Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զմյուռնիայի հրկիզման հարյուրամյակը հիշատակվել է Ջորջթաուն Համալսարանում՝ Հայկական ազգային ինստիտուտի մասնակցությամբ

Սեպտեմբեր 26,2022 23:55

Վաշինգտոն – Ս.թ. սեպտեմբերի 17-ին Հայկական ազգային ինստիտուտը (ANI) միացավ Ամերիկյան Հունական ինստիտուտին, Հունաստանի դեսպանությանը, Ջորջթաուն համալսարանի Ժամանակակից հունական ուսումնասիրությունների ծրագրին և Ջորջթաուն համալսարանի Հունական ասոցիացիային՝ Ջորջթաուն համալսարանի միջմշակութային կենտրոնում կազմակերպված 100-ամյակի սիմպոզիումին:

Ջորջթաուն համալսարանի ժամանակակից հունական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Իսմինի Լամի ողջույնի խոսքից և Արևելյան միջերկրածովյան բիզնես մշակույթի դաշինքի նախագահ Լու Կացոսի ներածական խոսքից հետո, պանելային քննարկման մասնակիցներ՝ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Քրիստոֆեր Լամը, Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Ադալյանը և Ամերիկյան Հունական ինստիտուտի նախագահ պարոն Նիք Լարիգաքիսը քննարկեցին Փոքր Ասիայի Զմյուռնիա քաղաքի 1922թ.-ի հրկիզման պատմական կարևորությունը:

Քեմալական ուժերի կողմից Զմյուռնիայի գրավումը վերջ դրեց Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությանը։ Այն նաև նշանավորեց եզրափակիչ դրվագը Փոքր Ասիայի Էգեյան ծովի ափերի բնիկ հունական բնակչության զանգվածային արտաքսման, որը սկսվել էր մեկ տասնամյակ առաջ: Հայերի դեպքում Զմյուռնիան ներկայացնում էր վերջին անվնաս մնացած համայնքը, որը փրկվել էր 1915թ.-ի ցեղասպանության ավերածություններից՝ միայն ավելի սարսափելի աղետի ենթարկվելու համար: Միասին՝ տեղահանությունները և ավերածությունները, հանգեցրին Անատոլիայի քրիստոնյա բնակչության վերացմանը:

Դոկտոր Լամը խոսեց «Զմյուռնիայի և փոքրասիական աղետի մասին սխալ պատկերացումներ»-ի վերաբերյալ, դոկտոր Ադալյանը խոսեց «Ամերիկացի ականատեսները խաղաղության և պատերազմի ժամանակ» թեմայով, իսկ պարոն Լարիգաքիսն անդրադարձավ «Դաժանություններ պատմությունից. Դասեր քաղո՞ւմ ենք» հարցին:

Սիմպոզիումի համար ոգեշնչող էր Իսմինի Լամի և Քրիստոֆեր Լամի հեղինակավոր հատորի թողարկումը, որը հիմնված է տասնամյա հետազոտությունների վրա և վերնագրված է՝ «Ազնվատոհմ ամերիկացի. Ջորջ Հորթոնի ոդիսականը և նրա իրական պատմությունը Զմյուռնիայի աղետի մասին»:

Ճակատագրական 1922թ.-ին Հորթոնը ծառայում էր որպես Զմյուռնիայում ամերիկյան հյուպատոս և ծավալուն զեկույցներ էր գրում ամենօրյա իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենում քաղաքի վերջնական կործանման ժամանակ: Պանելային քննարկման մասնակիցները քննարկեցին Հորթոնի վկայության արժեքի տարբեր կողմերը և թե ինչպես են նրա փաստացի պատմությունները հերքում 1922թ.-ի իրադարձությունների վերաբերյալ կեղծ լեգենդներից շատերը: Քննադատաբար, պանելային քննարկման մասնակիցները բացատրեցին, թե ինչպես նույնիսկ տեղի ունեցածի պիտակավորումը որպես Զմյուռնիայի հրկիզում ճշգրիտ չէր, քանի որ քաղաքի միայն հունական և հայկական թաղամասերն էին մոխիր դարձել՝ դրա բնակիչների զանգվածային սպանությունից հետո՝ տալով բազմաթիվ ապացույցներ պատասխանելու համար այն հարցին, թե ով հարուցեց աղետը:

Քննարկմանը հաջորդեց «Զմյուռնիա, սիրելիս» ֆիլմի ցուցադրությունը, որը մի հուզիչ ֆիլմ է «Խոստումը» ֆիլմի պես, և որում պատկերվում են թուրքական իշխանությունների կողմից հույների և հայերի նկատմամբ ցեղասպան վերաբերմունքի մտահոգիչ զուգահեռները: Ֆիլմը ներկայացրեց ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան, մեծարգո տիկին Ալեքսանդրա Պապադոպուլուն:

Իսմինիի և Քրիստոֆեր Լամերի գրքի հրատարակումը ողջունվեց որպես ևս մեկ արժեքավոր լրացում Փոքր Ասիայի քրիստոնեական մշակույթների ոչնչացման երկարատև գործընթացի վավերագրության մեջ, որի զուգահեռները Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և ներկայության ոչնչացման հետ չվրիպեցին հանդիսատեսի ուշադրությունից:

Զմյուռնիայի ողբերգության հարյուրամյա տարելիցը հիշվում է աշխարհի հունական համայնքներում: ANI-ն նշեց, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ Սալոնիկի Արիստոտելի անվան և Բեյրութի Հայկազյան համալսարանների հետ համատեղ, նույն օրերին կազմակերպեց եռօրյա գիտաժողով՝ «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922թ.)» խորագրով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930