ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, արտահերթ նիստում եւ արագացված ընթացակարգով քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:
Հարցի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով հարցն ասաց, որ մեր սպաներն այսօր սոցիալական ապահովության, ընտանիքները սոցիալապես ապահովելու խնդիր ունեն, ինչին էլ միտված է այս նախագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ-ում սպայական կազմի նշանակված անձանց համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Այս փոփոխությունն, ըստ Սուրեն Պապիկյանի, կխթանի եւ կավելացնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ կադրային զինվորական կրթություն ստանալու, հետագայում այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու հարցը:
2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ծառայողների համար նախատեսվում է ուսումն ավարտելուց հետո՝ անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների տրամադրում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալուց հետո բնակարանը կմնա տվյալ անձին՝ սեփականության իրավունքով: Մինչեւ պայմանագրի ավարտը առողջական վիճակով եւ հաշմանդամության պատճառով ծառայությունից ազատվողները, եթե դա տեղի է ունեցել ծառայության պատճառով, նույնպես կօգտվեն իրենց՝ պայմանագրով սահմանված իրավունքից:
Բնակարան հատկացնելու կարգը եւ պայմանները կսահմանվեն կառավարության որոշմամբ:
Կարդացեք նաև

Սուրեն Պապիկյանն ասաց, որ հարցը փաթեթում ընդգրկված է, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էլ բարեփոխումների փուլ է անցնում. այն կմիավորվի Ռազմական ավիացիայի ուսումնարանի հետ եւ այդ կարգավորումներով հարցը լուծում է ստանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































