Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՌՀ նախագահի վերջին ամփոփիչ ելույթի ժամանակ հնչածը ոչ թե նախազգուշացում, այլ սպառնալիք կանվանեի»․ Բագրատ Եսայան

Հուլիս 08,2022 21:55

«ՀՌՀ նախագահի վերջին ամփոփիչ ելույթի ժամանակ հնչածը ոչ թե նախազգուշացում, այլ սպառնալիք կանվանեի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։

Հիշեցնենք՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ հայտարարել էր․«Եթե այդպիսի հայհոյանք հնչի երկրորդ անգամ, ես՝ որպես հանձնաժողովի անդամ ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր հեռուստաընկերության գործունեությունը ժամանակավոր կասեցվի»։

Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք՝ հայհոյանքի տարածման հետ կապված, որն էլ տուգանման պատճառ էր դարձել, արդյոք դա համատեղելի՞ է եղել հեռուստաընկերության քաղաքականության հետ, նա պատասխանեց․ «Այս դեպքը կարգավորվում է օրենքով՝ մասնավորապես օրենքի իններորդ հոդվածով, եթե ապօրինի կոչեր են հնչում, որը կարող է հավասարեցվել հայհոյանքի հետ, ընթացակարգ է նախատեսված, որ կոչը հնչելու դեպքում, որն, իմ կարծիքով, նույնն է, թե հայհոյանքը հնչելու դեպքում ուղիղ հեռարձակում իրականացնող ընկերությունը պարտավորվում է զգուշացվել այդ կոչը հնչեցնելուց, բայց եթե նորից հնչի այդ կոչը, դադարեցնել այդ ուղիղ հեռարձակումը։ Այս տրամաբանությամբ այն հայհոյանքը, որ հնչել է մեր ուղիղ եթերում, ես ի պատասխան ՀՌՀ հարցման, բնականաբար, իմ ցավն եմ հայտնել, որ նման դիպված է եղել և նորից վստահեցրել եմ, որ մենք ամեն կերպ պայքարելու ենք հայհոյախոսության դեմ։ Բայց նաև ընդգծել եմ, որ դեպքը տեղի է ունեցել շատ լարված իրավիճակում, կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց, և հայհոյանքը հնչել է  ինը վայրկյանի  ընթացքում։ Այսինքն՝ հեռուստաընկերության լրագրողը, որն աշխատում էր այդ վայրում, օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել զգուշացնել հայհոյանք հնչեցնողին և հնարավորություն չի ունեցել այդ թոհուբոհի  մեջ օրենքով նախատեսված գործողությունը կատարել»։

Բագրատ Եսայանի կարծիքով՝ խնդիրը ոչ թե իսկապես հայհոյանքին էր վերաբերվում, այլ դա օգտագործվել է։ Նա մանրամասնեց․ «Ցավալի է բոլորի համար, բայդ այդ դիպվածն օգտագործվել է «Երկիր մեդիային» պատասխանատվության կանչելու համար, ավելին, սպառնալ, որ ցանկացած այլ առիթի դեպքում մենք կարող ենք գնալ լիցենզիայի կասեցման։ Սա ես գնահատում եմ ուղղակի քաղաքական պատվերի իրացում ՀՌՀ կողմից»։ Անդրադառնալով Տիգրան Հակոբյանի զգուշացումներին՝ Բագրատ Եսայանն ասաց․ «Վարչական պատասխանատվության միջոցների մեջ հստակ չի գրվում, թե ինչից հետո ինչ վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել, բայց հանձնաժողովի նախագահն առանց վարանելու հայտարարում է, որ ինքը գնալու է լիցենզիայի կասեցման ճանապարհով։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե իրավիճակը քննելն է, պարզելը, թե արդյոք հեռուստաընկերությունն օբյեկտիվ հնարավորություն ունե՞ր այդ հայհոյանքը  չհեռարձակելու կամ որևէ ձևով վերահսկողության տակ վերցնելու, այլ նրանք ուղղակի այս դեպքերն օգտագործում են քաղաքական նպատակով։

Պետական պատասխանատու մարմինը, եթե այլ քաղաքական նպատակ չի հետապնդում, պետք է պարզի, թե արդյոք այդ հեռուստաընկերության քաղաքականությո՞ւնն է, թե ոչ, և եթե նույնիսկ օրենքով սահմանված է նման բան, հեռուստաընկերությունը հնարավորություն ունե՞ր կանխելու, թե՝ ոչ և օբյեկտիվորեն հեռուստաընկերությունը կարո՞ղ էր այնպես կազմակերպել իր աշխատանքը, որ կատարեր իր հիմնական գործառույթը՝ օբյեկտիվ տեղեկություն իր հեռուստադիտողներին հասցնելու կատարման ընթացքում նաև օբյեկտիվորեն կարողանար օրենքի կամ իրենց կանոնակարգման այդ պահանջը կատարել։ Ես կարծում եմ, որ շահագրգիռ քննարկումը կարող էր այս հարթության վրա ծավալվել, մինչդեռ հանձնաժողովն ասաց, ոչ հնչել է հայհոյանք, մեզ չի հետաքրքրում՝ ինչ պայմաններում, որտեղ, ով է հնչեցրել, հեռուստաընկերությունը կարո՞ղ էր, թե՝ ոչ, վերահսկել հնարավո՞ր էր, թե՝ ոչ։ Եթե նույնիսկ երկու կամ երեք անգամ էր հնչել ինը վայրկյանի ընթացքում, արդյոք տեղեկություն ստանալու իրավունքն ավելի գերակա չէ՞ այս դեպքում կամ ֆորմալ օրենքի պահանջի կամ կանոնակարգման պահանջի կատարումը»։

Բագրատ Եսայանը տեղեկացրեց՝ բողոքարկում լինելու է, և իրենք հասնելու են վարչական դատարան ու պայքարելու են մինչև վերջ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031