Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության օրը ժողովրդի ուշադրությունը հրավիրում ենք, որ հադրութցիների խնդիրները կառավարությանը ոչ միայն չեն հետաքրքրում, այլ փորձում են լղոզել, սվաղել ու թաքցնել. Լեւոն Հայրյան

Հուլիս 05,2022 13:07

«Թվում է՝ բոլոր փախստականների հարցերը լուծվել են, բայց երկու տարի է՝ հադրութցիներով սփռված ենք Հայաստանով մեկ եւ չունենք որեւէ կարգավիճակ, ոչ ոք չի ուզում այդ հարցի շուրջ խոսել»,-այսօր կառավարության առաջ տեղի ունեցած ցույցի ժամանակ ասաց Հադրութից բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանը: Նա իր համերկրացիների հետ բողոքի ցույց էր կազմակերպել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով փախստականի կարգավիճակ:

«Մենք Հադրութից փախել ենք, ցեղասպանությունից փախել ենք, սոցցանցերով, լրատվամիջոցներով, երբ ցույց էին տալիս՝ մարդկանց մորթում են, դա Հադրութի բնակիչներին էին մորթում: Մենք մորթվելուց փախել՝ եկել, հասել ենք Հայաստանի տարբեր բնակավայրեր, ինչո՞ւ չեն ուզում մեզ տալ փախստականի կարգավիճակ»,-ասում է Արթուր Ստեփանյանը:

Նրա խոսքով, Հադրութի մասին ոչ ոք չի խոսում, ոչ մի տեղ չի նշվում. «Վարչապետն ասում է՝ Բերձորը, Աղավնոն նախկին ԼՂԻՄ տարածք չի, պետք է վերադարձնենք Ադրբեջանին, իսկ վարչապետը չգիտի՞, որ Հադրութը, Շուշին, Մարտունու կամ մյուս շրջանների բնակավայրերը, որոնք ադրբեջանցիներն օկուպացրել են, նախկին ԼՂԻՄ տարածք է, ինչո՞ւ չեն վերադարձնում»:

Հադրութից բռնի տեղահանված Լեւոն Հայրյանը, որը «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարն է, ասաց, որ բողոքի ցույցի օրը պատահական չեն ընտրել, փորձում են ժողովրդին ցույց տալ, որ հայ ժողովրդի համար այս պայծառ տոնը՝ Սահմանադրության օրը, կա հասարակության մի խավ, որի պահանջները կառավարության կողմից արհամարհված են. «Ոչ միայն չեն բավարարվում, ոչ միայն որեւէ մեկին չեն հետաքրքրում, այլ փորձում են լղոզել, սվաղել ու թաքցնել, մոռացնել տալ»:

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ Արցախի կորուստը մեր պետականության կորուստն է: Լեւոն Հայրյանն ասում է, որ օրերս էլ տեղեկացել են, որ փաստաթղթում իրենց կարգավիճակը նշում են, ոչ թե բռնի տեղահանված, այլ հարկադիր տեղահանված. «Այսինքն՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն է մեզ հարկադիր հանել մեր տներից, երեւի տան հարկերը չէինք տալիս դրա համար: Մենք պիտի պահանջենք, որ մեզ տան փախստականի կարգավիճակ: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք մեր ապագա քայլերը քննարկելու: Նախ՝ ամեն մեկս մեր շրջապատին պետք է ներգրավենք մեր շարժմանը»:

Ասաց, որ մասնակցել են Դիմադրության շարժման հավաքներին, քանի որ համաձայն են եղել նրանց առաջին պահանջին, այն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Բայց Լեւոն Հայրյանը դժգոհություն հայտնեց, որ Դիմադրության շարժման հարթակում երբեւէ չի հնչել Արցախի փախստականների մասին հարցը: Չի հնչել Արցախի անկախության կամ կարգավիճակի հարցը. «Միայն ասում էին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչը ո՛չ կարգավիճակ է, ո՛չ՝ քաղաքական կատեգորիա: Ինչո՞ւ չեն հայտարարում Արցախի կարգավիճակի մասին, որովհետեւ չեն ուզում դեմ դուրս գալ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթին»:

Նրա խոսքով. «Այսօր մեր իշխանական էլիտան, քաղաքական ընդդիմությունը հայտնվել են թուրք-ռուսական աքցանի մեջ, եւ ցավալին այն է, որ մեր էլիտան սկսել է հաճույք ստանալ այդ աքցանից եւ դրա վկայությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է այն մասին, որ միջազգային գործընկերները առաջարկում են նշաձող իջեցնել»: Ասում է՝ Ֆրանսիան մեզնից էլ ավելի շատ «ոչ մի թիզական» դուրս եկավ, որովհետեւ անմիջապես պատերազմից հետո ճանաչել է Արցախի հանրապետությունը՝ 1994 թվականի սահմաններով: Իսկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաներն էլ, ըստ Լեւոն Հայրյանի, իրար հերթ չտալով, պարբերաբար հայտարարում են, որ չեն կարող Արցախի ժողովրդի ինքնորոշման սուրբ սկզբունքի վրա ոտնձգություն անել. «Այստեղ մնում է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի ընկերները, բարեկամները միջազգային գործընկերները միայն թուրքերն են, ադրբեջանցիները եւ ռուսներն են, որովհետեւ, միայն նրանք են առաջարկում նշաձողն իջեցնել»:

Լեւոն Հայրյանն անդրադառնալով Բերձորն էլ հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ասաց, որ պայքարելու փոխարեն վախի մթնոլորտ են ստեղծում, որ մարդիկ չըմբոստանան:

Լեւոն Հայրյանն ասաց, որ արցախցիների երազանքը Հայաստանին միացումն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031