատարել են հայ լինելու գիտակցված ընտրություն:
Լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

 

  • Երկրի կյանքին մասնակցելու և Հայաստանի ու հայ ժողովրդի համար վճռորոշ որոշումներ կայացնելու հնարավորություն. Հայաստանի Հանրապետությունը ժամանակակից աշխարհում միատարր երկրի հազվագյուտ օրինակ է, որն աշխարհի շուրջ 100 երկրներում ունի համաշխարհային բազմամշակութային Սփյուռք։ Միգրացիոն հոսքերի հզոր աճի պայմաններում ինքնիշխան պետության և Սփյուռքի հարաբերությունների խնդիրները դառնում են չափազանց արդիական, և ինքնիշխան կենտրոնի ու սփյուռքյան համայնքների միջև փոխգործակցության արդյունավետ մոդելների որոշումը կարող է բացառիկ օգտակար լինել ոչ միայն իրենց, այլ նաև նրանց բնակության երկրների համար։ Աշխարհի տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչները, ցանկանալով ավելի ակտիվորեն ներգրավվել Հայաստանի գործերին, պետք է սահմանեն երկրի կյանքին ու զարգացմանը մասնակցելու իրենց համար ընդունելի ձևաչափ.
  • տեղափոխվել Հայաստան՝ առանց նրա հարկային ռեզիդենտ դառնալու, շարունակել բիզնեսով զբաղվել Հայաստանի սահմաններից դուրս և ձեր եկամտի որոշակի մասը վճարել (ինչպես ընդունված է, օրինակ, Շվեյցարիայում) կամ աջակցել երկրի տնտեսությանը որպես վերջինիս ապրանքների ու ծառայությունների սպառող,
  • ձեր սեփական բիզնեսը ստեղծել Հայաստանում և դառնալ նրա հարկային ռեզիդենտ,
  • շարունակել ապրել նույն վայրում, բայց աշխատել Հայաստանում հեռակա կարգով՝ մտավոր և ֆինանսական ներդրում ունենալով երկրի զարգացման գործում,
  • եկամտի 10%-ը հատկացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին,
  • նախկինի նման շարունակել ժամանակ առ ժամանակ բարեգործական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Անհրաժեշտ է բոլոր պայմաններն ստեղծել՝ երկրի բարօրությանն ուղղված աշխատանքի մեջ ներգրավելու համար մարդկանց, որոնք հայ լինելու գիտակցված ընտրություն են կատարել՝ լինելով Armenian by Choice.

Հայկական սփյուռքը, երկրի բազմաթիվ քաղաքացիների համար փաստացիորեն մնալով ֆինանսական նվիրատու, գործնականում ինտեգրված չէ ժամանակակից Հայաստանի իրական կյանքին և երկրում տեղի ունեցող փոփոխությունների վրա չունի լծակներ։ Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և Սփյուռքի որոշ շրջանակներ քննարկում են Սփյուռքի ներկայացուցիչներին քաղաքացիություն տալու և երկրի բնակիչ չհանդիսացող քաղաքացիների ընտրական իրավունքների հարցերը։ Խոսքը, մի կողմից, Սփյուռքը Հայաստանի կյանքում ներգրավելու մասին է, մյուս կողմից՝ երկրի քաղաքացիների համար ներառականության սկզբունքն ապահովելու մասին։ Առաջարկում ենք խնդիրն ավելի լայն դնել. Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է արդյոք ստեղծելու տեխնոլոգիական թափանցիկ մեխանիզմներ, որոնք արտերկրում ապրող քաղաքացիներին և սփյուռքահայերին թույլ կտան մասնակցել երկրի ու ազգի զարգացման որոշակի խնդիրներ լուծող հանրաքվեներին։ Իշխանությունների նկատմամբ վստահության պակասի պայմաններում հարկավոր է փնտրել ազգային կոնսենսուս ապահովելու նոր ուղիներ։ Դրանով հանդերձ, պետք է հիշել, որ երկրի ու ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի լուծմանը մասնակցելու իրավունքն իր հետ բերում է նաև որոշակի պարտավորություններ։

Առանձին հիշատակության է արժանի Հայկական աշխարհի հետ ինքնանույնականացման հարցը որպես գիտակցված ընտրություն։ Նրանցից շատերը, ովքեր արյամբ ու քաղաքացիությամբ հայ են, այդ հարցն առանձնապես չեն կարևորում։ Միևնույն ժամանակ, սակայն, քիչ չեն մարդիկ, որոնք միայն 1/8-ով հայ լինելով կամ բոլորովին չլինելով, սրտին մոտ են ընդունում Հայաստանի ճակատագիրը և նրա համար անում են ամեն բան, ինչ կարող են անել։ Այդպիսի մարդիկ հայ լինելու գիտակցված ընտրություն են կատարել՝ ընտրությամբ հայ են (Armenian by Choice), և անհրաժեշտ է բոլոր պայմաններն ստեղծել՝ երկրի բարօրության գործում նրանց ներգրավելու համար։

Կարևոր է բացահայտել Սփյուռքի ականավոր ներկայացուցիչներին, որոնցից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը, և նրանց շահագրգռել լավագույնս մասնակցելու երկրի զարգացման գործին։

  • Պետական ​​բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն. Վերևում արդեն ասվեց, որ Հայաստանի պետական ​​կառույցներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու վրա սահմանափակումներ դնելով՝ մեզ զրկում ենք Սփյուռքի լավագույն մտքերին Հայաստանի բարօրության համար գործի մեջ ներգրավելու առավելությունից։ Հատկանշական է Իսրայելի օրինակը, որի ողջ պատմության ընթացքում իր սփյուռքը եղել է գաղափարների, ֆինանսների, տաղանդավոր ու եռանդուն մարդկանց հզոր աղբյուր, որոնք մշտապես սնուցել են երկիրը և նպաստել նրա զարգացմանը:

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափության Լուսանկարը՝ ինտերնետային ռեսուրս

  • Բարեբախտաբար, հայկական սփյուռքի ակտիվ հատվածը չի կորցրել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Իմ կարծիքով, կարևոր է, որ հենց հիմա համատեղ ջանքեր գործադրվեն մեխանիզմների, մասնավորապես հատուկ ծրագրերի մշակման համար, որոնք թույլ կտան բացահայտել Սփյուռքի 20-30 ականավոր ներկայացուցիչների (որոնցից է, օրինակ, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021 թ.-ին Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում), պայմաններ ստեղծել Հայաստանում նրանց մշտական ​​կամ ժամանակավոր աշխատանքի համար և շահագրգռել, որ անձամբ մասնակցեն երկրի զարգացմանը՝ իրենց գիտելիքները, մասնագիտական ​​ու կառավարչական փորձն ի սպաս դնելով պետության ծառայությանն այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները:

 

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930