Ամասիայի տարածաշրջանի ձորերի մեջ մխրճված գյուղերից մեկը՝ Ջրաձորը, կառավարության որոշմամբ կտեղափոխվի 5 կիլոմետր հեռավորության վրա՝ Գյումրիին ավելի մոտ։ Ջրաձորցիների համար նոր գյուղ կկառուցվի հին տեղանքի դեմ-դիմաց։


«Շատ կարևոր է, որ այդ նախագիծը հաջող ընթանա, և մենք կարողանանք այնտեղ 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել ու քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գյուղի տեղափոխումը կապված է Կապսի ջրամբարի կառուցման հետ։ Ջրամբարի կառուցման դեպքում գյուղը կհայտնվի ջրի տակ։
Կարդացեք նաև
Կառավարության հաշվարկով, գյուղի տեղափոխման ու նոր գյուղի կառուցման համար 5 միլիարդ դրամ գումար կպահանջվի։
Մենք այցելեցինք Ջրաձոր՝ ճշտելու բնակիչների տրամադրությունները նոր գյուղի կառուցման շուրջ։
Ջրաձորի վարչական ղեկավար Արա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ գյուղի տեղափոխման ծրագիրը դեռ 50 տարի առաջ են մշակել, սակայն այդպես էլ չեն իրագործել։
«70-ական թվականներից եկել են, գնահատել են, գյուղացիներին ներկայացվել է, որ գյուղը պիտի տեղափոխվի։ Խորհրդային շրջանում սկսվեց ջրամբարի կառուցման փուլը, միևնույն ժամանակ պիտի իրականացնեին գյուղի տեղափոխումը, մատնանշում էին տարբեր տեղեր, որոնց մի մասին բնակիչները համաձայն չէին, այնտեղ, որտեղ բնակիչն էր ուզում, պետությունը չէր կարող հարմարեցնել։
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանի անկախացման տարիների ընթացքում երկար ժամանակ դադարեցին այդ խոսակցությունները, այսինքն՝ մարդիկ հույսերը կտրեցին։ Երկրաշարժից հետո գյուղը չկառուցվեց, ունեցանք փլուզումներ, անմխիթար վիճակ էր։ Մարդիկ բնակարանով ապահովված չէին, դա էլ առիթ տվեց, որպեսզի բնակիչների մի մասը գյուղից հեռանա, մի մասն էլ մնաց այն հույսով, որ գյուղը կկառուցվի ու կունենան իրենց տունը»,- ասաց գյուղապետը։
Այսօր գյուղում գրանցված բնակիչներ թիվը 242 է, երկրաշարժից առաջ 400-ից ավելի է եղել։
«Գթաշեն բնակավայրի մոտ գյուղը կառուցվում էր, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո կիսատ մնաց ու քանդվեց։ Այսօր արդեն այդ գործարքի մեկնարկը տրված է, 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկը տրվեց ու սկսվեց վերջնական հաշվառում, որպեսզի այս ծրագիրը իրականացնեն։ Գյուղում չկան գրանցված բնակարաններ, մարդիկ սեփականության վկայականներ չունեն, երկրաշարժից գյուղի բնակիչները ճանաչվեցին անօթևաններ»,-ասաց վարչական ղեկավարը։



Ջրաձորում ավագանու արտագնա նիստ է տեղի ունեցել, գյուղացիներն իրենց կարծիքն են հայտնել գյուղատեղիի մասին։ Նոր նախագծով կկառուցվի 69 բնակարան, ըստ վարչական ղեկավարի՝ սկզբում 73 բնակարանի հարցն է քննարկվել՝ փաստացի բնակվողների քանակով։
«Ծրագիրն այսպիսին է՝ բնակարանը բնակարանի դիմաց, իսկ կից և օժանդակ կառույցների համար փոխհատուցում։ Գոմերի կամ պահեստների մասով հետագայում մարդը կորոշի, թե ինչ է կառուցում։ Ծրագրի հիմնական փուլը հաշվառումն է և մարդկանց ժամանակավոր սեփականության վկայականներ տալն է։ Այս պահին այդ գործընթացն է»,-ասաց Արա Հարությունյանը։
Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 2-ին, ըստ մեր զրուցակցի, կավարտվի 67 ամիս անց։
«Կկառուցվի և՛ համայնքային շենք, որտեղ կլինի մանկապարտեզ, գրադարան, հանդիսությունների տուն, և՛, բնականաբար, նաև դպրոց»,-թվարկում է վարչական ղեկավարը։
Նա նշում է, որ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխված ջրաձորցիները նոր գյուղի կառուցումից հետո խոստանում են վերադառնալ, քանի որ շատերը գնացել են բնակարանային խնդրի պատճառով։
«Աշխատող մարդու համար գյուղում դժվար չէ ապրելը, իսկ մեր գյուղացիները շատ աշխատասեր են, ստեղծող, արարող, իրենց խնդիրը միայն բնակարանն էր, որն առիթ է դարձել այս վիճակի ստեղծման համար․ պակասել է բնակիչների, դպրոցում աշակերտների թիվը։
Հույս ունենք, որ գյուղի կառուցումից հետո բոլորը կվերադառնան, գյուղը կլինի շատ մեծ, շատ բարեկեցիկ, շատ լավը։ Երազանքների գյուղ կլինի և Հայաստանի Հանրապետությունում կլինի միակը, որը կունենա ժամանակակից գյուղի տեսք և, իհարկե, էկոգյուղ կլինի, որտեղ գյուղացին ինքն է ներկայացնում առաջարկները նոր գյուղի ձևի ու տեսքի մասին», -ասաց վարչական ղեկավարը։




Այսօր «Արմենպրես»-ին տված հարցազրույցում գյուղի վերաբնակեցման ծրագիրն իրականացնող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը մանրամասնել է, որ գյուղը պատրաստ կլինի 2026 թվականի գարնանը, այն ավելի մեծ կլինի տարածքով, քանի նախկին Ջրաձորն է, փաստացի գրանցված 74 ընտանիքներն էլ կստանան տներ։
«Այս գյուղն ունենալու է գլխավոր հատակագիծ, ներառելու է բնակելի գոտի, հանգստի գոտի, արտադրական գոտի, ուսումնական գոտի, ունենալու է իր հստակ ճանապարհային ցանցը, որը ներառելու է միջբնակավայրային ճանապարհներ՝ ասֆալտապատ, անասունների համար առանձին ճանապարհ, նաև ունենալու է հետիոտնային ուղիներ»,- լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Աշոտ Խաչատրյանը։


Գյուղը Սուրբ սար ունի՝ Սուրբ Գևորգ անունով, որը նախկին գրադարանավարուհու պատմելով, շատ զորեղ է, նաև բուժիչ աղբյուր ունի՝ Լուսաղբյուր, որտեղ տարբեր տեղանքներից գալիս են բուժվելու, շշով ջուր տանելու, մարմնի այն մասը, որտեղ ցավեր կան, լվում են այդ ջրով։
Գյուղը տարբեր սրբեր ունի, տների մեծ մասում կա Սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը։ Գյուղի ամենատարեց տղամարդկանցից մեկը հիշում է, որ իր պապը Արևմտյան Հայաստանից գաղթելիս՝ իր հետ տեղափոխել է տան գիրքը՝ «Նարեկ»-ը՝ շորերի տակից կապելով մեջքին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































