Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղափոխվում են Քաշաթաղում եղած խաչքարերը, գրքերի, թանգարանային նմուշների ֆոնդերը

Օգոստոս 11,2022 22:00

Արցախի Քաշաթաղի շրջանից այս օրերին տեղափոխման նպատակով ապամոնտաժվում են պատմամշակութային կոթողները։ Հիշեցնենք, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի 25-ը լքել իրենց բնակավայրերը։ Aravot.am-ը զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Նա զբաղվում է աշխատանքի համակարգմամբ։

-Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ տեղեկացնել՝ ո՞ր տեսակի հուշարձաններն են ապամոնտաժվում,  ի՞նչ ծավալով տեղափոխության մասին է խոսքը։  

-Հիմնականում մոնումենտալ հուշարձանների մասին է խոսքը՝ խաչքարեր, հուշակոթողներ։ Դրանք տարհանվում են ըստ քաղպաշտպանության պլանի․ քանի որ այդ բնակավայրերի բնակիչները տարհանվում են, տարհանվում են նաեւ մոնումենտալ արվեստի հուշարձանները, գրքային ֆոնդերը, թանգարանային նմուշները։ Այս պահին ամբողջությամբ տեղափոխված են Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, Սուս, Աղավնո համայնքների եւ Բերձոր քաղաքի մոնումենտալ հուշարձանները։ Գործընթացը շարունակվում է։ Աղավնոյում եւ Ներքին Սուսում, աշխատանքն ավարտին  է հասնում։ Վաղն ամենայն հավանականությամբ կավարտենք Բերձոր-Գորիս երթուղում գտնվող ճանապարհի եզրերի հուշակոթողների տեղափոխումը։ Մնում է Բերձոր քաղաքի տարածքում որոշ մոնումենտալ հուշարձանների տեղափոխումը։ Խոսքը մոտ 48-50 հուշարձանի մասին է։

-Ի՞նչ է լինելու տեղափոխվող հուշարձանների ճակատագիրը, որտե՞ղ են դրանք տեղակայվելու։

-Տեղափոխումը եւ կենտրոնացումը լինում է մեկ վայրում, հետո տարբեր առաջարկներ կան մասնավոր անձանց կողմից, նաեւ պայմանավորվածություն ունենք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որ պուրակներ կստեղծվեն Ստեփանակերտում, հուշարձանները կտեղադրվեն այդտեղ։ Ամբողջական ցուցակագրումից հետո հուշարձանների ճակատագրի հետ կապված հարցերը կլուծվեն։ Տեղափոխումը կատարվում է ապահով վայր, որեւէ խնդիր չի կարող լինել։ Առկա  է ոստիկանական վերահսկողություն։

-Պարոն Հովհաննիսյան, ակնհայտ է, թե Ադրբեջանի պարագայում ինչպիսի երկրի հետ գործ ունենք, եւ թե վերջինիս վերահսկողության ներքո ինչ ճակատագրի են արժանանալու հայկական մշակութային կոթողները։ Զուգահեռ այս իրականությանը՝ սոցցանցերում կարծիքներ կան այն մասին, որ ինչո՞ւ են ապամոնտաժում, օրինակ, Բերձորի եկեղեցու խաչքարակերպ քարերը։ Տեսանյութը տարածվել էր համացանցում, եւ հարցադրում էր հնչում՝ «օգնում եք, որ հետո ադրբեջանցիներն ավելի հեշտ այն դարձնեն մզկի՞թ»։

-Դա մի դեպք է եղել։ Այլ դեպք չի գրանցվել։ Մեկ անձի երեխաները դիմել են, որ իրենց հոր պատվին նման խաչքար կա Բերձորի եկեղեցու պատին։ Զավակները ցանկացել են այն հանել եւ տանել։ Սա է։ Մնացած բոլորը տեղում են։ Ես այսօր եւս տեղում եմ եղել։ Սրբազանի հետ պայմանավորվածությամբ օգնել ենք, որպեսզի թեմը կարողանա հանել եկեղեցական գույքը, ոչ թե, օրինակ, խաչերը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031