Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմրուկն ավելին է, քան վտանգավոր և մահացու հիվանդություն». աշխարհում գրանցվել է կարմրուկի 21 խոշոր բռնկում

Ապրիլ 29,2022 16:52

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում են, որ 2022 թվականի հունվարին և փետրվարին գրանցված կարմրուկի դեպքերի թվի աճը մտահոգիչ է և վկայում է պատվաստանյութով կանխարգելվող հիվանդությունների տարածման բարձր ռիսկի մասին: Կազմակերպությունները նշում են, որ ստեղծված իրավիճակի արդյունքում, այս տարի կարող են ավելի մեծ բռնկումներ լինել, հատկապես` երեխաների շրջանում կարմրուկի: Համավարակով պայմանավորված` պլանային պատվաստումների խափանումները, պատվաստումների հասանելիության աճող անհավասարությունը և իմունականխարգելմանն ուղղված ռեսուրսների նվազումը չափազանց շատ երեխաների են թողնում անպաշտպան` կարմրուկի և պատվաստանյութով կանխարգելվող այլ հիվանդությունների նկատմամբ: Խոշոր բռնկումների վտանգն էլ ավելի է մեծացել, քանի որ համայնքները մեղմացրել են սոցիալական հեռավորության պահպանման և ՔՈՎԻԴ-19-ի այլ կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում էին համավարակի բռնկման թեժ ժամանակահատվածներում:

Ավելին՝ հակամարտությունների և ճգնաժամերի պատճառով միլիոնավոր մարդկանց տեղահանումը, այդ թվում՝ Ուկրաինայում, Եթովպիայում, Սոմալիում և Աֆղանստանում, պլանային պատվաստումների և ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների խափանումները, մաքուր ջրի և սանիտարական պայմանների բացակայությունը, ինչպես նաև` գերբնակեցումը մեծացնում ենպատվաստանյութով կանխարգելվող հիվանդությունների բռնկման վտանգը։ 2022 թվականի հունվարին և փետրվարին աշխարհում գրանցվել է կարմրուկի գրեթե 17,338 դեպք՝ 2021 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում գրանցված 9,665-ի փոխարեն: Քանի որ կարմրուկը շատ վարակիչ է, բավարար է, որ պլանային պատվաստումների մակարդակը նվազի, և դեպքերը սկսում են արագ ի հայտ գալ: ՄԱԿ-ի գործակալությունները մտահոգված են, որ կարմրուկի բռնկումները կարող են նախազգուշացում լինել նաև այլ հիվանդությունների բռնկումների համար, որոնք արագ չեն տարածվում:

Օրգանիզմի վրա անմիջական ազդեցությունից բացի, որն ինքնին կարող է մահացու լինել, կարմրուկը նաև թուլացնում է իմունային համակարգը՝ դարձնելով երեխային ավելի խոցելի այնպիսի վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են թոքաբորբը և փորլուծությունը, այդ թվում՝ կարմրուկից ապաքինվածների շրջանում։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է այնպիսի վայրերում, որոնք ՔՈՎԻԴ-19-ի, հակամարտությունների կամ այլ ճգնաժամերի պատճառով բախվել են սոցիալական և տնտեսական դժվարությունների և ունեն առողջապահական համակարգի թույլ ենթակառուցվածք և անապահովություն:

«Կարմրուկը ավելին է, քան վտանգավոր և մահացու հիվանդություն: Սա նաև նախանշան է, որ աշխարհի իմունականխարգելման ծածկույթում կան բացթողումներ, որոնք խոցելի երեխաներին է՛լ ավելի խոցելի դրության մեջ են դնում»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: «Հուսադրող է, որ շատ համայնքներում մարդիկ իրենց բավական պաշտպանված են զգում ՔՈՎԻԴ-19-ից, որ վերադառնում են ավելի ակտիվ սոցիալական գործունեության: Սակայն այն վայրերում, որտեղ երեխաները չեն ստանում իրենց պլանային պատվաստումները, ստեղծվում է «կատարյալ փոթորիկ»՝ կարմրուկի նման հիվանդության տրածմանհամար»:

Դեռ 2020 թվականին 23 միլիոն երեխա բաց է թողել պլանային պատվաստումները։ 2009 թվականից ի վեր՝ սա գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, որը 3,7 միլիոնով ավել է 2019 թվականին գրանցված ցուցանիշից: ՄԱԿ-ի գործակալությունները հայտնում են, որ 2022 թվականի ապրիլի դրությամբ, վերջին 12 ամիսների ընթացքում ողջ աշխարհում գրանցվել են կարմրուկի 21 խոշոր և անհանգստացնող բռնկումներ։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Աֆրիկայում և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում։

Թվերն, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր են, քանի որ համավարակը խաթարել է նաև վերահսկողության համակարգերն ամբողջ աշխարհում, և գրանցված տվյալները կարող են թերի լինել: Անցյալ տարվանից ի վեր՝ կարմրուկի ամենամեծ բռնկումները գրանցվել են Սոմալիում, Եմենում, Նիգերիայում, Աֆղանստանում և Եթովպիայում: Կարմրուկի դեմ պատվաստանյութի անբավարար ծածկույթը բռնկումների հիմնական պատճառն է: «ՔՈՎԻԴ-19 համավարակն ընդհատել է իմունականխարգելման ծառայությունները, առողջապահական համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված, և այժմ մենք տեսնում ենք մահացու հիվանդությունների, այդ թվում՝ կարմրուկի վերածնունդ: Շատ այլ հիվանդությունների պարագայում ևս իմունականխարգելման ծառայությունների խափանումների ազդեցությունը կերևա տասնամյակների ընթացքում»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus):

«Հիմա է այդ բացը լրացնելու և պլանային իմունականխարգելման նախկին ցուցանիշներին վերադառնալու ճիշտ ժամանակը, որպեսզի բոլորը կարողանան օգտվել կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերից»: Կարմրուկի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի երկու չափաբաժնով կատարված ներարկումների 95 տոկոս կամ ավելի բարձր ընդգրկվածությունը կարող է պաշտպանել երեխաներին կարմրուկից: Այնուամենայնիվ, ՔՈՎԻԴ-19 համավարակին առնչվող խափանումները շատ երկրներում հետաձգել են կարմրուկի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի ներմուծումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն այնպիսի գործընկերների հետ միասին, ինչպիսիք են Պատվաստանյութերի դաշինքը (Գավի), Կարմրուկի և կարմրախտի նախաձեռնությունը, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը և այլք, հետևյալ կերպ են աջակցում երկրների՝ իմունականխարգելման համակարգերի ամրապնդման աշխատանքներին.* Ծառայությունների և պատվաստումների արշավների վերականգնում, որպեսզի երկրները կարողանան ապահով իրականացնել իմունականխարգելման ծրագրերը՝ լրացնելու համար հետընթացի հետևանքով առաջացած բացերը։

* Բուժաշխատողներին և համայնքի ղեկավարներին ծնողների հետ հաղորդակցման հարցում աջակցություն՝ պատվաստումների կարևորությունը բացատրելու նպատակով։

* Իմունականխարգելման ծածկույթի բացերի շտկում, այդ թվում՝ համավարակի ընթացքում իմունականխարգելման ծրագրերից դուրս մնացած համայնքների և մարդկանց նույնականացման միջոցով։

* ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման ֆինանսավորում և ինտեգրում իմունականխարգելման ծրագրերի ընդհանուր պլանավորման մեջ, որպեսզի դրանք չիրականացվեն երեխաների պլանային պատվաստման ծառայությունների հաշվին։

* Իմունականխարգելման համակարգերի հզորացում և գործողությունների պլանի մշակում՝ որպես ՔՈՎԻԴ-19-ից երկրների վերականգնման ջանքերի մաս:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930