«Թվում է՝ բոլոր փախստականների հարցերը լուծվել են, բայց երկու տարի է՝ հադրութցիներով սփռված ենք Հայաստանով մեկ եւ չունենք որեւէ կարգավիճակ, ոչ ոք չի ուզում այդ հարցի շուրջ խոսել»,-այսօր կառավարության առաջ տեղի ունեցած ցույցի ժամանակ ասաց Հադրութից բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանը: Նա իր համերկրացիների հետ բողոքի ցույց էր կազմակերպել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով փախստականի կարգավիճակ:

Նրա խոսքով, Հադրութի մասին ոչ ոք չի խոսում, ոչ մի տեղ չի նշվում. «Վարչապետն ասում է՝ Բերձորը, Աղավնոն նախկին ԼՂԻՄ տարածք չի, պետք է վերադարձնենք Ադրբեջանին, իսկ վարչապետը չգիտի՞, որ Հադրութը, Շուշին, Մարտունու կամ մյուս շրջանների բնակավայրերը, որոնք ադրբեջանցիներն օկուպացրել են, նախկին ԼՂԻՄ տարածք է, ինչո՞ւ չեն վերադարձնում»:

Կարդացեք նաև
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ Արցախի կորուստը մեր պետականության կորուստն է: Լեւոն Հայրյանն ասում է, որ օրերս էլ տեղեկացել են, որ փաստաթղթում իրենց կարգավիճակը նշում են, ոչ թե բռնի տեղահանված, այլ հարկադիր տեղահանված. «Այսինքն՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն է մեզ հարկադիր հանել մեր տներից, երեւի տան հարկերը չէինք տալիս դրա համար: Մենք պիտի պահանջենք, որ մեզ տան փախստականի կարգավիճակ: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք մեր ապագա քայլերը քննարկելու: Նախ՝ ամեն մեկս մեր շրջապատին պետք է ներգրավենք մեր շարժմանը»:

Նրա խոսքով. «Այսօր մեր իշխանական էլիտան, քաղաքական ընդդիմությունը հայտնվել են թուրք-ռուսական աքցանի մեջ, եւ ցավալին այն է, որ մեր էլիտան սկսել է հաճույք ստանալ այդ աքցանից եւ դրա վկայությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է այն մասին, որ միջազգային գործընկերները առաջարկում են նշաձող իջեցնել»: Ասում է՝ Ֆրանսիան մեզնից էլ ավելի շատ «ոչ մի թիզական» դուրս եկավ, որովհետեւ անմիջապես պատերազմից հետո ճանաչել է Արցախի հանրապետությունը՝ 1994 թվականի սահմաններով: Իսկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաներն էլ, ըստ Լեւոն Հայրյանի, իրար հերթ չտալով, պարբերաբար հայտարարում են, որ չեն կարող Արցախի ժողովրդի ինքնորոշման սուրբ սկզբունքի վրա ոտնձգություն անել. «Այստեղ մնում է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի ընկերները, բարեկամները միջազգային գործընկերները միայն թուրքերն են, ադրբեջանցիները եւ ռուսներն են, որովհետեւ, միայն նրանք են առաջարկում նշաձողն իջեցնել»:
Լեւոն Հայրյանն անդրադառնալով Բերձորն էլ հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ասաց, որ պայքարելու փոխարեն վախի մթնոլորտ են ստեղծում, որ մարդիկ չըմբոստանան:
Լեւոն Հայրյանն ասաց, որ արցախցիների երազանքը Հայաստանին միացումն է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































