Լրահոս
Օրվա լրահոսը

Օլեգ Դուլգարյան․ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում չեն ընդգրկվել կարեւոր առաջարկություններ»

Հուլիս 19,2022 14:48

Հայաստանում համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մշակվում է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը»։ Դրանում կան մի շարք խնդրահարույց կետեր, որոնց մասին քաղհասարակությունը առաջարկություններ է ներկայացրել, սակայն դրանք գրեթե հաշվի չեն առնվել։

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ներկայացմամբ՝ ռազմավարությունում շատ կարեւոր կետեր տեղ չեն գտել, շատ առաջարկություններ դուրս են մնացել փաստաթղթից։

«Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված քննարկման ժամանակ Դուլգարյանն ասաց ՝ ոլորտը ձախողված է եւ կարեւոր է ունենալ այդպիսի փաստաթուղթ, բայց ձախողված ոլորտի ռազմավարություն մշակելու համար շատ բարձր չափանիշներ պետք է դնել, որպեսզի ռազմավարությունը ոչ միայն ոլորտը դուրս բերի այս վատ վիճակից, այլ նաեւ զարգացնի, վերացնի ոլորտի նկատմամբ անվստահությունը։

Դուլգարյանը, ներկայացնելով փաստաթղթում առկա վիճահարույց դրույթներն, ասաց՝ ՀՀ-ին առաջակվում է սահմանել համայնքներում հանրային լսումների տապալման իրավական հետեւանքներ․ «Սա այն խնդիրը չէ, որով պետք է ռազմավարությունը զբաղվի։ Կարծես փորձ է արվում եւս մեկ անգամ հզորացնել մեխանիզմները՝ ուժեղացնելու հանքարդյունաբերող տնտեսվարողներին ի հաշիվ համայնքի իրավունքների»։

Ըստ Դուլգարյանի, ռազմավարության մեջ չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք ուղիղ կապված են հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ վստահության գործոնի, համայնքի զարգացման, բնակիչների առողջության, շրջակա միջավայրի հետ․ «Օրինակ՝ առաջարկել ենք, որպեսզի ռազմավարությունը ուղերձ հղի, իր մեջ ներառի այն, որ ՀՀ-ն ունենա հանքաարդյունաբերության հետեւանքով առաջացած բնապահպանական, առողջապահական, սոցիալական խնդիրների վերհանման, գնահատման ու փոխհատուցման մեխանիզմներ։ Սա չի ընդգրկվել։ Ամենամեծ բանը, որ նշվել է ռազմավարությունում, այն է, որ ՀՀ-ն պետք է մշակի ռիսկերի գնահատման կամ մշտադիտարկման ընթացակարգ»։

Բանախոսի ներկայացմամբ՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար առաջարկվել էր, որ հանքարդյունաբերող ընկերությունները սոցիալական պատասխանատվության ծրագրերով գումարներն ուղղեն հենց տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլընտրանքային ճյուղերի զարգացմանը, որպեսզի, երբ տվյալ համայնքում ավարտվի հանքարդյունաբերությունը, համայնքում չմնան միայն դատարկ ապարներ կամ աղտոտված տարածքներ․«Սա թողնվել է համայնքին, այսինքն՝ ՏԻՄ-ը կորոշի, թե իրենք ինչի վրա պետք է ծախսեն այդ գումարները»։

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ փաստաթուղթը միակողմանի է, դրա մշակմանը մեծամասամբ մասնակցում են այն փորձագետները, որոնք երկար տարիներ աշխատել են հանքարդյունաբերական ընկերություններում․ «Այս ռազմավարությունը հանքարդյունաբերական ընկերության տեսակետներն է արտահայտում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031