Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գնանք ժողովրդի քմահաճույքով, ՀՀ օրենքը կլինի «Անապատի արեւը». Ռուբեն Բաբայան

Հունիս 21,2022 14:07

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերանայել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները դրույթը  և մշակույթի ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիշ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները: Ի՞նչ սկզբունքներով են որոշվելու արվեստագետների ժողովրդականությունն ու վաստակը, եւ ի՞նչ են տալիս կոչումները արվեստագետներին:

Հունիսի 21-ին «Մեդիա կենտրոնում» այս թեմայով կայացած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը նշեց, որ հարցը վաղուց կար, պարզապես տարբեր տարիների թեկուզ կուլիսային տարբերակով հարցին փորձել էին անդրադառնալ, սակայն վերջնական լուծման այս ձեւաչափով չեն գնացել: Նրա ձեւակերպմամբ, որոշումը բխում էր դաշտն ավելի բաց դարձնելու հրամայականից. «Ինչու հենց առաջին հերթին կանգ առանք ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի պատվավոր կոչումների խնդրի վրա, որովհետեւ գտնում ենք, որ արվեստի վաստակավոր գործչի եւ մշակույթի վաստակավոր գործչի մեջ ներառված են ժողովրդական եւ վաստակավոր արտիստի պարամետրերը»:

Սվետլանա Սահակյանը կարծում է, որ ժողովրդական կամ վաստակավոր արտիստ, ժողովրդական կամ վաստակավոր նկարիչ դառնում են ոչ թե մեկ կամ մի քանի անձի որոշմամբ, այլ ժողովրդի սերն ու համակրանքը վայելելու եւ ճանաչված լինելու արդյունքում: Նրա խոսքով, աշխարհում եւս չկան նման կոչումներ, եւ արվեստագետները այլ ձեւաչափերով են խրախուսվում, արժանանում են պետական պարգեւների:

Որքանո՞վ է չափելի ժողովրդի սերը արտիստի հանդեպ: Այս հարցին ի պատասխան՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց. «Ինձ հեշտ է խոսել այս թեմայով, որովհետեւ այս մասին ես խոսում եմ արդեն քսան տարի, երբ վերականգնում էին այդ կոչումները: Ես համարում էի, որ դա բացարձակ անիմաստ բան է: Ի դեպ, չի կարելի իդեալականացնել նաեւ ժողովուրդ բառը՝ ժողովուրդը էսպես որոշեց, էնպես որոշեց : Եթե մենք գնանք ժողովրդի քմահաճույքով, Հայաստանի Հանրապետության օրենքը կլինի «Անապատի արեւը» կամ «Պատրոնդաշս կապելը»…Իսկ եթե մի քիչ անցնենք ավելի քաղաքական դաշտ, ապա կհիշենք, որ ամենաբռնատիրական պետությունները՝ եւ անցյալում, եւ հիմա, կոչվում են ժողովրդական հանրապետություններ, որովհետեւ ժողովրդավարական երկիրն իրեն ժողովրդական չի կոչում, դա սպեկուլյացիա է…Ուրիշ հարց՝ կապված այս չեղարկման հետ: Կարծում եմ, որ նման որոշում պետք է կայացվեր ամենաբարձր մակարդակում եւ չվերաբերեր միայն մշակույթի ոլորտին, որովհետեւ մենք ունենք վաստակավոր շինարար, վաստակավոր բժիշկ եւ այլն, այդպես կարելի է շարունակել մինչեւ վաստակավոր կոշկակար եւ բանկի վաստակավոր աշխատող»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ. «Կոչումներն ավելորդ, մթնոլորտը փչացնող բան են…Ես հիշում եմ, թե ինչ էր կատարվում, երբ սկսեցին վերականգնել կոչումները, ինչպես կոչում ստանալը դարձավ գերագույն նպատակ, ոչ թե ստեղծագործելն ու մասնագիտական ոլորտի հաջողությունները: Պետությունն ունի լծակներ՝ ցույց տալու իր վերաբերմունքն արվեստագետի նկատմամբ: Կան շքանշաններ եւ մեդալներ: Հաճախ, օրինակ է բերվում Ֆրանսիան, որտեղ կա Պատվո Լեգեոնի շքանշան, որը տրվում է բոլոր ոլորտներին, բայց շատ առանձնացված մոտեցում է այս առումով»: Ռեժիսորն ընդգծում է, որ կոչումներն իրականում ոչ մեկին պետք չեն. «Երբ հանդիսատեսը գալիս է Վահան Արծրունու համերգին, իրեն շատ քիչ է հետաքրքրում Վահան Արծրունին ունի, թե ոչ այդ կոչումը»:

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին կարծում է, որ պետություն եւ ստեղծագործող արվեստագետ հարաբերությունները պետք է համակարգվեն օրենքով, ոչ թե որեւէ պետական գործիչ կամ մասնագիտական խումբ որոշումներ կայացնի այս կամ այն արվեստագետի կամ ստեղծագործող անհատի նկատմամբ, այլ գործեն օրենքով ամրագրված որոշակի չափորոշիչներ: «ԿԳՄՍ նախարարությունը միակ պատասխանատուն է մշակութային դաշտի, որը միակ վերահսկողն է, վերջին երեսուն եւ ավելի տարիների ընթացքում գործողությունները եւ վերաբերմունքի տարբեր դրսեւորումները ավելի շատ պայմանավորված են արվեստագետների նկատմամբ ոչ թե օբյեկտիվ պայմաններով, մասնագիտական հմտություններով ու արժանիքներով, այլ ուրիշ մեխանիզմներ են գործում, որոնցից ամենաարատավորը ժողովրդի եւ հասարակության սիրո չափն է:

Ժողովրդի սիրո չափով առաջնորդված պետական գործիչները մի շարք անգրագետ գործիչների եւ ճաշարանային ենթամշակույթի ներկայացուցիչերի բարձրացրին եւ դրեցին այն աստիճանի վրա, որի վրա գտնվում են հսկայական վաստակ եւ արժանիքներ ունեցող արվեստագետներ»,-ասաց Վահան Արծրունին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա Կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930