Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրտուալ աշխարհը գողանում է մեզ՝ մեզանից»

Հունիս 06,2022 12:00

Հարցազրույց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Նունե Սուքիասյանի հետ

– Հարգելի Նունե, «Արդաղիոնը» ձեր բեմական կյանքում առաջին ներկայացումն էր։ Դա շուրջ տասը տարի առաջ էր։ Մեր հանդիսատեսը իսկույն նկատեց ձեզ, բարձր գնահատելով ձեր՝ իսկապես բարդ, լուռումունջ արվեստը։ Հետո հաջորդեցին ձեր մասնակցությամբ Ժիրայր Դադասյանի եւ Յուրի Կոստանյանի ռեժիսուրայով իրականացված այլ բեմադրություններ եւս, այդ թվում՝ «Շերանիկ», «Մետաֆորմոզ», «Այծ ծես», «Սպասում» եւ այլն։ Իսկ անցյալ տարի «Օֆլայն» ներկայացումը բուռն խոսակցությունների առիթ տվեց, նախ այն պատճառով, որ սյուժեն մեր ժամանակներում պատուհասած «հիվանդության» մասին է՝ վիրտուալ կյանքի, իրականությունը կորցնելու, հեռախոսի, համակարգչի պատճառով իրականությունից կտրվելու, միմյանց նկատմամբ անտարբեր դառնալու մասին։ Լավ է, որ ներկայացման ավարտին կոմիտասյան երաժշտության ուղեկցությամբ կարծես մաքրագործվում է մարդը՝ դեն նետելով օնլայնը, որ դառնա օֆլայն…

– Վիրտուալ աշխարհը գողանում է մեզ՝ մեզանից, մեր երեխաներից, մեր հարազատներից… Մինչդեռ հայերիս հատուկ է ջերմությունը…

– Ստեղծված վիճակը ձեր՝ բազմազավակ մոր համար ավելի քան անտանելի է։ Հավանաբար դուք էլ ունեք այդ «հիվանդության» ախտանիշները։

– Իհարկե, բայց պայքարում եմ ինքս իմ դեմ, բազմաբովանդակ ու հետաքրքիր խաղեր կազմակերպելով աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել 7 ամսականից 7 տարեկան դուստրերիս՝ Մարիամին, Նարեին, Աիդային, Արփիին, յուրաքանչյուրին իր տարիքի համապատասխան։ Ինձ այդ հարցում միանշանակ օգնում է թատրոնը, որտեղ հավաքում եմ երջանկության պտուղներ ու տանում բաժանում ձագուկներիս։ Ընտանիքում կարեւորում եմ ամուսինների ջերմ փոխհարաբերությունները, որի արդյունքում դաստիարակվում են, մեծանում առողջ, ակտիվ, ինչու ոչ՝ չարաճճի, բայց իրենց տեսակի մեջ ընդունված երեխաներ։


– Երեխաների համար օգտագործեցիք չարաճճի որակումը։ Իսկ շրջապատի կարծիքը ձեզ չի՞ հուզում։

– Ոչ, երբ ինձ ասում են, թե ձագուկներս չարաճճի են, հպարտ պատասխանում եմ՝ ինձ են նման։


– Հետաքրքիր է՝ հոր խառնվածքից ի՞նչ են ժառանգել ձեր երեխաները։

– Աշխատասիրություն, կազմակերպվածություն…

– Ձեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ժիրայր Դադասյանը, քանիցս նշել է ձեր աշխատասիրության մասին։

– Շնորհակալ եմ պարոն Դադասյանին նման կարծիքի համար, բայց ես ինձ աշխատասեր չեմ համարում։ Պարզապես յուրաքանչյուր գործ, որին ձեռնամուխ եմ լինում, հասցնում եմ հաղթական ավարտին։

– Թատրոնում ձեր ներկայացրած կերպարներից կարելի է դա հասկանալ։ Մնջախաղի թատրոնի խաղացանկային ներկայացումներից որոշների սյուժեն անդրադարձ է մեր պատմությանը, հոգեւոր արժեքներին… Օրինակ, «Շերանիկի» առանցքում հայկական մանրանկարչությունն է, 13-րդ դարում Անի մայրաքաղաքում տիրող բարքերն ու սովորույթները, մոնղոլական արշավանքները եւ այլն, որ պարտադրում է դերասանին ուսումնասիրել այդ ամենը, էլ չխոսենք երաժշտությունից՝ շարականներից մինչեւ Կոմիտաս ու ժամանակակից կոմպոզիտորներ, ինչպես նաեւ համաշխարհային դասական երաժշտարվեստի մեծեր։ Կարճ ասած՝ մնջախաղացից պահանջվում է հանրագիտարանային գիտելիքներ։

– Իսկապես այդպես է, մեկ դերի վրա շատ եմ աշխատում, օրինակ, հենց «Շերանիկում», որտեղ հանդես եմ գալիս Մոնղոլի կերպարով։ Ծանոթացել եմ, ինչ-որ տեղ վերհիշել այդ ազգի պատմությունը, ինձ այդ հարցում շատ են օգնել պատմաբան Վասիլի Յանի աշխատությունները… Ինչ վերաբերում է երաժշտությանը, դա ավելի դյուրին է, քանի որ շարականներ, Կոմիտաս, Բախ եւ մյուսներ, քաջածանոթ են մեզ, չասեմ մշտապես ուղեկցում են, բայց գոնե տարբեր առիթների դեպքում ունկնդրում ենք նրանց երաժշտությունը։

– Խոսելով ձեր թատրոնի մասին, հաճախ զարմանք են արտահայտում միջազգային մրցույթ-փառատոներին բացարձակապես Գրան պրիներ ու առաջին մրցանակներ շահելու առիթով…

– Մեր թատրոնը իր ժանրի գործող թատերախմբերից իսկապես տարբերվում է, տարբերվում է արտահայտչամիջոցների այնպիսի ներկապնակով, որը հնարավորություն է տալիս բացահայտել կերպարները ոչ ստանդարտ, անսպասելի կողմերից եւ միեւնույն ժամանակ հասկանալի լինել կամ դյուրամարս տարբեր ազգությունների համար։

– Ձեզ մոտ ընթանում են Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ «Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթների հիման վրա «Ալիսի երազը» բեմադրության փորձերը՝ Մերի Կիրակոսյանի ռեժիսուրայով։ Այս ստեղծագործությունները քաջածանոթ են մեզ։ Իսկ ինչպիսի՞ն է ձեր Ալիսը։

– Դեռ աշխատում ենք իմ Ալիսին գտնելու ուղղությամբ։ Այս պահին մի բան կարող եմ վստահ ասել. հանդիսատեսը դիտելով ներկայացումը` կճանաչի արտասովոր երեխա Ալիսին։ Իսկ պրեմիերան նախատեսված է հուլիսի երկրորդ կեսին։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ Նունե Սուքիասյանը տարբեր ներկայացումներում։

«Առավոտ» օրաթերթ
04.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930