Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը կներգրավեն ուսանողներին․ մեկնարկել է խոշոր մեդիաֆորում

Նոյեմբեր 09,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Երիտասարդությունը և ուսանողական մեդիան կարող են առանցքային դեր ունենալ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր կապերի ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ Երևանում անցկացվող III Ռուս-հայկական մեդիաֆորումի բացման արարողությանը։

Մեդիաֆորումը, որը կազմակերպվել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության ու Ռուս-Հայկական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ, միավորել է Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 120 ուսանողների։ Այս տարի ֆորումի թեման է՝ «Ուսանողական մեդիան Ռուսաստանի և Հայաստանի միջազգային համագործակցության օրակարգում»։

Միջոցառման բացմանը ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը նշել․ արդեն ավանդական դարձած մեդիաֆորումը կարևոր հարթակ է, որը թույլ է տալիս մասնակիցներին համատեղել տեսական գիտելիքները ռուսական և հայկական մեդիա համայնքների առաջատար ներկայացուցիչների գործնական փորձի հետ։

Ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին ընդգծել է ՌՀՀ-ի ներդրումը կրթական տարածքի զարգացման և երկու երկրների համար մասնագետների պատրաստման գործում։ Մոգիլևսկու խոսքով՝ ֆորումի շրջանակում մշակված համատեղ մեդիա նախագծերը ոչ միայն կդառնան ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասը, այլև իրական ներդրում կունենան կրթության և գիտության հանրահռչակման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը շեշտել է, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր պատմությունը, բազմամյա մշակութային և հումանիտար կապերը։ Նա նշել է, որ ֆորումի արդեն երրորդ անգամ անցկացումը վկայում է այս հարթակի պահանջված լինելու և ավելի ու ավելի շատ մասնակիցներ ներգրավելու փաստի մասին։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն կիսվել է իր ռազմական թղթակցի աշխատանքային փորձով և կարևորել լրագրողական կրթության կարևորությունը։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանն անդրադարձել է լրագրության սոցիալական առաքելությանը և դրանց հասարակական գործընթացների վրա ազդեցությանը։ Նա նշել է, որ լրագրողները պատասխանատվություն են կրում ոչ միայն հասարակական կարծիքի ձևավորման, այլև երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման համար։

Ֆորումի առաջին օրվա առանցքային իրադարձություններից մեկը «Սոցիալական լրագրությունը XXI դարում․ նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկումն էր, որի մոդերատորն էր ՌՀՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

Քննարկմանը մասնակցել են «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌՀՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Դավիթ Ալավերդյանը, «ԱՌԿԱ» և «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունների հիմնադիր Կոնստանտին Պետրոսովը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն, գրող Կարեն Մարկարյանը, ինչպես նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը։

Ուսանողները փորձագետներին բազմաթիվ հարցեր են ուղղել հանրությանը հուզող արդիական և խնդրահարույց թեմաների շուրջ։

Նշենք, որ մեդիաֆորումի ծրագրում ներառված են նաև վարպետության դասեր, դասախոսություններ, կլոր սեղաններ և մեդիակոնտենտի պատրաստման գործնական պարապմունքներ։ Հայաստանի և Ռուսաստանի ուսանողները հնարավորություն կունենան իրականացնել համատեղ մեդիա նախագծեր, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների ընդհանուր պատմամշակութային արժեքների տարածմանը։

 

Ռուս-Հայկական համալսարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30