Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքական Արեւմուտք» չկա

Օգոստոս 13,2022 10:06

Վերջերս դիտում էի CNN-ի վերլուծաբան Ֆարիդ Զաքարիայի եւ բրիտանացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի բանավեճը: Այդ զրույցը տեսագրվել է 2019 թվականին եւ կրում է հետեւյալ անվանումը. «Արդյո՞ք ազատական աշխարհակարգն ավարտվել է»: Այսօր, այդ բանավեճը նայելով 2022 թվականի տեսանկյունից, կարող ենք, թերեւս, արձանագրել, որ պահպանողական Ֆերգյուսոնի փաստարկներն ավելի համոզիչ են, քան ազատական Զաքարիայի: Ի դեպ, դրա մասին են, կարծես թե, վկայում տեսագրության մեկնաբանությունները, որոնց մեծ մասն արձանագրում է բրիտանացու «հաղթանակը»: Բայց ես այս հարցում չէի շտապի, որովհետեւ բազմիցս համոզվել եմ՝ քաղաքական կյանքը (թե՛ ներքին, թե՛ արտաքին) ճոճանակի նման է, եւ երբ իրավիճակը հասնում է որեւէ ծայրահեղ կետի, տեղի է ունենում հակառակ շարժումը:

Սակայն այստեղ իմ խնդիրն աշխարհաքաղաքական այս բարդ հարցերը քննարկելը չի: Խնդիրը հայաստանյան ընկալումների յուրահատկությունն է: Երբ մեր մեկնաբանները վստահության բարձր աստիճանով հայտարարում են՝ Արեւմուտքը սա՛ է ուզում, Արեւմուտքը սա՛ է պահանջում: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դա մեկ միավոր չէ, եւ երբ քաղաքագետներն ասում են՝ «հավաքական Արեւմուտք», դա չափազանց պայմանական ընդհանրացում է: Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի շահերն, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի հարցում խիստ տարբեր են:

Ավելին, ԱՄՆ-ի հե՛նց ներսում կան տարբեր ազդեցիկ հոսանքներ, որոնց հետ իշխանությունը ստիպված է հաշվի նստել: Դա Ռուսաստան չի, որտեղ իշխանությունից տարբերվող տեսակետներ արտահայտողները կամ բանտում են, կամ՝ արտասահմանում, կամ՝ առնվազն հայտարարվել են «օտարերկրյա գործակալներ»: Եթե Ռուսաստանում պաշտոնական ընդունված որեւէ քաղաքագետ, օրինակ, Մոդեստ Կոլերովը ինչ-որ տեսակետ է արտահայտում, կարելի է առանց վարանելու ասել, որ դա, գուցե որոշ նրբերանգային տարբերություններով, Կրեմլի դիրքորոշումն է: Նույնը չես կարող ասել, օրինակ, Նաում Չոմսկու կամ նույն Ֆարիդ Զաքարիայի մասին, որոնց տեսակետները խիստ տարբեր են, բայց ԱՄՆ քաղաքական մշակույթում հավասարապես ընդունելի:

Հայաստանում, բնականաբար, կարծիքների ավելի մեծ բազմազանություն կա, քան Ռուսաստանում: Բայց, մյուս կողմից, կարելի է արձանագրել, որ փորձագետների 70-80 տոկոսը իշխանամետ է եւ «արեւմտամետ»: Նրանց միավորող հիմնական թեզն այն է, որ մեր բոլոր խնդիրներում մեղավոր են նախկինները եւ Ռուսաստանը: Եվ հենց այդ փորձագետներն են, որ «շատ լավ գիտեն», թե ինչ է ուզում Արեւմուտքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն Պետրոսյան says:

    Պրն. Աբրահամյան, ասեք՝ ով որտեղ է աշխատում, կասենք՝ ում շահերն է արտահայտում: CNN-ը դեմոկրատների խոսափողն է և եթե Զաքարիան չի ուզում կորցնել իր աշխատանքը՝ նա ուրիշ ելք չունի այսօր այս վարչակարգի խոսափողը լինել, իսկ երեկ՝ (ունենալով հանրապետական վարչակարգ), հակառակ տեսակետը «բռթելուն», նորից՝ հօգուտ դեմոկրատների:
    CNN, Վաշինգտոն Պոստ, Նյու Յորք Թայմս … որտեղ որ կարելի հանդիպել նրան՝ նույն սանրի կտավներն են:
    Եվ վերջում, Նաում Չոմսկին արտահայտում է իր սեփական կարծիքը, ի հակառակ՝ նրա: Մեդիադաշտում երբեք չեք հանդիպի որևէ մեջբերում Զաքարիայից, ի հակառակ՝ Չոմսկու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031