Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի դեմ միջազգային գործընթացների հիմք տալիս են Նիկոլ Փաշինյանի «խիստ մտածված հայտարարությունները». Սիրանույշ Սահակյան

Հուլիս 15,2022 23:45

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի դեմ «այլ իրավական գործընթացներ» էլ սկսել, որոնց հիմքերը տալիս է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր «խիստ մտածված հայտարարություններով». «Օրինակ, երբ հայտարարում է, որ այդ տարածքները գրավված են եղել, դրան ի պատասխան, Ալիեւն ասում է, որ գրավված տարածքներում չի թույլատրվում տնտեսական գործունեություն իրականացնել եւ քանի որ տնտեսական գործունեությունն իրականացվել է, հայ ազգը թող փոխհատուցի տնտեսական գործունեության արդյունքում՝ գրավված երկրի կրած տնտեսական վնասները: Կարծում եմ, ավելի շատ պետք է մտահոգվի իր արտահայտություններից՝ ունենալով հնարավորություն՝ մասնագետներին լսելու, նրանցից բազմաթիվ խորհուրդներ ստանալու եւ չփորձի այդ ծանրաբեռնվածությունը թողնել սովորական մարդկանց»:

«Վերջերս, միջազգային ատյաններում գործող մեր իրավաբաններից լսել եմ այդպիսի մտահոգություն, որ մեր դեմ կօգտագործվի, որովհետեւ մենք ռասսայական խտրականության հայց ենք ներկայացրել՝ ընդդեմ Ադրբեջանի եւ մեր ընդդիմությունը, խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները գոռում են՝ «առանց թուրքի Հայաստան»: Բայց որ նախորդ հարցազրույցում ես խոսում էի ԼՂ ադրբեջանցիների վերադառնալու վերաբերյալ, էսօր էլ խոսեցի, Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց՝ ասեց՝ դեմ մենք հո ֆաշիստ չենք: Այսինքն, այն դեպքում, երբ ես խոսում են ԼՂ ապագայի, կարգավիճակի ճշտման հարցով՝ ասում են՝ մենք հո ֆաշիստ չենք, իսկ երբ խոսում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, ասում են՝ «առանց թուրքի Հայաստան»: Դուք իշխանություն էիք, գնացիք, պատմաբանների հանձնաժողովով ստորագրեցիք, Ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Մասիս սարը ջնջեցիք… Արարատ Միրզոյանը գնացել էր Անթալիա, քիչ էր մնում դավաճան հանեիք, իսկ որ Սերժ Սարգսյանը գնացել էր Անկարա՞, թե՞ Ստամբուլ, չեմ հիշում… հա, Բուրսա, հա բայց, այցելություն էր կատարել…»,- իր վերջին մամուլի ասուլիսում նաեւ այսպիսի միտք էր արտահայտել Նիկոլ Փաշինյանը: Նա նկատի ունի, որ ընդդիմադիրների ցույցերի եւ երթերի ժամանակ հնչող «առանց թուրքի Հայաստան» վանկարկումների համար միջազգային ատյաններում Հայաստանի դեմ կարո՞ղ է հայց ներկայացվել:

Պատասխանելով հարցին՝ քաղաքական, հանրային խոսույթում նման արտահայտությունները կարո՞ղ են Հայաստանի դեմ խտրականության հիմքով դիմումների հիմք հանդիսանալ, Սիրանույշ Սահակյանն ասաց, որ Հայաստանի դեմ նման դիմումներ արդեն կան եւ վարչապետը պարտավոր էր իմանալ: Խոսքը՝ 44-օրյա պատերազմից հետո, ՄԱԿ-ում ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, Հայաստանի նախաձեռնած իրավական գործընթացի մասին է, որից հետո, սպասելի էր հակընդդեմ հայցի ներկայացումը մյուս պետության, տվյալ դեպքում, Ադրբեջանի կողմից, ինչը պաշտպանության լավագույն ձեւն է. «Իսկ եթե որոշ չափով ծանոթ է նաեւ ադրբեջանական գործելաոճին, ուրեմն 100 տոկոսով էր այդ հավանականությունը, որովհետեւ հայելային կերպով, Ադրբեջանը հայերին վերագրում է այն խախտումները, որոնք կատարում է ինքը եւ դա վերագրում է ոչ թե այն պատճառով, որ դրանք իրականություն են, այլ սեփական երկրի շահերի պաշտպանությունը լավագույնս կազմակերպելու նպատակով, եւ, միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելով՝ փորձում է հավասարության նշան դնել, այդպիսով մեղմել միջազգային հանրության արձագանքը՝ սեփական երկրի մասշտաբային հանցագործությունների հանդեպ. դրանք թե պատերազմական են, թե մարդկային եւ ընդհուպ, կարող են վերածվել ցեղասպանության, ինչը թյուրք-ադրբեջանական ազգերի պարագայում նաեւ պատմականորեն հաստատված իրողություն է»:

Ռիսկեր կան, բայց մեր զրուցակիցը դրանք չի տեսնում էթնիկ խմբին իր անունով կոչելու, պատմական իրողությունները փաստագրելու մեջ: Ավելին, պատերազմական իրողություններում, կարծում է, որ նաեւ հռետորաբանության փոփոխությունն է հանդուրժվում՝ խոսքի ազատության շրջանակներում. «Այդպիսի վախվորած, գերզգուշավորություն ցուցաբերելու անհրաժեշտություն պետք չի, որ լինի հասարակության կողմից, որովհետեւ հասարակությունները պատերազմներում հաղթում են նաեւ հոգեբանական առավելությունների միջոցով, իսկ հոգեբանական առավելությունները տալիս են ղեկավարները՝ ճիշտ, չափավոր հռետորաբանության միջոցով նաեւ: Բայց, փոխարենը, մենք օրինակ ունենք, երբ հայերին համեմատում են շների հետ. այստեղ է, որ խոսքը կարող է դառնալ խտրական: Կամ՝ հայերին ներկայացնում են, որպես ստորադաս ազգ, որոշ դեպքերում՝ ցեղ. այստեղ է, որ մենք կարող ենք բախվել խտրականության հետ: Իրականության մեջ, եթե առանձին, մասնավոր անձանց ծայրահեղ դրսեւորումները բացառենք, որոնք շատ քիչ են, կարծում եմ, մեզ մոտ հակաթուրքական հռետորաբանություն, խոսք, ատելության քարոզ ուղղակի գոյություն չունի»:

Եթե իշխանությունում միջազգային գործընթացներից «շատ խուճապած են», ապա, ըստ իրավապաշտպանի, պետք է ճիշտ գնահատեին միջազգային դատարան դիմելու հնարավորությունները եւ չսադրեին՝ Հայաստանի դեմ իրավական գործընթաց սկսելը. «Եվ երկրորդ՝ պետք է վախենան այլ դրվագներից, որոնք վերագրում են: Օրինակ, ադրբեջանական կողմը վերագրում է, որ ադրբեջանցի գերիներին խոշտանգել են Հայաստանում: Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ իր ուղղակի ենթակայության տակ գտնվող անձինք խոշտանգվել են եւ դրա համար Հայաստանը պարտվելու է, ուրեմն, այլ որոշումներ պետք է կայացներ: Իսկ եթե այդ արարքները չեն եղել, եւ ես հույս ունեմ, որ չեն եղել, ուրեմն, պետք է պաշտպանությունը կազմակերպել պրոֆեսիոնալ լուծումների շնորհիվ եւ չմեղադրել հասարակությանը՝ իրերն իրենց անուններով կոչելու համար. թուրքին այլ անունով չեն կարող կոչել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031