Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջարան» ոսկե հուշամեդալ Գարիկ Ղազարյանին ու Ռոման Խուդոլիյին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 28,2022 19:56

Օրերս Քաջարան համայնքը նշեց իր 64-րդ տարեդարձը։ Մինչ հանդիսությունների մեկնարկը քաջարանցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջարանցիների հիշատակին։ Քաջարանի ծննդյան օրը տեղի ունեցավ նաեւ սուբվենցիոն ծրագրով կառուցված պուրակ-խաղահրապարակի բացումը։

Ըստ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի՝ Քաջարանն աշխարհում այսօր ճանաչելի անուն է ձեռք բերել՝ որպես հանքարդյունաբերական խոշոր կենտրոն՝ շնորհիվ ժամանակի հանքարդյունաբերական հրամանատարների նվիրական աշխատանքի։

«Երախտիքի ու շնորհակալության խոսք եմ ուզում  հայտնել նրանց եւ նրանց սերունդներին՝ ովքեր Քաջարանի եւ քաջարանցու պատիվը բարձր պահելով՝ Քաջարանի տարեգրության մեջ թողել են ոսկե անուն՝ արժանանալով Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Ցավոք, նրանցից շատերը մեր հետ չեն, բայց մեզ հետ են նրանց թողած ժառանգությունն ու բարի ավանդույթները, մեզ հետ է նրանց կողմից մեզ փոխանցված մեծ փորձը եւ մեզ հետ են նրանց թեւավոր խոսքերն ու պատգամները»,- Քաջարանի տոնին նշեց Մանվել Փարամազյանը։

Վերջինիս խոսքով,  ավագ սերնդի պատգամները, ավանդույթներն ու սկզբունքները կրելով իրենց մեջ՝ համառ աշխատանքով եւ հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ յուրաքանչյուր քաջարանցի պիտի անի առավելագույնը, որ Քաջարան այցելող յուրաքանչյուր ոք տեսնի′, լսի′, զգա′ ու սիրի′ Քաջարանը։

«Եվ այդ ձեռքբերումները մենք միայնակ չենք կարող ունենալ, ուստի ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ մեր համայնքաշեն գործունեությանը իր անմնացորդ նվիրումի, սրտացավ վերաբերմունքի եւ պատրաստակամության համար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը եւ պատվելի կոլեկտիվին՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի՝ այս բարի ավանդույթները շարունակելու եւ համայնքաշեն ծրագրերի իրականացման ճանապարհին ունեցած մեծ ներդրման համար»,-նշեց Մանվել Փարամազյանը։

Տոնական օրը Քաջարանի համայնքի ղեկավարի կողմից համայնքի տարբեր ոլորտների աշխատակիցներ խրախուսվեցին շնորհակալագրերով եւ դրամական միանվագ պարգեւներով։ Քաջարան համայնքի ավագանու որոշմամբ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած երկարամյա անբասիր աշխատանքի, համայնքի մարզական կյանքի զարգացման եւ բացառիկ ձեռքբերումների համար Մերուժան Աթայանին շնորհվեց Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։

Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում` Մերուժան Աթայանին

Համայնքի զարգացման ծրագրերին մեծ աջակցություն եւ պատրաստակամություն ցուցաբերելու, գործընկերային համերաշխ, ներդաշնակ հարաբերություններ հաստատելու եւ մարդասիրական բարձր որակների համար «Քաջարան» ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման  Խուդոլիյը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին՝ «Քաջարան» ոսկե հուշամեդալ

«Քաջարան» ոսկե հուշամեդալի արժանացավ նաեւ գործարար Գարիկ Ղազարյանը՝ համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում ունեցած ավանդի, բազմաթիվ բարեգործությունների եւ հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար։

Գործարար Գարիկ Ղազարյանին՝ «Քաջարան» ոսկե հուշամեդալ

Գարիկ Ղազարյանն ինչպես միշտ, այս անգամ էլ Քաջարանի տոնին դատարկաձեռն չէր եկել։ Համայնքին նա նվիրեց 1 բեռնատար, 2 աղբատար մեքենա եւ 60 հատ աղբաման։ «Ոսկե մեդալների ու շնորհակալության համար չեմ արել։ Բոլորս պարտական ենք մեր քաղաքին աջակցելու։ Ցանկացած քաջարանցի իր ուժերի չափով պիտի տեր կանգնի Քաջարանին, չէ՞ որ մեր քաղաքը քաջերի ու աշխատավորների բնօրրան է»,-Aravot.am-ին ասաց գործարար Գարիկ Ղազարյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031