Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ թատրոնի միջազգային օրը եւ արտիստի հոբելյանը համընկնում են

Մարտ 27,2024 12:00

Ամեն տարի մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը, իսկ այս տարի մարտի 27-ին Ժիրայր Դադասյանը կնշի նաեւ իր ծննդյան 60-ամյակը:

Այս տարի մարտի 27-ի թատրոնի միջազգային օրը միաժամանակ հոբելյանական է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համար: Որոշեցինք պարոն Դադասյանի գործունեության մասին զրուցել մնջախաղի իր առաջին ուսուցչի` հայտնի մնջախաղաց, խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ: Մեր այն հարցին, թե մասնագիտական առումով ինչպե՞ս է գնահատում Ժիրայր Դադասյանի գործունեությունը, պարոն Իվանյանը պատասխանեց Ուսուցչի եւ Աշակերտի մասին Արեւելքում հայտնի ավանդության մի պատմությամբ. «Ի դեպ, երբ Ժիրայրի հետ մենք հանդիպում ենք, այս ավանդազրույցը հաճախ ենք մտաբերում, որը բնորոշ է մեր` արդեն հինգ տասնամյակը գերազանցող, իրարից միշտ անկախ, բայց իրարից միշտ տեղյակ համագործակցությանը: Հայտնի երեւույթ է, որ Արեւելքում Ուսուցիչ եւ Աշակերտ հարաբերությունները հազարամյակների ընթացքում հասցված են գրեթե պաշտամունքի աստիճանի` ի տարբերություն արեւմտյան չափից ավելի քննադատական, զուտ օգտաշահ կամ օգտակորզ վերաբերմունքի, որը բարոյապես շատ ցածր աստիճան է Արեւելքի հետ համեմատած: Բարեբախտաբար, Ժիրայրի հետ մեր միշտ հեռակա համագործակցությունն ակամա պահպանում է արեւելյան դպրոցի սկզբունքները, առանց իրար նկատմամբ քննադատական հայացքի դրսեւորումների, եւ միայն հոգատար զգուշությամբ ենք իրար հետ խոսում մեր այնպիսի «թերությունների» մասին, որն ավելի լավ կլիներ, որ մեզանում չլիներ: Ավանդությունը հետեւյալի մասին է:

Ժ. Դադասյանի ռեժիսուրայով Սամուել Բեքերի «Վթար» բեմադրության փորձի ժամանակ: Գլխավոր դերում՝
Լ. Իվանյան, 1992թ.

«Ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի երկրում, այնպիսի հանգամանք է ստեղծվում, որ կարեւոր մրցույթում վերջնական հաղթանակ տանելու համար պայքարի վերջին մասում իրար են հանդիպում Ուսուցիչը ե՛ւ իր Աշակերտը: Վերջնապայքարից առաջ Ուսուցիչը մտածում է, որ պետք է այնպես անի, որ իր Աշակերտն իրեն հաղթի, քանի որ իր հնարավոր նվաճումից ավելի մեծ նվաճում է, երբ Աշակերտն իրեն գերազանցի, այդ դեպքում ե՛ւ Աշակերտը հաղթանակ կտանի, ե՛ւ Ուսուցիչը իր Աշակերտի նվաճումով ավելի բարձր հարգանքի կարժանանա: Նույն պահին Աշակերտը մտածում է, որ ինքը պետք է այնպես անի, որ իր Ուսուցիչը իրեն հաղթի, եւ այդ դեպքում ավելի հստակ կերեւա, թե՛ իր Ուսուցչի եւ թե՛ իր Դպրոցի ուժը, քանի որ մինչ այս հաղթել է բոլորին, բայց դեռ չի կարող գերազանցել իր Ուսուցչին, որն ավելի մեծ պատվի կարժանացի ե՛ւ իր Ուսուցչին, ե՛ւ իրեն` որպես լավագույն Ուսուցչի լավագույն Աշակերտի»…

Այս պատմության կարեւոր մասը իրար նկատմամբ հենց այս վերաբերմունքն է եւ դրա համար ես առաջ չեմ անցնում եւ գերադասում եմ գնահատանքի խոսք ասել Ժիրայր Դադասյանի միշտ շատ լուռ ու շատ ճոխ գործունեության մասին, որը մեծ պատիվ է բերում մեր երկրին, եւ շատ ավելի մեծ պատիվ կբերեր մշակութային գործչին գնահատող մի ուրիշ երկրում, օրինակ՝ Ճապոնիայում, երբ Կաբուկի թատրոնի ծրագրագրքույկում նշվում է արտիստի անունը եւ նշվում է իր երկրի կողմից իր արտիստին տրված կոչումը` «Մարդ` Ազգային հարստություն»: Իմ ինքնուրույն ներաշխարհի, բոլոր ժամանակների ժամանակավոր իշխանություններից դուրս մշակույթի ոլորտում շատ ավելի բան տեսած ազատ մասնագետի իմ իրավունքով,   այդ չափազանց հարգելի «Մարդ` Ազգային հարստություն» կոչումն առանց տատնվելու ես տալիս եմ իմ կողմից շատ հարգելի մշակութային գործչին` Ժիրայր Դադասյանին:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԺԻՐԱՅՐԻՆ հոբելյանի կապակցությամբ, առիթից օգտվելով հայտնում եմ, որ Մնջախաղի թատրոնի ներկայիս ռեժիսոր- գեղարվեստական ղեկավարը պատանի եւ երիտասարդ տարիներին եղել է մնջախաղի արվեստի անգերազանցելի արտիստ, որին նոր սերունդը երբեւէ, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չի տեսել, մեզանում միակ մնջախաղաց-արտիստն է, որ կարողացել է «Լեոնիդ Ենգիբարյան» ներկայացման ձեւով «կրկնել» Լեոնիդ Ենգիբարյանի անկրկնելի արվեստի կրկեսային բոլոր մանրապատումները, պատանեկության տարիներին հրաշալի նկարում էր, որը հետագա զարգացում չստացավ, պարզապես «դրա համար» ժամանակ չունենալու պատճառով, որ այս տարի մայիսին լրանում է Արսեն Փոլադովի կողմից Երեւանում Մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրման 50-ամյակը, որի ամենաերկարատեւ ղեկավարը` 1996 թվականից սկսած մինչ օրս` 28 տարի, Ժիրայր Դադասյանն է, որ թատրոնի հետ եւ առանց թատրոնի` որպես տարբեր ժյուրիների անդամ մասնակցել է 200 թիվը գերազանցող բազմաթիվ ազգային եւ միջազգային տարաբնույթ փառատոների, 20 տարի` մինչ օրս ղեկավարում է Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային բացառիկ ներկայացուցչական փառատոնը, որ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում որպես Մնջախաղի դասընթացների (կուրսերի) ղեկավար կրթել է պրոֆեսիոնալ մնջախաղացների մի քանի սերունդ եւ դեռ շարունակում է ոչ միայն ղեկավարել մնջախաղի թատրոնը եւ մնջախաղի «կուրսերը», այլեւ ղեկավարում է «թատերական» ինստիտուտի «ամենամասնագիտական»` ռեժիսուրայի եւ դերասանի վարպետության ամբիոնը, ինչպես որ ժամանակին տասնյակ տարիներ միաժամանակ եղել է նաեւ ՀՀ ռադիոհաղորդումների եւ հեռուստատեսության պետական կոմիտեի հանձնաժողովի կազմում: Ներկայումս գիտեմ, որ անդամակցում է մի քանի միջազգային մշակութային կազմակերպությունների, որոնք գիտեմ, որ շատ են, բայց որոնց անուններից ոչ մեկը չգիտեմ, որ իմ իմացած հինգ տասնամյակում Դադասյանն ամբողջ կյանքում եղել է եւ կա` իմ իմացած ամենաբազմազբաղ գործիչը, որ որքան փայլուն ու ինքնատիպ են իր բավականին բարդ իմացություն պահանջող ներկայացումները, նույնքան փայլուն եւ անկրկնելի են իր նկարահանած էկրանային մնջախաղային աներեւակայելի կինոպատումները, որ երկար ժամանակ աշխարտել է «Շողակաթ» եւ «Հայրենիք» հեռուստաընկերություններում, որ, արդեն շատ եմ կրկնվում, երկար տարիներ որպես պատանի հաղորդավար աշխատել է հանրային ռադիոյում, որ հիմա, եթե շարունակեմ հիշել կամ վերհիշել, թե եւս ինչ այլ գործեր է արել եւ ներկայումս անում, որոնց մի մասը գիտեմ եւ մեծ մասը չգիտեմ, գուցե նույնքան թվարկելիք գործ կգտնվի, այնպես, որ ավելի լավ է ավարտեմ ասելիքս ՄԵԾ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՈՎ:

Նախ` որպես մշակույթի մարդ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ իր անմնացորդ ու նվիրյալ գործունեության համար: Անձամբ իմ անունից ուզում եմ հայտնել, բացարձակապես սուբյեկտիվ, բայց մասնագիտական գնահատական, այն, որ Երեւանի մնջախաղի թատրոնը ներկայումս կա, պահպանվում եւ գործում է բացառապես Ժիրայր Դադասյանի կամքի շնորհիվ, քանի որ գիտեք, որ անշենք թատրոն պահել հնարավոր է միայն անհավանական մեծ կամքի շնորհիվ, եւ մաղթում եմ ավելի մեծ ուժ, ավելի մեծ ջանք ու մեծ կամք, եւ իհարկե՝ մասնագիտական աշխատանքի լավագույն պայմաններ, եւ վստահ եմ, որ ավյունով լեցուն 60-ամյա երիտասարդ Ժիրայր Դադասյանը կստանա իր «երկրորդ շնչառությունը» եւ մի նոր ու ավելի աստիճանի կհասցնի հայկական մնջախաղի բեմադրական եւ արտիստական արժեքը, որ ներկայումս միջազգային մշակութային ամենաբարձր արժեքներից մեկն է ամբողջ աշխարհում: Վստահ եմ, որ մշակութային հանրությունը կիսում է իմ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ եւ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԸ, ոչինչ, որ չհասցրեցի խոսք ասել թվով շատ ազգային ու միջազգային, պետական ու միջպետական խոշորամասշտաբ ներկայացումների ինքնուրույն սցենարների եւ բեմադրությունների մասին, բայց` դա էլ ասեմ, դարձյալ քիչ կլինի, ավելի լավ է մի կերպ ավարտեմ խոսքս` ՋԵՐՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՈՎ»: Շատ խիտ` այսքանը: Դիտարկմանը, թե պարոն Իվանյան, դուք չասացիք, թե ինչով ավարտվեց Ուսուցիչ-Աշակերտ ավանդազրույցը, ի վերջո, ո՞վ հաղթեց եւ, եթե հարցը ձեզ ուղղեմ, ձեր մի՞ջեւ ով հաղթեց: «Հըմ, հետաքրքիր հարց է: Նախ` Ուսուցչին ընտրում է Աշակերտը, ի դեպ, ես սա սովորել եմ Ժիրայր Դադասյանից եւ ինքն է ինձ ասել, որ Աշակերտն է որոշում, թե ով է իր Ուսուցիչը: Ժիրայրն է որոշել, որ ես եմ իր Ուսուցիչը, եւ դա է այն հիմքը, որ ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել Ուսուցչի դիրքից: Ինչ վերաբերում, թե «Մեզնից ով է ում հաղթել», ապա ինձ համար միանշանակ է, որ ԺԻՐԱՅՐԸ շատ ավելի մեծածավալ, մեծանշանակ գործունեություն է իրականացրել եւ պայմանական «Դափնին» իրեն է պատկանում, իր գործունեությամբ նա իմաստավորում է նաեւ իմ ապրած կյանքը եւ ԿԵՑՑԵ ԺԻՐԱՅՐԸ, որ իր ապրած կյանքով հազարավոր կյանքեր է երջանկացրել եւ ՄԵԾ ԱՎԱՆԴ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ: ԴԱՓՆԻՆ` ԻՀԱՐԿԵ, ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՅԱՆԻՆ»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ժիրայր Դադասյանը եւ Լեւոն Իվանյանը

«Առավոտ» օրաթերթ
26.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031