Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 08,2024 13:46

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է Արեւմուտքը պատժամիջոցներ ու գործուն քայլեր կիրառի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար։

«Այս կրակոցների արդյունքում՝ չէ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմում, դրանից առաջ, քառօրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո որեւէ պատժամիջոց եղե՞լ է Ադրբեջանի նկատմամբ, ոչ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ հայտարարությանը, որ Հայաստանին ոչ մահաբեր զինատեսակներ կմատակարարեն, Քոչարյանն ասաց, որ զինատեսակները մահաբեր եւ ոչ մահաբեր դիտարկելը սխալ է, խոսքը պաշտպանական եւ ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է։

«Բնականաբար մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա կլինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության։ Այսինքն՝ մեր կողմից ձեռք բերված կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետեւ դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հիմա էլ է զինվում, դարձյալ անհամաչափություն կա, նա պատասխանեց․ «Ափսոս, որ դուք չունեք հնարավորություն, որ մասնակցեիք 2023 թվականի բյուջեի կատարողականի փակ քննարկմանը, որտեղ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաեւ կնքված պայմանագրերի կատարված լինելը։ Մեր ընդդիմադիր գործընկերները ուշադիր լսեցին, նրանց մեկը-երկուսը նույնիսկ դուրս եկան եւ ձեր ներկայությամբ ասացին, որ իրենք հուզվել են եւ իրենց լացը եկել է։ Ես պատասխանեցի, որ կարելի էր հուզվել նաեւ այն կատարված աշխատանքի ծավալը լսելուց հետո, որով պետք է վստահություն ձեռք բերել, որ երկիրը պարապ նստած չէ։

Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիներն ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը։ Եվ ինչ-որ մեկը շատ լավ համեմատել էր՝ Սեյրան Օհանյանի «բանկա-բուտուլկեքը» եւ 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը։ Մինչեւ լայնածավալ պատերազմը այդպիսի մի դիրք Ղարաբաղում կահավորել էին, եւ այնտեղ մենք ոչ միայն զոհ չունեցանք, վիրավոր էլ չունեցանք։ Ես կարծում եմ, որ եթե մեր Զինված ուժերն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, կհասնենք այն նպատակին, որ ոչ միայն բալանսը վերականգնվի, այլ նաեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ։

Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները եւ նպատակները, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս մի բան գիտակցենք, որ մեր պաշտպանության հիմնական խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930